«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առանց «Կոպիրկինի» կյանքը. Հայաստանը գարշապարի դերում

14/09/2021

Ռուսաստանում դրամատիկ իրադարձությունների նախերգանքը այժմ հնչում է սիմֆոնիկ կազմի ողջ ուժով: Հայ մարդու սովորական արձագանքն է. մեզ ինչ, մենք մեր դարդերով, նրանք՝ իրենցով: Ավաղ, չունենք մեր դարդերը: Մեր դարդերը նույնիսկ մերը չեն՝ ռուսինն են: Ոչ օտարինը, ուր է թե, օտարները շատ են՝ բացառապես մեկին են պատկանում
«Պուտինը միանգամայն առողջ է, հուսալի պատվաստված, բայց ինքանմեկուսանում է», սեպտեմբեր 14-ին ասել է արքունյաց թարգման [Պեսկովը 1]: Մի քանի ժամ դրանից առաջ ըստ նույն [Պեսկովի, 2] «Պուտինը պատկերավոր էր արտահայտվել մեկուսացման մասին»:
Կոպիրկինյան Հայաստանի փորձի ձգձգումը թանկ կարող է նստել օտարի կազմակերպած ընտրություններին մասնակցած հայության համար: Անկախ նրանից, թե գնացել ենք ընտրատեղամաս թե չէ, ում կողմ ենք քվեարկել, վերցրել ենք կաշառք, թե ոչ՝ մեզ դրանցում «մասնակցեցրին», թող ներվի կոպիտ բառի օգտագործումը: Իսկ հիմա, կարծես, թողնում են «հայի բախտի» խաղաղ քմահաճույքին:
Ուրիշի կամք կատարելուն սովոր հայտնի խմբակները, ըստ ամենայնի, առանց «պապա» մնալու ռիսկի տակ են: Միջազգային կյանքի լուրջ խնդիրների պատրաստ չեն: Արեւմուտքը նրանց չի որդեգրելու, իսկ «պապան» կամ այլեւս հեռու է իրողությանից, կամ իրականում «ինքնամեկուսացվել» է, այլ ոչ ինքնամեկուսացել: Ի դեպ, «ինքնամեկուսացվել» քաղաքական եզրույթի գյուտը պատկանում է անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Ավաղ, ռուսական արքունական անցուդարձը միակն է, որ ունակ է ազդել հայկական ձորերի անդորրի էլ, հայկական լեռների տագնապի վրա էլ: Քաղաքական մի խումբ դեռ երեկ ձորի մոսկովյան քեֆ էր անում, իսկ մյուսը շունչը պահած իր համար բախտորոշ կանչի էր սպասում՝ դարձյալ Մոսկվայից:
Եւ հանկարծ, պատահեց այն, ինչ պիտի պատահեր: Իմացանք մարդ փրկող, հետո չփրկող, զորավարժություններին զոհված, այնուհետեւ ուրիշ տեղ սայթաքած, բայց կարծես չսայթաքած, այլ «սայթաքված» գեներալ Զինիչեւի մասին: Այդ ընթացքում նորից կայացավ «տայգան երկուսի համար» ուղեւորությունը ու քրիստոնեության պատվար նախագահ Պուտինի հետ նորից դափ խփեցին Սերգե-Կյուժուգեթ-օոլի վստահելի քրմերը: Միաժամանակ, Ռուսաստանի ապագա մայրաքաղաք Ղըզըլում պաշտոնապես բացված «Սերգե-օոլ» ատրուշանի շուրջ նորից խռնվեց հոծ բազմություն, որ դիմեց իր հին աստվածներին՝ նախնյաց երկիրը անմաքուրներից սրբելու կոչով:

Ղըզըլը նախարար Շոյգույի հարազատ Տիվայի եւ ռուսաստանյան շամանիզմի կենտրոնն է: Հակառուսականության չեմպիոն համարվող քաղաքի փողոցները, դատելով տագնապալի տեղեկություններից, զարդարվել են տեղի «ուռըսներից» բնակարաններ չգնելու կոչերով՝ օրը մոտ է, ձրի կխլենք մեզ ծանոթ վստահությամբ: Օոլի վստահելի շամանները բացի «ռուսական» նոր մայրաքաղաք հիմնելու նրա կոչերից, մի բան լսել են երեւի նաեւ Սումգայիթի մասին:
Ոսկե հորդայից հետո այս աննախադեպ հղփանքը ամենեւին հանկարծ չեղավ: Թուրքի հետ ձեռք-ձեռքի մի հին ազգ նվաստացնելով ու 2020-ի մեծ կորուստներով 1921-ի նողկալի ոճիրը ծածկելու փորձը անհետեւանք չի անցնելու: Մեր ազգի հայտնի հատվածի, լինի իշխող թե «ընդդիմադիր», ջանքերը իզուր են: Ազգը՝ մենք ենք, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը: Դեսպան Կոպիրկինը իրավիճակի հետ իրականում առնչություն չունի, մեղքը մերն է ու միայն մերը:
Հայաստանը «գարշապարի» իր դերը կատարում է հազարավոր ընկածների սխրանքի շնորհիվ: Մնում է կամք ցուցաբերել եւ սկզբի համար, առնվազն, իրերը իրենց անվամբ կոչել: Մեզ վայել դեր կգտնենք, առանց կոչումով ուչաստկովիների, ճակատագրով թերթոնապետերի, բիրդան դիվանագետների, ուսյալ դալալների: Ինչպես եւ ցանկացած ուրիշ հանրության մեջ, մեզանում էլ նմանները փոքրամասնություն են:
Ezerk.am