«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պապիկյանը կզբաղվի պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով

09/02/2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով։ Պապիկյանն այդ մասին ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, դիմելով Պապիկյանին, ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։

«Վերջերս ժամկետային զինծառայությունից վերադարձած Մանուկ Հովակիմյանը (ծառայել է Մատաղիսում) մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու վնասվածք է ստացել։ Դիմել են առողջապահական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ թեժ գիծ, պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժի մինչև 1 մլն դրամ։ Պարզվել է նաև, որ առողջապահության նախարարությունը կամ պետությունն այդ մարդուն ու նրա նման բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում»,–ասաց պատգամավորը:

Պապիկյանը խոստացավ, որ այդ անձի հարցով կզբաղվեն: Նա նաև ասաց. «Անձամբ կզբաղվեմ դրանով։ Եթե հարցը համարում եք համակարգային, այսինքն` այն անձինք, որոնք խնդիրներ ունեն ու հաշմանդամության կարգ չունեն, կարող ենք միասին զբաղվել սրանով ու լուծում գտնել։ Չեմ կարծում, որ անլուծելի հարցեր են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու է անհատական որոշումներ ընդունել»:

Նախարարը նաև կոչ արեց նման խնդիրներ ունեցող անձանց ՊՆ դիմել: