«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի պատճառով կիսատ է թողել եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը և վերադարձել Հայաստան

11/12/2021

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի դիրքորոշման պատճառով կիսատ է թողել Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան։

Օրերս ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Գրիգորյանը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիեւի հայտարարությունն անակնկալ է եղել ՀՀ իշխանությունների համար։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացել էր տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը՝ 3 երկրների փոխվարչապետների մասնակցությամբ, որը, ՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով, Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել եւ վերադարձել Հայաստան, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից։

Հիշեցնենք, որ Սոչիում հանդիպումից հետո մեր իշխանությունները հայտարարել էին, որ միջանցքի մասին որեւէ հարց չի քննարկվել, քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարց։ Մհեր Գրիգորյանն էլ կայքի հետ զրույցում վերահաստատել էր, որ միջանցք չի լինելու։ Մինչդեռ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դարձյալ խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ Հայաստանի իշխանություններից հեռակա պահանջելով դրա իրագործման հստակ ամսաթիվ նշել։

Երեկ Մհեր Գրիգորյանն այս թեմայով Հրապարակին ասաց հետեւյալը․ «Իսկապես, պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Աշխատանքային խմբի բոլոր հանդիպումները մինչ այժմ անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով, եւ մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք ամրագրված են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում, ինչպես նաեւ համաձայնեցված են փոխվարչապետների աշխատանքային խմբի հարթակում մինչ օրս տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների ընթացքում։ Իմ գնահատականներով՝ մենք փոխըմբռնում ունեինք երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ ապաշրջափակման վերաբերյալ։ Կար նաեւ ըմբռնում, որ այս հարթակում քննարկվող ճանապարհների եւ ուղիների նկատմամբ ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, եւ այդ ճանապարհներն ու ուղիներն իրենց հերթին կլինեն այն երկրի իրավազորության ներքո, որով դրանք անցնում են»։

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ մնացած մասով կան առանձին հարցեր, որոնց վերաբերյալ լրացուցիչ քննարկումների կարիք կա։ «Հուսով եմ, որ մենք կշարունակենք աշխատել այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են»,- մեզ փոխանցեց Մհեր Գրիգորյանը։ Այլ մեկնաբանություն նա չտվեց, թե ինչ են պատրաստվում անել, եւ արդյոք Ադրբեջանը շանտաժի միջոցո՞վ է փորձում հասնել իր ասած այդ «Զանգեզուրի միջանցքին»՝ սադրանքներ հրահրելով Հայաստանի սահմանին։