«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

03/10/2020

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու թե սփյուռքահայի համար:

Արցախի սահմանի ողջ երկարությամբ ու Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում ահեղ մարտեր են:

Ազգը բանակ դարձած՝ ոտքի է կանգնել պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը:
Հայրենական պատերազմ է, ու ռազմաճակատ են մեկնում բոլորը․․․

Երբ վտանգ է սպառնում երրի սահմաններին՝ ոստիկանը զինվոր է:
Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես է նաև այսօր։

Հայրենիքը բոլո՜ր որդիներին կանչում է պաշտպանության:

Արցախում, Հայաստանում, ռազմաճակատի բոլոր տեղամասերում միասին ու միասնական են հաղթանակած մեր բանակի քաջարի զինվորները, լեգենդար սպաներն ու հրամանատարները, ոստիկանները, բժիշկները, կամավորականները:

Բոլորը՝ մեկ ու ազգ-բանակ դարձած:

Եվ հաղթելու ենք, որովհետև «իրականում թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք․․․», նույնն է, որ ջախջախվեց 90-ականներին, ջախջախվեց 2016-ին և այս անգամ էլ ջախջախվելու է:

Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք՝ մի՛շտ»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ հրապարակելով տեսանյութ։