«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիության անունից հիշեցում Հայաստանին

02/02/2022

Երևանում Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել է ուժի չկիրառման սկզբունքի մասին, որը կոպտորեն խախտվել է 2020 թվականին։ «Միջազգային հանրությունը պիտի կողմնորոշվի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք հակամարտությունների լուծման համար։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար դուռ է բացվում նաև մյուսների համար՝ այդ ճանապարհով վարվելու»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Բացի այդ, նա նշել է, որ Բաքվի հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները չեն նպաստում «կառուցողական մթնոլորտի» ձևավորմանը։ Միրզոյանը հիշեցրել է, որ «թեև եռակողմ հայտարարությունով նախատեսված չէր», բայց Երևանը Բաքվին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Հայ նախարարը մոռացել է ասել, որ Երևանն առաջարկել է նաև զորքերը հայելային հետ քաշել, թեեւ դա նույնպես նախատեսված չէ եռակողմ հայտարարությամբ։ «Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին՝ այս զուտ մարդասիրական կազմակերպությանը, ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ», ասել է Միրզոյանը։

Բաքուն մերժում է Երևանի առաջարկները։ Այս անգամ էլ Բաքուն արձագանքել է Միրզոյանի և Շալենբերգի ելույթներին՝ նկատելով միայն ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու մասին հիշատակումները։ Բաքվի ԱԳՆ-ն Միրզոյանին՝ որպես «երրորդ պետության արտաքին գործերի նախարար», խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին»։ Բաքվի ԱԳՆ-ն չի արձագանքել Միրզոյանի այն հայտարարությանը, թե հարցի ուժային լուծումն, ըստ էության, լեգիտիմացվում է։

Ավստրիայի ԱԳ նախարարը նույնպես չի արձագանքել դրան։ «Ինչ էլ որ լինի, մենք պետք է գործընթացը իրականացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – նշել է Երևան ժամանած Ալեքսանդր Շալենբերգը։

Նրա խոսքով, միջազգային հանրությունը չի կարող կողմերի քաղաքական կամքը փոխարինել իր գործիքներով։ «Վերքը դեռ բաց է, և դուք նշեցիք այն խնդիրները, որոնք առկա են՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սահմանների հարցը։ Ավստրիայի, Եվրոպական միության ու նաև ԵԱՀԿ անունից եմ խոսում, որ մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը՝ ճիշտ քայլերի դիմելու, և դրա համար քաջություն է պահանջվում երկու երկրների ղեկավարներից էլ»,- ասել է նա։

Հայաստանի կառավարությունը ԵԱՀԿ-ի միջազգային մանդատի գործարկումը որպես բանակցությունները շարունակելու պայման չի առաջադրում և մերժում է միջազգային հանրության աջակցությունը։ Շալենբերգի ակնարկները հիմնավոր են՝ Երեւանը իրավունքների, ինքնիշխանության, սուբյեկտության դիրքերից պահանջներ չի ներկայացնում՝ նախընտրելով ռուս-թուրքական «եռակողմ» նեխած ձեւաչափը։