«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել «մարդասպան ռոբոտների» դեմ քայլեր ձեռնարկել

13/12/2021

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել նոր կանոններ սահմանել, որոնք կկարգավորեն ինքնավար զենքի կիրառումը, հայտնում է AP-ն։

Ութ տարի շարունակ ՄԱԿ-ի բանակցություններում քննարկվել են մահացու ինքնավար զենքի կամ LAWS-ի սահմանափակումները, որը ամբողջովին կառավարվում են մեքենաների կողմից եւ հիմնված են նոր տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են արհեստական բանականությունը եւ դեմքի ճանաչումը: Սակայն ճնշումը մասամբ ավելացել է մարտին ՄԱԿ-ի խմբի զեկույցի պատճառով, որում ասվում է, որ առաջին ինքնավար անօդաչու թռչող սարքի հարձակումը, հնարավոր է, արդեն տեղի է ունեցել Լիբիայում:

«Ես կոչ եմ անում վերանայման կոնֆերանսին համաձայնեցնել ապագայի հավակնոտ պլանը՝ որոշակի տեսակի ինքնավար զենքերի օգտագործման սահմանափակումներ սահմանելու համար»,- ասել է Գուտերեշը հնգօրյա բանակցությունների սկզբում:

Որոշ սովորական սպառազինությունների մասին կոնվենցիան ունի 125 մասնակից, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Իսրայելը:

Որոշ մասնակից պետություններ, ինչպես օրինակ Ավստրիան, կոչ են արել բացարձակապես արգելել LAWS-ը, մինչդեռ մյուսները, ներառյալ՝ Վաշինգտոնը, ավելի զուսպ են եղել եւ մատնանշել են նման զենքի հնարավոր առավելությունները, որոնք կարող էին ավելի ճշգրիտ լինել, քան մարդիկ, երբ խոցում են թիրախները:

Amnesty International-ը եւ քաղաքացիական հասարակության խմբերը կոչ են անում երկրներին միջազգային պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել եւ միջնորդագիր ներկայացնել բանակցողներին:

«Տեխնոլոգիաների զարգացման տեմպերն իսկապես սկսում են գերազանցել դիվանագիտական բանակցությունների արագությունը»,- ասել է Քլեր Կոնբոյը՝ Stop Killer Robots-ից: «Սա մարդկությանը ուժի կիրառման ինքնավարությունից պաշտպանելու քայլեր ձեռնարկելու պատմական հնարավորություն է պետությունների համար»:

Զինաթափման հարցերով Ֆրանսիայի հատուկ բանագնաց Յան Հվանգը, որը նախագահում է բանակցություններում, կոչ է արել «առանցքային եւ կենսական որոշումներ» ընդունել։ Սակայն դիվանագետներն ասում են, որ այս օրգանը, որը պահանջում է կոնսենսուս, դժվար թե համաձայնության գա միջազգային պայմանագրի մեկնարկի շուրջ, եւ ակնկալվում է, որ, մասնավորապես, Ռուսաստանը դեմ կլինի նման քայլին։«Այս փուլում բավարար աջակցություն չկա պայմանագրի ստորագրման համար, բայց մենք կարծում ենք, որ որոշ սկզբունքներ կարելի է համաձայնեցնել ազգային մակարդակով կյանքի կոչելու համար»,- ասել է դիվանագետը։

Եթե համաձայնություն ձեռք չբերվի, երկրները կարող են բանակցությունները տեղափոխել մեկ այլ ֆորում՝ ՄԱԿ-ի ներսում կամ դրանից դուրս: