Մեզ կհաջողվի լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները և ամրապնդել մեր պետականությունը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել.
«Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց ևս մեկ տարի՝ լի իրադարձություններով, և տնտեսական, և քաղաքական կյանքում:
Առաջին ու կարևոր հանգամանքը բոլորիս համար, անշուշտ, մեր երկրի խաղաղությունն է, որի պայմաններում մենք աստիճանաբար ոտքի ենք կանգնեցնում մեր տնտեսությունը:
ՈՒ այդ պատճառով, առաջինը, որ ցանկանում եմ մաղթել ձեզ, սիրելի հայրենակիցներ, հարատև խաղաղությունն է մեր երկրում ու բոլորիդ հարկի ներքո:
Նոր տարին թող ձեզնից յուրաքանչյուրի համար դառնա նաև նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ:
Համոզված եմ մեզ կհաջողվի լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները և ամրապնդել մեր պետականությունը: Այդ պարագայում է միայն հնարավոր դիմագրավել արտաքին դժվարություններն ու վտանգները:
Բոլորիդ մաղթում եմ անկոտրում հավատ մեր պետության ապագայի հանդեպ, բարություն միմյանց նկատմամբ, համախմբվածություն մեր ազգային ընդհանուր նպատակների իրագործման ճանապարհին, սեր և ջերմություն ձեր օջախներին և մեր երկրին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: