«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտին-Մերկել-Մակրոն բանակցություններ տեսակապով

31/03/2021

Տեսակապի միջոցով Պուտին-Մերկել-Մակրոն բանակցությունների ժամանակ կողմերը, բացի կորոնավիրուսի խնդրից, քննարկել են նաև իրավիճակներն Ուկրաինայում, Բելառուսում, Սիրիայում, Լիբիայում և Իրանում՝ ներկայացնում է РИА Новости-ն:

Պուտինը, Մերկելը և Մակրոնը, քննարկելով Ուկրաինայում տիրող իրադրությունը, հաստատել են, որ կարգավորումը պետք է հիմնված լինի 2015 թվականին ընդունված Մինսկի միջոցառումների փաթեթի վրա, և դա այլընտրանք չունի:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Կիևը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Դոնեցկի և Լուգանսկի հետ, ինչպես նաև Դոնբասին տրվի հատուկ կարգավիճակ:

Բելառուսի հարցում Ռուսաստանի նախագահն անթույլատրելի է համարել արտաքին միջամտությունն ինքնիշխան պետության ներքին գործերին:

Բանակցող պետություններն ընդունել են, որ Լիբիայում հակամարտող կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, Սիրիայում էլ իրադրությունը կարգավորվում է:

Խոսելով իրանական միջուկային խնդրի մասին՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել միջուկային գործարքի կետերի պահպանմանը և պայմանավորվել են համակարգել հետագա գործողություններն այս հարցի վերաբերյալ:

Մերկելը և Մակրոնը զրույցի ընթացքում բարձրացրել են նաև Ալեքսեյ Նավալնու հարցը, և ինչպես Կրեմլն է վստահեցնում, «գործի օբյեկտիվ հանգամանքների վերաբերյալ նրանց տրվել են համապատասխան բացատրություններ»:

Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած բանակցությունները եղել են գործնական և անկեղծ՝ եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան