«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՓՈՐՁ. ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

20/09/2023

Այսօր կեսօրին, Ադրբեջանական զինված ուժերը լայնամաշտաբ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի դեմ՝ դա անվանելով տեղական «բնույթ կրող հակաահաբեկչական գործողություն»։ Այն որ Քառասունչորս օրյա պատերազմը տարածաշրջանում վերջինը չէր լինելու պարզ էր բոլորի համար։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացներ էին սկսվել, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու էին նոր պատերազմների։

Անշուշտ թշնամին բարձր ինտենսիվությամբ շաբաթներով պատրաստվում էր ռազմական գործողություններին, բայց այս դեպքում հատուկ ուշադրություն է հրավիրում տեղեկատվական դաշտը։ Շաբաթներ շարունակ մեդիա դաշտը հեղեղված էր կեղծ տեղեկություններով, թե իբր հայկական կողմը հարձակումներ ու ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև սեփական բնակչության շրջանում ինտենսիվացել էր ռասսայական ատելության քարոզը հայերի հանդեպ։ Ռազմական գործողությունների սկսվելուն զուգահեռ ադրբեջանական ՊՆ-ն օպերատիվորեն հայտարարություններ տարածեց՝ իրականացվող ռազմական գործողությունների բնույթի, ինչպես նաև ռուսական ու թուրքական կողմերի հետ համաձայնեցնելու վերաբերյալ։ Առավել օպերատիվ սկսեցին գործել ադրբեջանական մեդիահարթակները՝ որոնք արագորեն տրածում էին հայկական դիրքերի ուղղությամբ իրականացվող հարվածների տեսանյութերը։ Տվյալ տեսանյութերի արագ տարածումով Ադրբեջանի ղեկավարությունը նպատակ ունի սեփական բնակչության շրջանում ոգևորությունը մեծացնել և արագ կերպով բարոյալքել արցախահայերին։

Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է ադրբեջանական ՊՆ հայտարարությունը այն մասին որ արցախահայերի տեղահանման համար տարբեր ուղղություններով հումանիտար միջանցքներ են ստեղծվել։ Սա արդեն վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինված ագրեսիան բացի լայնամաշտաբ ռմբակոծություններից նպատակ ունի նաև ցամաքային ուժերի լայնամաշտաբ ռազմական գործողություններ իրականացնել՝ խթանելով արցախահայերի տեղահանությունը Արցախից։

Որպես ռազմական գործողությունների ֆորմատ ընտրվել է «Հակաահաբեկչական գործողություն»-ը և դա նույնպես պատահական չէ։ Ադրբեջանը ամեն դեպքում փորձում է խուսափել ցեղասպանություն իրականացնողի պիտակից։ Դրա համար երկար ժամանակ նպատակաուղղված կերպով իրականացվել է տեղեկատվական կեղծ լուրերի տարածում թե իբր հայերի շրջանում անօրինական զինված խմբավորումներ կան։ Բացի դրանից պարբերաբար տարածվում է Արցախում հայկական ՊՆ ստորաբաժանումների առկայության կեղծ փաստը։

Բացի վերը նշվածից Ադրբեջանը նպատակ ունի հետագա հարձակումներն ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ՝ իր համար կենսական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ավարտին կամ դրան զուգահեռ՝ հնարավորությունների բարենպաստ դասավորության դեպքում Ադրբեջանը իր կողմից հորինված «հակաահաբեկչական գործողությունը» կվերափոխի «Հատուկ ռազմական գործողության», որի արդյունքում կփորձի գրավել Սյունիքի շրջանը և ցամաքային կապ ստեղծել Նախիջևանի հետ։ Այս ագրեսիայի սկսվելու դեպքում ադրբեջանական մեդիադաշտը կներկայացնի դա որպես «սեփական բնակչությանը հայկական զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանելու համար հայ-ադրբեջանական սահամանագծի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտությամբ»։ Քառասունչորս օրյա պատերազմից շատ չանցած ադրբեջանցիները արդեն սկսել էին այս ագրեսիայի նախապատրաստությունները՝ հրապարակելով իրենց կողմից հորինված «Զանգեզուրի ինքնավարության» քարտեզ, որը ներառում էր Հայաստանի արևելյան մասը՝ Տվուշից մինչև Մեղրի։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում հետևողականորեն պատրաստվել է նոր պատերազմների։ Թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և թե՛ տեղեկատվական ոլորտներում ադրբեջանցիները շարունակաբար ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացնում։ Այսօրվա ռազմական ագրեսիայի ֆոնին մեդիա դաշտն ամբողջությամբ ողողված է ադրբեջանական պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկություններով։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ իր ռազմական հանցագործություններին դրական երանգ հաղորդի։

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վաղուց պարզ է, որ մենք կատարված սխալների վերագնահատում և նախապատրաստական աշխատանքներ պատշաճ կերպով չենք իրականացրել։ Այս երեք տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ վատնվեցին ինչի վրա ասես, միայն ոչ անվտանգության համակարգի վրա։ Հսկայական ռեսուրս ու ժամանակ մսխվեց ներքաղաքական պայքարի վրա՝ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ու ընդդիմության կողմից ամեն գնով իշխանությունը զավթելու պատճառով (Սա ի դեպ շարունակվում է մինչև հիմա)։ Հսկայական ռեսուրսներ ծաղսվեցին անիմաստ միջոցառումների վրա, երբ պետք էր ամեն կերպ մոբիլիզացնել հնարավոր բոլոր ուժերը՝ թշնամուն դիմակայելու համար։

Որքան կտևեն ռազմական գործողությունները և ինչ աստիճանի կհասնեն կախված է մի շարք հանգամանքներից, որոնք դեռ պետք է պարզվեն։ Բայց պարզ է, որ այս ամենը Արցախով չի սահմանափակվելու։ Թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի գլխավոր նպատակը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Արցախն այս հարցում ընդամենը էսկալացիայի հարմար առիթ է, կամ ուղղակի առաջին քայլն է։

 

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող