«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-Չինաստան հակամարտության նոր մակարդակը․ Վահան Վարդանյան

30/11/2023

Արդեն բոլորի համար պարզ է, որ 21-րդ դարի առնվազն առաջին կեսի գլխավոր հակամարտությունը լինելու է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև։ Երկու երկրների միջև հիմա ըստ էության ընթանում է սառը պատերազմ, որն առայժմ տեսանելի չէ։ Երկու երկրները միջոցներ չեն խնայում սպառազինությունները ավելացնելու և հնարավորինս շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Հայտնի է, որ ԱՄՆ-ն ամբողջ Ասիայի ափամերձ հատվածներում (Հնդկախաղաղօվկիանոսային տարածաշրջան) ռազմաբազաների խիտ ցանց է կառուցում։ Հատկապես մեծ ինտենսիվությամբ ամերիկյան ռազմաբազաները ավելանում են Չինաստանի մերձակայքում, դրան գումարած ԱՄՆ-ն Չինաստանի դեմ նոր դաշնակիցներ է ձեռք բերում տարածաշրջանում (Վերջերս ԱՄՆ դաշնակիցների թիվը համալրեց Ֆիլիպինները, որտեղ ամերիկյան նոր ռազմաբազաների շինարարություն սկսվեց)։ Ի պատասխան այս գործողությունների Չինաստանը մեծ թափով խորացնում է իր ազդեցությունը եվրասիական տարածաշրջանում, միաժամանակ թափանցելով նաև Աֆրիկա ու Լատինական Ամերիկա։

Երկու երկրների հակամարտությունը չի սահմանափակվում միայն աշխարհագրական նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն տարածելով։ Կողմերը տենդագին մրցակցության մեջ են նաև տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտում, այստեղ առավելությունը հիմա ԱՄՆ-ի կողմն է, բայց չինական շուկան ահռելի թափով մեծանում է։ Չինաստանը ամեն կերպ փորձում է մեծացնել նաև իր ազգային արժույթի՝ յուանի շրջանառությունը։ Չնայած տեխնոլոգիաների ոլորտում  ԱՄՆ-ի սահմանած մի շարք պատժամիջոցներին ու արգելանքներին, Չինաստանի տեխնոարտադրությունը գնալով ինքնուրույնության ավելի շատ նշաններ է ցույց տալիս։

Երկու երկրների հակամարտությունը գլխավորապես սպառազինությունների ոլորտումէ, ուր առկա է լուրջ մրցավազք։ Թեև ԱՄՆ-ն ու Չինաստանը միմյանց դեմ ուղղակի պատերազմ չեն վարում, նույնիսկ որևէ այլ հակամարտություններում միմյանց դեմ ներգրավված չեն, այնուամենայնիվ հսկայական ռեսուրսներ են ծախսում ռազմական արտադրության վրա և առիթը բաց չեն թողնում միմյանց նկատմամբ զենքի դիմելու սպառնալիքի ակնարկներ անելով։

Այս առումով հատկանշական են վերջին իրադարձությունները, երբ Սան-Ֆրանցիսկոյում կայացած Ջո Բայդենի ու Սի Ցզինպինի հանդիպումից որոշ ժամանակ առաջ Պենտագոնը առաջին անգամ ցուցադրեց ռազմավարական նշանակության նորագույն B21 Raider ռմբակոծիչի թռիչքը։ Այս ռմբակոծիչները նախատեսվում է տեղակայել Չինաստանին բավական մոտ գտնվող Հավայան կղզիների և Գուամի ամերիկյան ռազմաբազաներում։ B21 Raider մեկ ռմբակոծիչի արժեքը գնահատվում է 750 մլն դոլար, իսկ սերիական արտադրություն մտնելուց հետո կանխատեսվում է, որ արժեքը կհասնի մեկ միլիարդ դոլարի։ Այս ռմբակոծիչը համարվում է աշխարհում երբևէ ստեղծված ռմբակոծիչներից ամենահզորը և ստեղծվել է գոյություն ունեցող բոլոր հակաօդային համակարգերը շրջանցելու նպատակով։ Այն փաստացի իրենից ներկայացնում է անտեսանելի մոդել, որը կարողանում է միջուկային մարտգլխիկներ տեղափոխել։

Այս ակնարկից հետո գնդակը Չինաստանի դաշտում էր և վերջինս տվեց պատասխանը։ Վերջերս South China Morning Post-ը հայտարարեց ծրագրային մոդելավորման շնորհիվ իրականացրած փորձարկման մասին, որի արդյունքներով չինական նոր սերնդի «անտեսանելի» կործանիչը կարողանում է հայտնաբերել և գերձայնային հրթիռներով ոչնչացնել ամերիկան «անտեսանելի» ռմբակոծիչ B21 Raider-ին։ Առհասարակ ծրագրային մոդելավորման միջոցով հակառակորդի տեխնոլոգիաների բացահայտումը դարձել է Չինաստանի գործիքը՝ հակառակորդի վրա հոգեբանական ազդեցություն ունենալու հարցում։

ԱՄՆ-ն անշուշտ գերազանցում է Չինաստանին ռազմաօդային ու ռազմածովային ուժերի որակի առումով, որովհետև իր ռազմական ներդրումների մի զգալի հատված ուղղում է հենց այդ ոլորտներին։ Միևնույն ժամանակ, համաձայն ամերիկյան լրատվականների ու վերլուծաբանների, Չինաստանը իր ռազմական ծախսերի զգալի հատվածը ուղղել է հենց գերձայնային հրթիռների արտադրությանն ու զարգացմանը և այս ոլորտում զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Չինաստանն արդեն ունի գերձայնային այնպիսի հրթիռներ, որոնք կարողանում են հասնել Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, իսկ այժմ ակտիվորեն աշխատում է գերձայնային կոնտինենտալ հրթիռների (5500 կմ և ավելի հեռու թռչող հրթիռներ) ստեղծման ուղղությամբ։

Այս աննշան թվացող իրադարձությունները իրականում շատ մեծ հոգեբանական ազդեցություն են թողնում հակամարտող երկրների իշխանությունների վրա և իրենց դերն ունենում նրանց հետագա որոշումների առումով։ Կարող ենք արձանագրել, որ տեղեկատվական դաշտում այս վերջին փոխհրաձգությունը նոր մակարդակի է բարձրացնելու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող հակամարտությունը։ Երկու երկրների միջև ընթացող սպառազինությունների մրցավազքը ավելի մեծ թափ է հավաքելու, ռազմական ծախսերի համար հատկացվող բյուջեն ավելանալու է, իսկ հետագայում մեծանալու է ոչ միայն նոր արտադրված գերհզոր զենքերի ցուցադրությունը, այլև դրանց պրակտիկ օգտագործումը չեզոք տարածքներում կամ այլ հակամարտություններում՝ հակառակորդին վախեցնելու համար։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող