«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի շրջանի ղեկավարը՝ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութի մասին

07/06/2023

Ադրբեջանական մամուլում օրերս տարածվել էր տեսանյութ, թե արցախցիների համար Հայաստան գալու ճանապարհը բաց է, և ազատ անցնում են Հակարի գետի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով։
Շուշիի շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Շուշիի չորս շրջափակված գյուղերից՝ Եղցահողից, Լիսագորից, Մեծ Շենից ու Հին Շենից, դեռ որևէ մեկը չի անցել այդ անցակետով․ «Արցախցիների տեղափոխումն իրականացվում է կառավարության կողմից հատուկ գրանցումով։ Անցակետով անցնողներն այն մարդիկ են, ովքեր պետք է միավորվեն իրենց ընտանիքներին, երեխաներին տեսակցեն, կարիք ունեն շտապ բժշկական օգնության, մի մասն էլ Եռաբլուր են գնում՝ իրենց երեխաների գերեզմաններին, և այլն։ Այդ արցախցիներին ադրբեջանական անցակետով տեղափոխում են ռուս խաղաղապահները»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է ապրիլի 23-ից շրջափակման մեջ գտնվող նշված գյուղերին սնունդ մատակարարելուն՝ Գրիշա Հովհաննիսյանն ընդգծեց, որ թե սնունդը, թե առաջնային անհրաժեշտության ապրանքները տեղափոխում-մատակարարում են ռուս խաղաղապահները։
Մեծ Շենի բուժքույր Սևան Մանջիկյանը մեզ հետ զրույցում դժգոհել էր հեղուկ գազի պակասից. բացի այն բանից, որ նշված գյուղերում բնական գազ չկա՝ էլեկտրաէներգիան էլ հովհարային անջատումներով է։ Մինչդեռ Շուշիի շրջանի ղեկավարի խոսքով՝ գյուղացիներին գազ անհրաժեշտ չէ. «Մեկ մետրի վրա անտառ է՝ անտառը կողքին, փեչը կողքին, թող փայտը կտրտեն, վառեն, կերակուր սարքեն՝ բա մեր տատերն ու պապերը ո՞նց էին անում։ Ինչի՞, Ստեփանակերտում գազի բալոնները թափա՞ծ են։ Էլեկտրաէներգիան էլ ամբողջ Ղարաբաղում նույնն է՝ չորսը ժամը մեկ երկու ժամով անջատում են»։
Գրիշա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում՝ արցախցիները ինչքա՞ն պետք է շրջափակման մեջ մնան, մասնավորապես Շուշիի այդ չորս գյուղերի բնակիչները, որոնց համար և դեպի Ստեփանակերտ է մուտքը փակ, այսինքն՝ ադրբեջանցիներ են կանգնած Քարին տակի հատվածում, և դեպի Հայաստան գալու ճանապարհն է փակ՝ հաշվի առնելով Հակարիի կամրջի մոտ գտնվող ադրբեջանական անցակետը։
«Ինչքան կարող են իրենց գոյությունը պահպանել։ Բա ի՞նչ են առաջարկում՝ ադրբեջանցիների հիմնն ասելո՞վ գնանք՝ դա չի լինելու։ Այն արցախցիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն անցակետով անցնելու ու անցնում են, դեռ չի նշանակում, որ մենք ձեռքներս բարձրացնելու ենք ու ասենք՝ հա, ինտեգրվենք. երեսուն տարի է՝ պայքարում ենք, մեր ազգերը չեն կարող իրար հետ ապրել»,- պատասխանեց մեր զրուցակիցը։
Մեծ Շենի բնակիչ, բազմազավակ հայր Անդրանիկը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը սովորում է Ստեփանակերտում, և ինչ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ է տեղադրվել՝ այդ ժամանակվանից մինչ օրս չեն կարողացել տեսնել իրենց աղջկան, ավելին՝ տան վարձի վճարով ու սննդով ապահովելու համար էլ գումար չեն կարողանում փոխանցել նրան: «Ընկեր տղերք կան Ստեփանակերտում՝ խնդրում ենք, տալիս են գումար յոլա գնալու համար, բայց քննությունների ավարտից հետո պետք է վերադառնա տուն, տեսնենք՝ ոնց կարող ենք կազմակերպել դա»,- ասաց նա։
Մեծ Շենի բնակչի խոսքով՝ սննդից մրգերի ու բանջարեղենի մեծ պակաս ունեն, ինչպես նաև հիգիենայի պարագաներ չկան։  
Եղցահողի վարչակազմի ղեկավար Արտակ Հակոբյանը ևս նշեց, որ Բերդաձորի ենթաշրջանից ոչ մեկը դեռ չի անցել ադրբեջանական անցակետով։ Իսկ այն հարցին՝ մտադիր չե՞ք ձեր կարիքները հոգալու համար անցնել այդ անցակետով, արձագանքեց. «Սնունդի ու անհրաժեշտ ապրանքների համար դիմում ենք համապատասխան մարմիններին, նրանք էլ քայլեր են ձեռնարկում, այս պահին ոչ մի բանի խնդիր չունեն»։