«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել»․ Լավրով (տեսանյութ)

12/10/2020

Ռուսաստանը հուսով է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարվեն երկու կողմերն էլ: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է tass.ru-ն։

«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ (Մոսկվայում) տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել համաձայնության գալ, այն հրապարակվել է, տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարվեն երկու կողմերի կողմից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», - ասել է Լավրովը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել, հայտարարել է Լավրովը:

ՌԴ նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: