«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն է. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը

23/11/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։

«Ուշադրություն, մեջբերում եմ․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեջբերումը Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության առաջին նախագծից էր, որն Արդարադատության նախարարությունն իմ հանձնարարությամբ հրապարակել է այսօր՝ հատուկ ստեղծված կայքում։ Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։

Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձներ պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում։

Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է Սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ՝ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։

Հենց հիմա մի փորձարարություն անենք․ արդյո՞ք դու, այո դու՝ հարգելի քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյո՞ք այսօր Հայաստանում գործող Սահմանադրությունը դու քոնն ես համարում։ Ակնհայտորեն՝ ոչ։

Ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից, երբ քաղաքացին Սահմանադրությունն իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգն իրենը չի համարում և , ի վերջո, պետությունն իրենը չի համարում։

Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և այսպիսով՝ պետությունը լիարժեք և ամբողջական քոնը կլինի։ Իմ կամ որևէ մեկի Սահմանադրությունը չի սա, սա քո Սահմանադրությունն է, որն ասում է․ «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։

Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»։

Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։

Նորից մեջբերեմ․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։

Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում 4-րդ Հանրապետություն։

Ինչո՞վ է տարբերվում 4-րդ Հանրապետությունը 3-րդ Հանրապետությունից։ Հակամարտության բացակայությամբ, սիրելի հայրենակիցներ։

Հայաստանի 3–րդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է, ոչ միայն 1990–ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։

Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալմանվելներ, դոդիգագոներ, կալուգացիսամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել։

Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը ո՞ր դատարանը ի՞նչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։

Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Եվ սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից։

Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։ Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը»։

https://www.youtube.com/watch?v=455zSbHfMb8