«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտաքին պարտքի հիմնախնդիրը Հայաստանում․ Թամարա Հարությունյան

19/05/2022

Generalnews.am-ի հյուրն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի եվրոպական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թամարա Հարությունյանը։

- Ցանկացած երկրի կայունության գրավականը ուժեղ և զարգացած տնտեսությունն է։ Ասվածն առավել արդիական է ՀՀ-ի համար, որը 1991 թ․ ԽՍՀՄ փլուզումից և պլանային տնտեսության լուծարումից հետո հայտնվել է շրջափակման մեջ, ունեցել սոցիալ-տնտեսական բազմաթիվ ճգնաժամեր։ Վերջին 2 տարում դրան ավելացան նաև պատերազմի և քովիդի պատճառած վնասները։ Խոսենք ՀՀ տնտեսության ներկայիս վիճակի մասին՝ անդրադառնալով նաև արտաքին պարտքի հիմնախնդրին։
- Հայաստանում այժմ հետճգնաժամային վերականգնման փուլ է.  պատճառը պարզ է. 2020 թվականին ՀՀ տնտեսությունը կրել է 2 շոկերի՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմով պայմանավորված բացասական ազդեցությունները՝ արձանագրելով 7.4% անկում։ Գտնվելով <<լոքդաունի>> մեջ տնտեսությունը դեռ չի հասցրել լիովին վերականգնվել, իսկ գնաճային ճնշումներն էլ իրենց հերթին են առաջանցիկ տեմպերով աճում:  Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ 2021 թվականը ևս Հայաստանի տնտեսության համար խիստ անկայուն էր։ Իր հերթին տարեսկզբին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը ևս չի կարող չունենալ ՀՀ տնտեսության վրա, սակայն, դրան զուգահեռ, կարելի է խոսել հնարավոր դրական ազդեցության մասին ևս /զբոսաշրջիկների մասով/: Ինչ վերաբերում է արտաքին պետական պարտքին, ապա 2020-ին քովիդ-19-ի պառճառով Հայաստանի, ինչպես և գրեթե բոլոր երկրների արտաքին պարտքը, զգալիորեն աճել է: Պետական պարտքը և դրա կառավարման հիմնահարցերը միշտ արդիական են եղել գրեթե բոլոր ժամանակներում: Հայաստանի պետական պարտքը տնտեսության համար գնալով դառնում է մեծ բեռ. վերջինս 2009 թվականից սկսեց աճել՝ վերջին տասնամյակում կրկնապատկվելով: Ընդ որում հարկ եմ համարում նշել, որ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների 2021 թվականին պետական պարտքի աճը տեղի է ունեցել թե՛ ներքին և թե՛ արտաքին պարտքի հաշվով: Պետական պարտքը կազմել է շուրջ 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար 2021 թ., որի գերակշիռ մասը բաժին է ընկնում արտաքին պարտքին: 

- Ի՞նչ միտումներ կառանձնացնեիք ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում 2018 թ․ հետո մինչև ներկա ժամանակահատվածը։
- 2008 թ. սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով աշխարհի երկրների մեծ մասում պետական ծախսերը ֆինանսավորելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ ներգրավել մեծ ծավալի փոխառու միջոցներ: Այս պայմաններում աճեց երկրների պետական, իսկ զարգացող երկրներում՝ հատկապես արտաքին պետական պարտքի բեռը: Բացառություն չէր նաև ՀՀ-ն: Բացարձակ մեծությամբ, 2008-2015 թթ. պարտքն ավելացել է ավելի քան 4 անգամ: Իսկ 2018 թվականից հետո պետական պարտքի ավելացումը ՀՆԱ հարաբերությամբ, հիմնված է օբյեկտիվ պատճառների վրա, մասնավորապես 2020 թվականին մեծամասամբ քովիդ-19-ի հետևանքներն են, ինչը միաժամանակ ստիպեց պարտք վերցնել և մյուս կողմից <<լոքդաունների>> ժամանակ ուղղակիորեն կանգնեցրեց տնտեսական շարժը, հաջորդ հիմնական պատճառը պատերազմն էր, որի ազդեցությունն, ի տարբերություն համավարակի, լինելու է երկար: 2021 թվականի ավարտին Հայաստանի տնտեսությունը կազմեց 14 միլիարդ 543 միլիոն դոլար, իսկ պետական պարտքը՝ 9 միլիարդ 225 միլիոն դոլար: 2020 թ. ավարտին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել էր 67,4 տոկոս, իսկ 2021թ.՝ 63.4 տոկոս։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում որոշակի բարելավում  տեղի է ունեցել։ Այսօր էլ կան երկրներ, որտեղ պարտքը կազմում է տնտեսության 200, 300 տոկոսը: Անհանգստանալ, թե՞ ոչ պարտքային բեռից և մինչև ո՞ր սահմանը: Կարծում եմ նույնիսկ այս մակարդակի պարագայում չի կարելի ասել, թե հատել ենք կրիտիկական կետը, հարցն այն է, թե ներգրավված միջոցներն որքան արդյունավետ են օգտագործվում. ուղղվում են կապիտալ ծրագրերին, գեներացնում են նոր եկամուտներ, թե սպասարկում են ընթացիկ ծախսերը: Կառավարությունը մշակել է ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի նվազեցման ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2026 թվականը աստիճանաբար իջեցնել այն՝ գլխավորապես տնտեսության աճի շնորհիվ։ Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2026 թվականը կապահովվի 60%-ից ցածր մակարդակ:

- Կուզեի խոսեիք ՀՀ-ում արտաքին պետական պարտքի օրենսդրության վերլուծությունից։
- Անդրադառնալով արտաքին պարտքի օրենսդրաիրվական դաշտի վերլուծությանը նշեմ, որ պարտքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական պարտքի մասին ՀՀ օրենքով, ՀՀ Սահմանադրությամբ, նորմատիվ այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով: Պետական պարտքի մասին օրենքը ընդունվել է 2008 թ. մայիսի 26-ին: Կենտրոնական բանկի պարտքի հետ կապված փոխհարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքով։ Համաձայն օրենքի ԿԲ-ի դերը պարտքի կառավարման գործընթացում էական է այնքանով, որքանով որ վերջինս այն իրականացնում է նպատակ հետապնդելով իրականացնել դրամավարկային քաղաքականությունը և ապահովել երկրում ֆինանսական կայունություն: Թերևս կարելի է նշել մի բաց այս համատեքստում․ դա ԿԲ-ի իրավունքն է նոր պարտքային պարտավորություններ ներգրավելու, ընդ որում առանց որևէ սահմանափակման: 

- Մի փոքր ներկայացրեք ՀՀ արտաքին պարտքի ազդեցությունը զբաղվածության, արտահանման և ընդհանուր տնտեսական աճի վրա։
- Բնականաբար այն ունի բացասական ազդեցություն, քանի որ պետական համակարգից կլանում է միջոցներ, որոնք կարող էին ուղղվել զարգացման ծրագրերին և մյուս կողմից պարտադրում է բարձր հարկեր՝ ճնշելով մասնավոր հատվածին: Պարտքի մեծացումը թույլ չի տալիս նոր ներդրումների հայտնվելուն և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը փորձել է ներգրավված միջոցների օգնությամբ խթանել տնտեսական աճը: Տնտեսական աճի վրա պետական պարտքի ազդեցության գնահատումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։ Պարտքը տնտեսական աճի վրա ազդում է մասնավոր խնայողությունների, պետական ներդրումների, կառավարության երկարաժամկետ պարտքի անվանական և իրական տոկոսադրույքների միջոցով: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը ստիպված է ավելի շատ բյուջետային միջոցներ հատկացնել պարտքի գծով վճարումներին, ինչը կարող է խոչընդոտել այլ ոլորտներին հատկացումների ավելացմանը: Մեծ պետական պարտքը տնտեսական աճի վրա ազդում է նաև լրացուցիչ գնաճի ստեղծման ճանապարհով:  Մեծ պետական պարտքը բարձրացնում է երկրի ռիսկայնությունը՝ նվազեցնելով կառավարության հանդեպ ներդրողների, միջազգային վարկատուների, քաղաքացիների վստահությունը, ինչը կարող է բարձրացնել երկրից կապիտալի դուրս բերման ռիսկը:

- Ի՞նչ հեռանկարներ կան ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման ոլորտում։
- Արտաքին պարտքը տնտեսությունում կարող է առաջացնել թե՛ դրական և թե՛ բացասական հետևանքներ: Եթե տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, դա միայն օգուտ է երկրին: Պարտքի կառավարումը չի կարող անմասն մնալ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունից․ չէ որ պարտքի կառավարումը բյուջետային քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Կարևոր դեր է խաղում ԿԲ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարտքի կայունության վերլուծության իրականացումը: Պարտքի կառավարման ոլորտում անհրաժեշտ է վերանայել կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության պատասխանատվության շրջանակները: Երկրներ կան որտեղ գործում են պարտքի կառավարման առանձին գործակալություններ, օրինակ Պորտուգալիայում, որոշ երկրներում  էլ այն ՖՆ-ի փոխարեն ուղղակիորեն վերապահվեց Կենտրոնական բանկին, ինչպես օրինակ Դանիայում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական եռամյա ծրագիրը» ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում: Պարտքի կառավարման ոլորտում անհրաժեշտ է մեծացնել բյուջետային կարգապահությունը, խուսափել լողացող տոկոսադրույքով վարկերից, դիվերսիֆիկացնել պարտքի աղբյուրները և արտաքին փոխառություններն ուղղել տնտեսության առավել արտադրողական ոլորտներ: 
    

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am