«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏՐԻՈՒՄՖՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

11/09/2021

Անկախությունը ամենավեհ արժեքն է, որին հասնելը և պահելը ամեն մի ժողովրդի սրբազան պարտքն է: Բայց անկախությունը նախ և առաջ պետք է իշխի մարդկանց հոգիներում, դառնա հոգևոր գերագույն արժեք: Ակնհայտորեն պարզ է, որ հայ ժողովրդի համար անկախության գաղափարը ոտնահարված է արդեն երկու տասնամյակից ավել: Անկախության տոնը չի վերածվում համաժողովրդականի, ազգային ցնծության: Ոչ ոք չի կարող ժխտել, որ արցախյան վերջին պատերազմից հետո դեռևևս լիովին չամրապնդված անկախության գաղափարը մեզ մոտ ավելի արժեզրկվեց: ԱՀ մեծ մասի կորստից հետո թուլացել է մեր անկախությունը, անորոշ, ոչ լիովին հստակ ուղով է ընթանում ՀՀ արտաքին քաղաքականությունը, հակառակորդը կրակում է մեր սահմաններին, այդ կրակոցներին անհրաժեշտ պատասխանը չի տրվում, սահմանազատումը, որն այդպես էլ պարզ չի դառնում, թե ի՞նչ է այն կողմ և ի՞նչ այս կողմ թողնելու, ձգձգվում է, Մինսկի խմբի ձևաչափով արցախյան խնդրի լուծման շուրջ բանակցությունների վերսկսման ցանկությունը, որին չնայած հրապարակային հայտարարություններին, չի կարող դեմ չլինել Ռուսաստանը, ավելի է խորացնում տագնապն ու անհանգստութունը: Վարչապետը հայտարարում է իր պատրաստակամության մասին խաղաղ, դրացիական հարաբերություններ հաստատելու մեր հարևանների հետ, բայց ոչ մի առաջընթաց: Թուրքիան և Ադրբեջանը իրականում նախապայման են դնում: ԱՀ խնդիրը դարձյալ փակուղում է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հանդուրժելու մի լուծում, որն իր տարածքային ամբողջկանության ճանաչմանը կտանի առանց ԱՀ –ի կամ Լեռնային Ղարաբաղի: Ինչպես աշխարհի շատ տերությունների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո այն երբեք չի ճանաչելու Թուրքիան, նույնը չի անի Ադրբեջանը, եթե այդ նույն աշխարհը ճանաչի ԱՀ անկախությունը: Այս ոչ հստակ իրավիճակում մոտենում է Հայաստանի երրրորդ Հանրապետության հռչակման 30 – ամյակը, որը կառավարությունը որոշել է տոնել «գունագեղորեն»: Հարկավ, այդ տոնը պետք է նշվի, բայց մեզ համար առկա ներքաղաքական և արտաքին քաղաքական կացության մեջ արդյո՞ք արտաքին և ներքին վերաբերմունքի առումով չենք խաղում մեր վարկի հետ: Կարծում ենք, որ խաղում ենք: Հարկավ, քաղաքական առումով ապագային նայելը անցյալում, և այն էլ ոչ հեռավոր, կատարվածի լուրջ հաշվեկշռով, չափազանց կարևոր է: Բայց կարծես թե այդ չի կատարվում: Հաղթանակները և պարտությունները ժողովուրդների համար են: Բայց արդյո՞ք մենք արդեն անցած մեկ տարում պատշաճորեն կատարել ենք այն նախաքայլերը, որոնք հիմք են տալիս այնպես նշելու մեր կարևորագույն տոնը, որպեսզի ժողովուրդն իրոք ոգեշնչվի: 
Օրինակ, կարո՞ղ ենք կազմակերպել մի ռազմական շքերթ, ուր ցույց կտանք մեր ժողովրդին, թե ի՞նչ նոր արդիական զենքեր ենք ձեռք բերել պատերազմից հետո՝ դրանով ոգեշնչելով նրան: Արդյո՞ք լուրջ հաշվեկշռի ենթարկել ենք, թե ի՞նչ երկսայրի սրով ենք խոցում բոլոր այն սուրբ նահատակների ծնողների սրտերը և նաև նրանց, որոնք իրենց կորած որդիների գտնելու գերեվարված հարազատների վերդարձների սպասումների մեջ ենք: Անկախության 30 – ամյակը պետք է նշել, բայց նրբորեն. Մենք ճոխությամբ դա անելով չենք խոցելու մեր թշնամիների սրտերը, այլ մեր որդեկորույս մայրերի: Հավերժ սգալու կոչ չենք անում, բայց ցնծալու հիմքերը չունենք: Լուռ զորահանդես, խոնարհում զոհվածների հիշատակի առաջ և մեր քաղաքական ապագայի հիմնավորված մատնանշում պետական այրերի կողմից հնչեցվող խոսքերի մեջ: Այն տպավորության հիմնավոր ներշնչում, որ չնայած կրած պատերազմին, մենք դեռ տոնելու ենք մեծ հաղթանակներ՝ զոհերի հիշատակի կրկին ու կրկին խնկարկումով: Հակառակ դեպքում նման ձևով տոնակատարության նշումը թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական առումներով բերելու է զրո արդյունք: Արդյո՞ք չենք հոգնել անընդհատ արտաբերելով «դարեր շարունակ ապրել ենք, էլի կապրենք» հնամաշ խոսքերը: Լուռ, զուսպ և հավասարակշռված գնանք առաջ: Կարծում ենք, որ սա է մեզ այսօր անհրաժեշտ և ժողովրդի քվեն ստացած իշխանություններին և սա ավելի կնպաստի մեր իշխանությունների միջազգային և ներքին արժևորմանը: Տրիումֆների ժամանակը դեռ չի եկել:

 

Հեղինակ՝  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի հիմնադիր Աշոտ Ներսիսյան