«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր դիվանագիտությունը մտել է փակուղի. Աշոտ Ներսիսյան

02/12/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Ցավով պետք է արձանագրենք, որ հայ դիվանագիտությունը, որը իրոք անկեղծ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու իր ձգտումների մեջ, կարծես թե տանուլ է տալիս: Ադրբեջանը, որի առաջնորդը որպես քաղաքական ֆիգուրա այնքան էլ ուժեղ չէ, այնուամենայնիվ, մեր կողմի հանդեպ հաղթանակով է դուրս գալիս: Նա, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ հակամարտությամբ պայմանավորված, ինչպես նաև նրա վառելանյութը Եվրոպայում վաճառելով, սանկցիաներն ինչ որ չափով մեղմելուն ի նպաստ դերից, նրբորեն հասավ նրան, ՀՀ իշխանությունները ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս, վերջինիս տարածքային ամբողջականությունը Ալմա-աթիի հռչակագրի հիմքով: Բայց Ադրբեջանը հայտարարելով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ցայսօր չի մատնանշում, թե քանի քառակուսի կմ տարածքի վրա: Իր ուզածին հասնելով, Ալիևը այնուհետև չգնաց ոչ Գրանադա, ոչ Բրյուսել, ոչ Վաշինգտոն և ընտրել է խուսանավելու քաղաքականություն` պայմանագիրը ստորագրելու հարցում, նորմալ պահելով իր հարաբերությունները ռուսների հետ, ի տարբերություն մեր կողմի, որը հարաբերությունը վերջիններիս հետ դարձրել է եթե ոչ վերջնականապես թշնամական, ապա ոչ բարիդրացիական: Ավելին հակառուսական քարոզչությունն ընդհանրության է հասել այն ներշնչումով, որ ռուսներն են զոհաբերել Արցախը: Իրականում Արցախը զոհաբերվեց հանուն Ադրբեջանի հետ խաղաղության, որը թերևս կմեղմացներ կորստի կսկիծը, բայց պայմանագիրը դեռ հեռու է: Արևմուտքը հասավ նրան, որ փաստացի հեռանանք նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որը թերևս ցանկանում էր հայկական կողմը, չեղարկելու համար 9-րդ կետը, ցանկանում էր նաև Ադրբեջանը, որպեսզի Արցախի մասին հայտարարությունը կորզելով, ռուսներին հասկացնի, թե այլևս ինչի համար են խաղապահները, բայց հիմա դառնորեն հիասթափված է Ադրբեջանից, քանի որ վերջինս Արևմուտքում հասնելով իր ուզածին, խուսափում է նրա պայմանագիր կնքելու բուռն ցանկությունից, որով պետք է պայմանավորել վերջին շրջանի կոշտ հայտարարությունները Ադրբեջանի հասցեին: Ադրբեջանն էլ նրա քննադատությունները չի ընդունում, ավելին` հայկական կողմին է մեղադրում պայմանագիրը ձգձգելու մեջ, որը այլևս երկիր չթողեց, որին չբողոքեր Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումից և ամենայն ջերմեռանդությամբ ցանկանում է Արևմուտքի պարտադրմամբ հասնել պայմանագրի կնքմանը: Բայց Ադրբեջանը չի վախենում նրանից, քանի որ երբեք չի կռվի իր դեմ`հանուն Հայաստանի, քանի որ իր թիկունքին է մեծ խաղացող Էրդողանը, չի վախենում, որովհետև ռուսները դառնացած են մեզանից, իսկ մենք մնալով մենակ, սոսկ մխիթարվում ենք Ադրբեջանի դեմ հայտարարություններով: Ինչքան կտևի այս ամենը: Մեր խորին համոզմամբ դեռ երկար, քանի որ չի երևում նոր սկսված արաբա-իսրայելական հակամարտության վերջը, դեռ էլի կձգվի ռուս-ուկրաինական թնջուկի լուծումը, ամեն րոպե կարող է կոնֆլիկտին միջամտել Իրանը, որը չի հանդուրժի Ադրբեջանի նոր էսկալացիան: Այս ամենով պայմանավորված նա ժամանակ է շահում: Իսկ ռուսները նրբորեն խփում են իրենցից սնվող մեր զարկերակներին: Մեկ անգամ ևս ցավով, խորը ցավով ենք մատնանշում, որ չնայած մեր շռնդալից «հաղթարշավներին» Արևմուտքում և ԱՄՆ -ում, մեր դիվանագիտությունը մտել է փակուղի: