«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիներին թվում է Ռուսաստանը թուլացել է և կարող են ոտնձգությունների գնալ նաև Հարավային Կովկասում, սա անում են Թուրքիայի հետ համաձայնեցված. Տաթևիկ Հայրապետյան

11/03/2022

Ադրբեջանցիներն ահաբեկչական քաղաքականություն են վարում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Հակառակորդի թիվ մեկ նպատակը ողջ Արցախը հայաթափելն է, իսկ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեն, ինչը չեն էլ թաքցնում: «Փաստինֆո» -ի հետ զրույցում նման դիտարկում արեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Հակառակորդը ակտիվ գործողությունների է անցել Երասխում, որի հետևանքով մեկ զոհ և վիրավոր ունեցանք, սրան զուգահեռ՝ Խրամորթում է Ադրբեջանը շարունակում ահաբեկչական քաղաքականություն վարել, Արցախում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, ակնհայտ է, որ հակառակորդը ցանկանում է հայաթափել Արցախը»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ թշնամին չի սահմանափակվելու միայն Արցախով, հեռահար նպատակներ ունի։

«Ալիև -Չավուշօղլի վերջին հանդիպման ժամանակ թուրքական կողմը կրկին խոսեց միջանցքի մասին՝ նշելով, որ պետք է անցնեն դրա իրագործմանը, այսինքն՝ խնդիրը չի սահմանափակվում միայն Արցախի հարցով ավելի հեռահար նպատակներ ունեն, իսկ իրենց ասած խաղաղության պայմանագիրը, դա Հայաստանի համար կապիտուլյացիայի առաջարկ է»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Փորձագետը նկատում է, որ հակառակորդը հայտնի գործելաոճ է որդեգրել՝ նախապես իր սադրանքների համար ֆոն է ստեղծում՝ կեղծ տեղեկատվություն տարածելով, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը, այնուհետև սադրանքի գնում.

«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեկ ամսվա կտրվածքով Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե նույն ժամին՝ լուսաբացին, կեղծ տեղեկատվություն է տարածում, թե, իբր, հայկական կողմը սադրանքի է գնացել սահմանին, դրանից հետո մեր ՊՆ-ն ժխտում է դա, սա ենթադրությունների հիմք է տալիս, որ հակառակորդի գործողությունների է նախապատրաստվում: Ավելին ասեմ՝ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հրահանգել է խիստ կերպով արձագանքել իբրև «Հայաստանից եկող սադրանքներին», բայց պարզ է, որ Հայաստանը որևէ շահագրգռվածություն չունի սադրանքների գնալու»,-ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանագետի արձանագրմամբ՝ ռուս-ուկրաիանական պատերազմն էլ իր հերթին նպաստել է Ադրբեջանի ակտիվացանը, ավելին՝ ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորչությամբ, ոչ միայն հակահայկական, վերջերս նաև ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում.

«Իրենց թվում է, որ Ռուսաստանը թուլացել է և իրենք կարող են ոտնձգությունների գնալ նաև Հարավային Կովկասում, սա անում են Թուրքիայի հետ համաձայնեցված:

Ադրբեջանն այդպիսի լուրջ ռիսկի չէր գնա և սպառնար ռուս խաղաղապահներին, եթե չունենար «կանաչ լույս» Թուրքիայի կողմից, Ալիևն այդ առումով միշտ զգուշավոր է:

Ադրբեջանն ընդգծված հակահայկական և հակառուսական քաղաքականություն է վարում, բազմաթիվ փաստեր կան սրա վերաբերյալ: Ադրբեջանը և Թուրքիան վերջերս կնքած Շուշիի հռչակագրով նույնպես փորձելու են սպառնալիք ստեղծել տարածաշրջանում ռուսական ներկայացության համար, այդ հռչակագիրն ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի դեմ »,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը: