«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի եվրոինտեգրման գործընթացի ակունքներն ու հեռանկարները. Վահան Վարդանյան

28/11/2023

Վերջին շրջանում էլ ավելի է ընդգծվում Հայաստանի կողմից քաղաքականապես ու տնտեսապես Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու և առհասարակ դեպի Արևմուտք կողմնորոշվելու հակումը։ Սա իհարկե շատ կարևոր խնդիր է Հայաստանի համար, քանի որ անկայուն ժամանակներում հուսալի դաշնակիցների ձեռքբերումը նաև որոշակի անվտանգային երաշխիքներ է ենթադրում։ Այնուամենայնիվ Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը, իր գոյության ողջ ընթացքում կապված է եղել աշխարհաքաղաքական խնդիրների հետ։ Մի բան, որ Հայաստանում գրեթե միշտ պատշաճ ուշադրության չի արժանանում այն առումով, թե որքան մեծ ազդեցություն են ունենում միջազգային գործընթացները ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության, այլև ներքին կյանքի վրա։

Եթե փորձենք վերլուծել Հայաստանի եվրոինտեգրման ամբողջ գործընթացը ապա կհամոզվենք, որ ԽՍՀՄ փյուզումից սկսած Հայաստանը միշտ դասվել է դեպի Եվրոպա ձգտող հետխորհրդային երկրների շարքին։ Հայաստանի քաղաքական դաշտում միշտ ակտիվ են եղել արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը, Հայաստանի քաղաքական դաշտում միշտ եղել է եվրոպայի ու ԱՄՆ-ի դաշնակիցը դառնալու օրակարգը։

Թերևս Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու գործնական քայլեր կատարվել են դեռ 15 տարի առաջ։ 2008 թվականից սկսած Հայաստանը փորձում էր խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Հայաստանը նույնիսկ փորձեց հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ՝ փորձելով դա կազմակերպել բոլորիս հայտնի «ֆուդբոլային դիվանագիտության» միջոցով։ Բայց ինչպես արդեն առիթ ենք ունեցել շեշտելու, Հայաստանում երբեք բավարար ուշադրություն չի դարձվել համաշխարհային գործընթացների ունեցած ազդեցությանը։ Հենց 2008 թվականից աշխարհում իրադարձությունները փոխվեցին, որոնց հետևանքները միայն հիմա են երևում։

2008 թվականին, երբ փաստացի տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի մուտքը Վրաստան (ռուս-վրացական ութօրյա պատերազմը դրան դեմ լինելու հետևանք էր) ԽՍՀՄ փլուզումից հետո վերականգնված Ռուսաստանում ռազմական բարեփոխումների անվան տակ աննախադեպ միլիտարիզացիա սկսվեց։ Պարզ դարձավ, որ այդ երկիրը չի պատրաստվում բավարարվել իր ներկա սահմաններով։ Դրան հաջորդեց 2010 թվականին սկսված «Արաբական գարունը» (նաև «Արաբական զարթոնք», «Համաարաբական հեղափոխություններ»), որի շրջանակներում Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում սկսվեցին հեղափոխական ալիքներ։ Բոլոր այս շարժումները խթանվում էին ՆԱՏՕ-ի կողմից, որպեսզի վերջինս այդ տարածաշրջաններում մեծացներ իր ազդեցությունը, ամուր հենակետներ ձեռք բերեր և նավթագազային հանքերի տիրեր։ Եթե Թունիսում Լիբիայում ու Եգիպտոսում ՆԱՏՈ-ին հաջողվեց իր ազդեցությունը տարածել, ապա Սիրիայի ու Եմենի համար մղվող պայքարում Ռուսաստանն ու Իրանը ուղիղ ռազմական միջամտություն ունեցան և կարողացան արդեն իրենց ազդեցությունը տարածել այդ երկրներում։ Զուգահեռաբար լարվում էր իրադրությունը Ուկրաինայում, որը շուտով երկու հակամարտող կողմերի բախման կետ պետք է դառնար։

Փաստացի 2008 թվականից սկսվել է աշխարհի նոր վերաբաժանում։ Գերտերությունները իրենց ազդեցությունն էին տարածում հնարավորինս շատ երկրներում և հարմար դիրքեր գրավում՝ պատրաստվելով ապագա հակամարտություններին։ Այս իրավիճակում Հայաստանը ուզում էր եվրոինտեգրվել՝ չունենալով Եվրոպայի հետ ցամաքային սահման և ծովով կապ հաստատելու հնարավորություն։

Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու բոլոր հույսերը մեզ համար վերացան 2013 թվականի դեկտեմբերի 2-ին (երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելեց Հայաստան), երբ Հայաստանը փաստացի տնտեսական կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից։ Այդ իրադարձություններից հետո Հայաստանը զրկվեց անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից և անկախ իր կամքից հայտնվեց հակամարտող կողմերից մեկի ադեցության գոտում։ Այս պարագայում հայտնի իրադարձությունը, երբ Հայաստանը մի գիշերվա ընթացքում Եվրոմիությունից հրաժարվեց՝ ընդունելով Եվրասիական միության անդամակցությունը պետք է դիտարկվեր ոչ թե որպես անսպասելի ու դավադիր մի որոշում, այլ իրադարձությունների զարգացման տրամաբանական արդյունք՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

Այսօրվա դրությամբ իհարկե իրավիճակը որոշակիորեն փոխվել է։ Աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով հիմա Հայաստանը ինչ որ չափով մանևրելու հնարավորություն է ձեռք բերել։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանը տարածաշրջանում թեև չունի այն ազդեցությունն ու հզորությունը, ինչպես տաս տարի առաջ էր, բայց ամբողջությամբ բացառել նրա ազդեցությունը տարածաշրջանում ու Հայաստանում մեր կողմից քաղաքական միամտություն կլինի։

Կարծում ենք՝ համագործակցությունը, ոչ միայն Եվրոպայի ու ԱՄՆ-ի այլև տարբեր այլ երկրների հետ, կարելի է և պետք է զարգացնել, բայց դա պետք է անել հնարավորինս զգուշորեն՝ հաշվի առնելով նախկին սխալները, չընկնելով ծայրահեղությունների մեջ և հարվածի տակ չդնելով սեփական պետականությունը։ Հայաստանը՝ թեև իր ունեցած սեղմ հնարավորություններին, հանգամանքների բերումով տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական խաչմերուկ դառնալու հնարավորություն է ձեռք բերել։ Այստեղ շատ բան կախված է նրանից, թե որքանով մենք կկարողանանք Հայաստանի օգտակարությունը հիմնավորել միաժամանակ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի երկրների, Հնդկաստանի ու Չինաստանի համար։ Մեր աշխարհագրական դիրքը մեզ դեռևս հիմնավորումներ գտնելու հնարավորություն տալիս է։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող