«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցնորքներով ապրելու հետևանքը․ Աշոտ Ներսիսյան

26/09/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
Այն, ինչ կատարվեց Արցախի հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հետևանք էր մեր արտաքին քաղաքականության ձախողումների, քաղաքականություն, որը ճիշտ ուղով չընթացավ մեծ տերությունների խորը հակասությունների հետնախորքի վրա, ավելի կոնկրետ՝ Արևմուտք — Ռուսաստան հակասությունների։ Հիմա արդեն թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանությունների, որոնց երկուսի գործունեությունն էլ դժվար է ինչ որ տրամաբանության մեջ տեղավորելլ և թե՛ նաև մեր ժողովրդի լայն, բայց չեզոք զանգվածների մտահոգությունը մի խնդրի շուրջ է՝ Ադրբեջանը հաջորդ քայլով պոկելու է Զանգեզուրը կամ առնվազն <<միջանցքը>> Զանգեզուրով։ Այն քաղաքական ըմբռնման մեր քաղաքական մտքից զերծությունը, որ մենք այս երեք տարիների ընթացքում պետք է մեր անվտանգության երաշխիքները ստեղծեինք, բերեց հասցրեց նրան, որ դարձանք հիմնովին աղերսող պետություն, որին ոչինչ չեն տալիս, բայց լիարժեքորեն օգտագործում են։ Ռեալ իրավիճակը հիմա պահանջում է ճկունություն և ռոմանտիզմի բացակայություն, որը ցավոք չի երևում կամ միգուցե ռումանտիզմ չէ, այլ ծրագրված գործողություն։ Ռուսաստանը դեռևս մնում է Արցախում և գնալու մտադրություն չունի և տեղի ունեցածը կոտրում է մեր գլխին՝ մեջտեղ բերելով իշխանությունների արևմտամետությունը։ Այստեղ կա ճշմարտություն, բայց Ռուսաստանը կարող էր նոյեմբերյան համաձայնագրի կետերով առաջնորդվելով՝ պահել Արցախից մնացածը, որը չարեց խուսափելով երկրորդ ճակատի բացումից, որն ամենևին բացառված չէր, եթե կտրուկ հանդես գար Ադրբեջանի դեմ։ Հիմա ամենօրյա ռեժիմով հայտարարվում է, որ ՀՀ -ն պետք ձերբազատվի Արևմուտքից և վերադառնա նոյեմբերյան համաձայնագրի կետերին։ Կրկին ռուսական կողմից սպառնալիքներ են հնչում, որոնց կամ լրջորեն չենք վերաբերվում, կամ որոնք չենք հասկանում։ ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, մարդասիրական և ժողովրդավարական արժեքների պահպանությունից է խոսում, այն ժամանակ, երբ իր դավադիր քաղաքականության արդյունքում նաև եկավ Արցախի աղետը։ Ռուս փորձագետները նույնիսկ հասկացնում են, որ Հայաստանը կարող է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև կանգնել։ Խնդրեմ, թող գնան ռուսները և այստեղ հաստատվեն ֆրանսիացիները կամ ամերիկացիները՝ ապահովելով մեր անվտանգությունը։ Բայց կա՞ երաշխիք, որ դա հնարավոր է։ Չէ՞ որ Թուրքիան նախ և առաջ ՆԱՏՕ - անդամ երկիր է, որը հենց ինքն է տառապում Ռուսաստանը քանդելու մարմաջով։ Հերիք է ցնորքներով ապրենք։ Հիմա Արևմուտքն ունի այստեղ ևս մի գերխնդիր՝ Ռուսաստանից պոկել <<Զանգեզուրի միջանցքը>>, այսինքն՝ չեղարկել նոյեմբերի 9 - ի համաձայնագրի 9 - րդ կետը։ Սա, կարծում ենք, շատ ավելի մտահոգիչ կլինի ռուսների համար, քան Արցախի հայաթափումը, որը լիովին չի լինի։ ՀՀ իշխանությունները այդ կետով տվել են <<անխոչընդոտ>> ճանապարհը, որը պետք է վերահսկեին ռուսները։ Արևմուտքը կփորձի այդ կետը ձախողել և ՀՀ իշխանությունների արևմտյան թեքումը նաև պայմանավորված է այդ կետը չիրագործելու ցանկությամբ և թերևս այն հույսով, որ Արևմուտքը չի թողնի, որ այդ ճանապարհը տրվի։ Բայց արդյո՞ք եթե նա դնի խնդիր այդ կետի չեղարկման, որին գնան մեր իշխանությունները, ապա այդ ճանապարհը կմնա մեր վերահսկողության տակ։ Ամենևին ոչ։ Հաղթող կողմը կլինի Ռուսաստանը, որը կձեռնարկի նոր էսկալացիա Ադրբեջանի միջոցով և կլուծի նաև այս հարցը հոգուտ իրեն և ոչ ի վնաս Ադրբեջանի ու Թուրքիայի։ Եվ դեմ չի լինի, որ Ադրբեջանը չհեռանա մեր սուվերեն տարածքներից։ Սրա հակառակը ոչ մեկը չի կարող ապացուցել։ Բավական չէ՞ մատով խփելը <<բզեզի բնին>>: