«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

11/10/2020

Այսօր սպասված հայտարարությամբ հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա ելույթի  գլխավոր ենթատեքստն էր՝ եթե Ադրբեջանը շարունակի պատերազմը, ապա՝մենք, բնականաբար, կտանք արժանի հակահարվածը և միաժամանակ խնդիր կդնենք, որ ՀՀ –ն  և այլ տերություններ ճանաչեն ԱՀ անկախությունը, որից իրոք պարզ կլնի, թե ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ թշնամիները: Կարևոր էր նրա այն մատնանշումը, որ սա պատերազմ է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև Թուրքիայի և միջազգային ահաբեկչության: Այս շեշտադրումն  իրոք կարևոր է, քանի որ կոնֆլիկտը կարող է այս տարածաշրջանից դուրս գալով՝ ունենալ ավելի խորքային զարգացումներ՝ սպառնալով թե´ Ռուսաստանի, թե´ Իրանի և թե´ նաև միջին Ասիայի ժողովուրդների ներքին խաղաղությանը, որն առհասարակ մտահոգիչ է գերտերությունների համար: Իրոք, դժվար է ենթադրել, թե Ռուսաստանի ջանքերով ձեռք բերած հրադադարի պայմանավորվածությունը կարող է տևական բնույթ կրել, բայց նաև պետք է  ամրագրել այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանի պետական կառավարման համակարգը խիստ խարխլված է հայկական կողմի հաղթական կռիվներով պայմանավորված և նաև՝ հընթացս ալիևյան կեղծավոր միտումների կարծես թե զգացնել է տալիս վարձու կռվողների ապակենտրոն գործունեությունը, որը կարող է ԱՀ կողմից հակագրոհին չդիմանալու պարագայում, որում կասկած չի կարող լինել, վերածվել անարխիզմի Ադրբեջանում, և որը մտահոգիչ չի կարող չլինել նրա մեծ եղբայր Թուրքիայի համար: Ինչպես ասում են,  կապրենք, կտեսնենք: Բայց այժմ կարևորում ենք  հոկտեմբերի 9 – ի գիշերը Պուտինի որոշումով և Լավրովի իրականացրած փխրուն հրադադարին հետևելիք իրադարձություններին հաջորդելիք հնարավոր զարգացումների մատնանշումները՝ դրանց նախընտրելիության նպատկահարմարությամբ պայմանավորված, քանի որ դրանք շատ կարևորում ենք  ԱՀ – ի գալիք կարգավիճակի անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև  հայության և տարծաշրջանի համար: Մինչև այդ կուզենայինք մատնանշել, որ հատկապես հիմա պետք չի շատ ոգևորվել Ռուսաստանի միջնորդ առաքելությամբ, որի համար անհրաժեշտ է ճիշտ հասկանալ դրա դրդապատճառները: Իսկ դա հետևյալն էր՝ անել այնպես, որ այս տարածաշրջանը չդառնա սպառնալիք Ռուսաստանի ներքին կայունությանը, չվնասվեն Բաքվից իր ունեցած  տնտեսական շահերը,  որն ամբողջությամբ ձեռք է տալիս  իսլամիստական ուժերին և պանթուրքիզմի սին երազներով տարված Էրդողանին: Բայց այժմ վերոնշյալ խնդրի մասին: Հրադադարի արդեն երկրորդ օրը կարելի է հետևյալ տարբերակները մատնանշել՝ ԱՀ քաղաքական ապագայի հետ կապված՝ դրանց օգուտները և վտանգները, ըստ հնարավորինս, լուրջ հաշվեկշռի ենթարկելով:

Տարբերակ 1:  ՀՀ –ն ճանաչում է ԱՀ անկախությունը, որին հետևում է կոչն աշխարհին՝ կրկնելու այն: Սա ինքնին բոլորիս ցանկությունն է և հայոց բազմադարյան պատմության մեջ  կարող է լինել այն կարևոր իրադարձություններից մեկը, որոնք երբեք չեն խամրում ժողովրդի գիտակցության մեջ: Ի°նչ կարող է տալ այս ուղղությամբ ընթացքը ԱՀ և ՀՀ անվտանգույան տեսանկյունից: Կարծում ենք, որ ԱՀ անկախությունը չեն ճանաչի Ռուսաստանը, ԱՄՆ- ը, Միացյալ թագավորությունը, Գերմանիան, Իրանը:  Հնարավոր է, որ այն ճանաչի Ֆրանսիան, բայց նա երբեք զորքեր չի ուղարկի այստեղ՝ մեր կողքին կռվելու համար: Այն կճանաչեն տերություններ, որոնք այս տարածաշրջանի հիմնական խաղացողները չեն: Դա խիստ ծանր կտանի Թուրքիան, որը կարել է ասել, որ  Ադրբեջանի կողքին դե ֆակտո լինելու դրսևորումներով լրիվ բացահայտեց իր քաղաքական նկրտումները: Բայց նա  դրանից հետո նորից բացահայտ կարող է շարունակել պատերազմը արդեն ընդդեմ հայոց, որը կվերածվի, ուզես- չուզես, պատերազմի ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, որը նրան ամենևին ձեռնտու չէ: Հայկական գործոնը իր հաղթական խաղաթղթով արդեն առիթ է  տնտեսական թաքուն շահերի համար մեծ խաղացողների  կտրուկ կերպով շրջադարձի  դեպի  քաղաքական շահերը, որը նշանակում է, որ նրանք խիստ մտահոգված են մեր հաղթանակներից, որոնք ջրի երես են հանում կամ կարող են հանել մեծ դավադրություններ: Մեր հաղթական կռիվները սթափեցրեցին բոլորին, մանվանդ ռուսներին, որոնք և բոլորը խաղաղության կոչ են անում: Պատահական չէ, որ հրադադարի կետերում  հստակ նշված է, որ պետք է շարունակել բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով: Ուրեմն, սա մեզ համար շատ ոգևորիչ, բայց քաղաքական ապագայի առումով դեռևս անորոշություն ունեցող տարբերակ է: Այն ողջունելի է, եթե իրոք մենք ունենք հստակ և վերջնական տվյալներ, որ Ադրբեջանի ռազմական ուժի հիմքը հիմնականում ոչնչացված է և Թուրքիան այլևս զգուշանալու է ակտիվ միջամտություններից հօգուտ նրա, իսկ Ռուսատանը պասիվ միջամտութունը դարձնում է ակտիվ և հօգուտ մեզ: Ուրեմն այս տարբերակը բոլորիս սրտից է բխում, բայց եթե այդպես չլինի, ենթադրում է պատերազմի շարունակություն և դժվար է պնդել, թե որքան երկար ժամանակով: Կարծում ենք, որ այս տարբերակի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել որպես ՀԱՊԿ երկիր և իր խաղապահները տեղադրել շփման գծում՝ դարձյալ առաջնորդվելով  իր շահերով և Թուրքիային զսպաշապիկ հագցնելու ցանկությամբ:

Տարբերակ 2:  ՀՀ – ն ճանաչում է ԱՀ – ն իր տարածքը կամ մասը: Այս առումով կա դեռևս 1989թ. դեկտեմբերի 1 – որոշումը: Գործնականում այս տարբերակը, որն ավելի քիչ է քննարկվում իշխանական վերին օղակներում, բերելու է նրան, ինչ որ առաջին տարբերակը: Ասինքն՝  դեռևս չավարտված պատերազմի շարունակություն, որը մի հավելում կարող է առաջ բերել նախորդ տարբերակի հետ կապված մեր կատարած եզրակացություններին, այն է՝ ՀՀ – ն  ագրեսոր է: Մնացյալը նույն  է լինելու: Այս տարբերակը կարող է այն շահարկումների տեղիք տալ, որ Արցախի ժողովուրդը չի առաջնորդվում ազգերի ինքնորոշման իրավունքով, որի հակառակն օրեր առաջ հաստատվեց  Ժնևում: Այս տարբերակը, կարծում ենք, ավելի նախընտրելի չի առաջին տարբերակից և դրան գնալը լրից հիմնավորովում է միայն այն տեսանկյունից, որ մենք լիովին հաղթող կողմ ենք և իրոք որպես պետություն և ռազմական ուժի կրող իր դերի մեջ չի Ադրբեջանը ու մենք կռվով կգծենք մեր վերջնական սահմանները: Բայց սրան գնալը նույնպես լուրջ հաշվեկշռի պետք է ենթարկվի:

Տարբերակ 3: Այս տարբերակը ենթադրում է վերստին վերադարձ բանակցությւոնների դաշտ, որի անհրաժեշտությունը, ի դեպ, նշեցին արտգործնախարարները և որի Մինսկի խմբի շրջանակներում շարունակության անհրաժեշտությունը պնդում են բոլորը: Խաղաղ բանակցություններով հարցի լուծումը բոլորի ցանկությունն է, նաև մեր: Բայց արդյոք այս իրավիճակում դրանք կբերեն հարցի լուծման: Հարկավ՝ ոչ:  Պաշտոնական տեղեկատվությունը մեզ թույլ չի տալիս իր տված փաստական հիմքից զատ  հեռուն գնացող եզրակացություններ անել: Իսկապես դա չի կարելի: Պարզապես, եթե այդ բանակցությունները պետք է շարունակվեն մեր ուժերի կողմից նախկին դիրքերի պահմանման հիմամբ, ապա այդ դեպքում չկար որևէ անհրաժեշտություն մինչև պատերազմը հեռանալ բանակցային գործընթացից, իսկ եթե ազերիների սանձազերծած պատերազմում մեր հաղթական կողմը նորից գնա բանակցությունների առանց ԱՀ մասնակցության կամ եթե ունի աշխարհագրական առումով առաջընթացներ՝ զիջի դրանք, ապա պետք է Ադրբեջանն ընդունի այն տարածքների ԱՀ անքակտելի մաս լինելը, որոնք պահանջում է Արցախը: Այս են պահանջում մեր հարյուրավոր զոհերի հոգիները, այս է պահանջում միջազգային հանրության այն մասը, որը մեզ հետ անվերապահ անկեղծ է:

Պատերազմի սկզբնավորումով մեր մատուցած մի քանի վերլուծականներում մենք այն միտքն ենք արտահայտել, որ պետք է գնանք այնքան, մինչև թշնամին սպիտակ դրոշ պարզի: Կարծես թե այդպես էլ անում ենք: Կարող ենք՝ եկեք չլսենք հրադադրի կոչն ու էլի առաջ գնանք: Բայց մենք պարտավոր ենք հարգել երկու հայկական պետությունների իշխանությունների դիրքորոշումները, անկախ այն հանգամանքից, թե իրենց ամբողջության մեջ դրանք բոլորի համար ընդունելի են, թե ոչ: