«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

06/12/2020

Այսօրվա ներքաղաքական զարգացումները կարելի է ներկայացնել հետևյալ հայեցակետային ձևակերպումներով.

1. Վարչապետը իր կոչում հայտարարեց,որ արցախյան պատերազմի նման ավարտը տրամաբանական շարունակությունն էր այն սխալ քաղաքականության, որն սկզբնավորվել է դեռևս 1995թ. ֊ ից։ Նա չի հեռանալու, քանի որ ժողովրդի կողմից է ընտրվել և միայն կհեռանա չընտրվելու դեպքում։Սա նշանակում է, որ հեշտորեն չի տալու իշխանությունը։

2.ՀՀ նախագահը հանդես եկավ զգուշավոր կոչով, որը նշանակում է չգիտեմ որ ուժին եմ հարում, բայց պատեհ առիթին հաղթող ուժի հետ կլինեմ։Նա անկեղծ չի որը լավ չի։

3.<<Հայաստանի փրկության խորհուրդը>> Կազմակերպեց միտինգ, ուր միավորված կուսակցությունների անցումային կառավարության վարչապետ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը,որը փաստորեն կրկնությունն էր Փաշինյանի քարտեզի, աչքի չէր ընկնում կուռ տրամաբանությամբ, մատնանշում էր մի ուղի,որում չկար ոչ մի նորություն,ազգային անվտանգության լուրջ հայեցակարգ։Կարծես թե նա մոռացել է իր վաղամեռիկ աներոջ՝ Ռաֆայել Իշխանյանի ժամանակին մատնանշած դրույթները՝ կապված մեր արտաքին քաղաքականության հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները չեն ընթերցել Հ.Քաջազնունի,Ռուբեն Դարբինյանի,Ռուբեն Տեր֊Մինասյանի քաղաքական կտակները և գործում են դրանց լրիվ անտեսմամբ։

4.Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրվել է,որովհետև նա լինելով համեմատաբար մաքուր մարդ և հեռու կոռուպցիոն գործարքներից,կարող է ավելի ընդունելի լինել ժողովրդի համար։Նրա կողքին կանգնածներն անհամբեր սպասում են, թե երբ է լինելու ծրագրածը, որ աթոռներ զբաղեցնեն և մեկ տարվա ընթացքում ապահովեն իրենց ձայներն ընտրություններում՝ օգտագործելով նոր լծակները։Վ.Մանուկյանը մեկ տարով է լինելու վարչապետ,փոխելով վեց ամսվա պայմանը։Լավ կլինի, որ կուլիսներում այլ գործարքներ արված չլինեն։

5. Փաշինյանին պայմանաժամ տրվեց մինչև երեքշաբթի։Դժվար է պնդել,թե ինչու ոչ վաղը։Կարելի է ենթադրել, որ դա արվեց երկու պատճառով՝ա.հստակ ցուցում չկա պայմանականորեն ասած <<Տիզբոնից>> կամ <<Հռոմից>>,բ.վստահ չեն, որ գրոհի դեպքում կհաղթեն, կամ էլ չեն ուզում արյունահեղություն։

Ավելացնենք, որ նոր փորձություններ են սպասվում մեր ժողովրդին։Եթե լինեն ընդհարումներ, կակտիվանան ավազակային տարրերը,կքայքայվի բանակը,այլ խոսքով՝ կկազմալուծվի պետությունը,որ առանց այն էլ որոշ առումով այդպիսին է։Պարզապես ցանկանում ենք ավելացնել, որ եթե խոսքը գնում է պետությունը փրկելու մասին և ոչ թե իշխանության հասնելու, կարելի է ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ գնա նոր ընտրությունների, որի դեպքում եթե իրենք վստահ են՝ հաղթանակ կտանեն։Ուրեմն, ինչ որ բան այն չի։Դարձյալ շահարկվում է Արցախը և ժողովուրդը՝ հանուն իշխանության։Այսուհանդերձ չենք կարողանում պատկերացել դեռևս, որ Վ. Մանուկյանը և ընդդիմադիր ուժերը կգան իշխանության։Մանավանդ նրա այն արտահայտությունից հետո, որ միանալու է հակաթուրքական դաշինքին։Կա արդյոք այդպիսի դաշինք, դժվար է ասել։Մի բան ակնհայտ է, որ ռուսներն ու թուրքերը միասին այսպես լուծեցին արցախյան հարցը։Իսկ ՀՅԴ գործիչները թող հիշեն մեծն դաշնակցական Ռուբեն Դարբինյանի հետևյալ խոսքը՝<<Քերիր ռուսի կաշին և դուրս կգա թաթարը>>։

Թող Աստված հեռու պահի մեզ նոր փորձություններից։

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջ