«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ՀԱՅԵՑԱԿԵՏՆ ԸՍՏ «ՊՖԱԼՑՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

15/08/2020

Սկիզբը տե´ս https://generalnews.am/.../a36e841c5230a79c2102036d2e259848/.

 

Այժմ Օրիի այսպես կոչված «Պֆալցյան» ծրագրի մասին: Այդ ծրագիրը (36 կետ) ներկայացվում է նրա` Հովհան Վիլհելմին 1699թ. սեպտեմբերին ներկայացրած զեկուցագրի մեջ, որը գրված է ֆրանսերեն լեզվով և ամբողջությամբ ներկայացված է Էզովի ժողովածուի մեջ (Эзов, с. 28-44):
Հենց սկզբից հարկ ենք համարում շեշտել, որ Օրին այնտեղ ներկայացնում է հայ ղեկավարների հանձնակատար, մինչդեռ իրականում նա է ամբողջ զեկուցագրում առկա հայոց ազատագրության ծրագրի հեղինակը:
Օրին խնդրում է կայսրընտրիչ իշխանին, որ, նախ և առաջ, ինքը զանցն առնի գործը: Ապա, փաստորեն նրա միջնորդությունն է աղերսում Հռոմի պապին գործում ներգրավելու համար, 3-րդ կետով նա Հովհան Վիլհելմին համոզում է և խնդրում, որպեսզի վերջինս Տոսկանայի մեծ Դքսին եռյակ դաշինքին մաս կազմելու խնդրում ևս համոզի:
Հետքրքիր է 4-րդ կետի հետևյալ ձևակերպումը. «Երբ ձեռք բերվի այս դաշնակցությունը, հարկավոր կլինի անցնելու ճանապարհ գտնել Լեհաստանի թագավորից և Մոսկովյանների մեծ դքսից, թե' ձեր կայսրընտրիչ բարձրության և թե' նորին կայսերական մեծության կողմից: Նրանք ոչ մի դժվարություն չպիտի ցույց տան, ոչ մեկը, ոչ մյուսը, նույնիսկ Մոսկովյանները հաճությամբ կկատարեն այդ, որովհետև դրանում իրենց համար շահ կա, որ ձեր բարձրությունը պիտի տեսնի հետևյալում» (Նույն տեղում, նաև՝ Լեո, նշվ.աշխ., էջ 49):
5-րդ կետով նա կուրֆյուրտից խնդրում է տրամադրել հազար ձիավոր զորք, հազար դրագոններ, հարյուր գրենադեր, քսանհինգ թնդանոթաձիգներ, քսանհինգ ռմբաձիգներ, չորս վեց կալիբրի թնդանոթներ, հարյուր գնդակ, երկու մորտիր` 50 ռմբանոց, հինգ հարյուր պատրույգավոր հրացան, նույնքան վառոդ, հարյուր դրոշակ, «որոնք ներկայացնեն մի կողմից խաչեելությունը և մյուս կողմից` սուրբ Գրիգոր Լուսավորչին և պատշաճ մակագրությամբª հայերեն լեզվով»: Օրին սա հետևյալ միամիտ պատճառաբանությամբ է համարում անհրաժեշտ. «Դրանով ցույց ենք տալիս, որ այս լավ ժողովուրդը միշտ հուսացել է դուրս գալ գերությունից խաչի զորությամբ և իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորդությամբ» (Նույն տեղում):
Արդյո°ք խաչին ապավինելով է հայ ժողովուրդը դուրս եկել գերությունից, թե° զենքին, որին դիմելու գիտակցության ավելի ուշ է եկել: Միջուցե սրանով Օրին ցանկացել է շահել քրիստոնյա տերությունների համակրանքը, բայց խաչը նրանց համար պատրվակ է եղել` սեփական շահին այն ծառայեցնելու դեպքում միայն:
Առնվազն տարօրինակ է Օրու` 6-րդ կետով  մատնանշած այն հանգամանքը, որ մարդկանց և ձիերի համար ամեն տեղ դյուրին ձևով կհոգան սնվելու միջոցներ, մանավանդ Ռուսաստանում, ուր ամեն ինչ առատ է և էժան:
7-րդ կետով Օրին Հովհան Վիլհելմին առաջարկում է Ավստրիայի կայսրին միջնորդել՝ արշավանքի համար տրամադրելու այն երկու հազար հուսարները, որոնք իրենք տեսել էին Հունգարիայում, և որոնք ըստ նրա՝ կայսրության համար հարմար մարդիկ չէին, որովհետև գողություններ էին անում, «բայց նրանք մեզ համար կլինեն, քանի որ աշխույժ են ու ճարպիկ, ինչպես այդ  նկատվել է ռենում, և քաջալերելու համար նրանց, որ մեզ լավ ծառայություն մատուցեն, նրանց թույլ կտրվի որոշ չափով ազատություն անհավատների վերաբերմամբ, որ կատարելապես համապատասխանում է նրանց ճաշակին: Եթե այս երկու հազար հուսարներին նորին մեծությունն ավելացնի հազար մարդ հեծելազոր, հազար դրագոն և այնքան hրետանի, որքան մենք խնդրել ենք ձեր կայսընտրիչ բարձրությունից, մենք շատ գոհ պիտի լինենք»( Նույն տեղում, էջ 29, նաև՝ Լեո, նշվ. աշխ., էջ 50):
Տոսկանայի դքսի (Կուզմաս III) օժանդակությունը նա թողնում է նրա և Հովհան Վիլհելմի ցանկությամբ (8-րդ կետ):
Օրիի ծրագրի 9-րդ կետը կարելի է ընկալել որպես չհիմնավորվող ցանկություն` պայմանավորված երկու հանգամանքով` ա)  արշավանքի համար նախատեսնված տերություններին շահագրգռելու և բ) այն համոզմունքով, որ իր ցանկություն իսկապես հնարավոր է: Ահա նրա բովանդակությունը. «Զորագնդերը պիտի հագեցվեն մեր ծախսերով, և բոլոր ծախսերը, որ նորին կայսերական մեծությունը, մոնսինյոր մեծ դուքսը կանեն, կվերադարձվին եռապատիկ և ավելի, որոնք պիտի առաջանան այդ գործից և որոնք գուցե տան մեկին հազար: Եթե հետագայում նորին կայսերական մեծությունը պետք զգա իր զորագնդերը վերադարձնելու մենք կվերադարձնենք նույնպես եռապատիկ կամ ավելի, ինչպես որ իրեն հաճելի կլինի» ( Նույն տեղում, էջ 29-30, նաև՝ նշվ. աշխ., էջ 50):
Հարց է առաջանում` այդ ի՞նչ միջոցներով պետք է հոգացվեին զորագնդերի ծախսերը, երբ հայերը հեծում էին պարսկական լծի տակ, կամ ինչպե՞ս էր հնարավոր «մեկին տասը» վերադարձնելը:
Օրին հրետանու ծախսը խոստանում է հատուցել արծաթով, միայն թե այդ պետք է աներ կուրֆյուրստը, որը դառնալու էր Հայաստանի թագավորը «ուր կա անհավատալի առատություն ամեն բանի, միայն թե այնտեղ մարդ լինի վայելելու համար» (Նույն տեղում): Նա կայսրընդիչ իշխանին ոգևորում է նաև Հայաստանում գտնվող մեծ քանակությամբ պղնձի և երկաթի հանքերով, որոնք իբրև թե հայերի ձեռքում էին:
Օրին ծրագրում է արշավանքն սկսել 1700թ. մայիս ամսի վերջերին, երբ Հովհան Վիլհելմի զորագնդերը պետք է անցնեին Բոհեմիայի, Լեհաստանի, մինչև Մոսկվա, ուր նավ նստելով գետով պետք է հասնեին Աստրախան, որտեղից էլ Կասպից ծով: Այդ նավերից յուրաքանչյուրն, ըստ նրա, ընդունակ էր տանելու 1500 ձի և այդքան էլ մարդ (Эзов, էջ 30,  12, Լեո, նշվ. աշխ., էջ 51, Հովհաննիսյան Աշ., նշվ. աշխ., էջ 356):
Եղանակի լավ լինելու դեպքում զորագնդերը երկու-երեք օրում կացնեին ծովը և կմոտենան Հայաստանի սահմանին:
Հետաքրքիր է, որ Օրին խորհուրդ է տալիս այս արշավանքի նպատակի մասին ոչինչ չասել ոչ Լեհաստանի թագավորին և ոչ էլ՝ Ռուսաստանի, որովհետև դա նրանց մոտ նախանձ կառաջացնի: Հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ այս տերությունները թույլ կտային իրենց տարածքներով արշավանքի կազմակերպումը: Արդյո՞ք հնարավոր էր, որ նրանք թույլ տային  իրենց տարածքներով օտար զորքերի անցում` առանց խորանալու նրանց բուն նպատակի մեջ: Անշուշտ, ոչ:
Մոսկվայի բարեսրտությունը նա ցանկանում է շահել դարձյալ ցանկալին իրականի տեղ մատուցելով:
Նա գտնում է, որ պիտի խնդրել, որ ցարն արգելի Կասպից ծովից Իրան գնացող նավերի մեկնումը, մինչև որ առաջիկա հուլիս ամսին Վոլգայի ափերը հասնեն Եվրոպական զորամասերը: Այդ ընթացքում Իրան մեկնելու համար Վոլգայի ափերին հավաքված կլինի մոտ 2000 հայ մարդ` արշավանքին օժանդակելու համար: Աշ. Հովհաննիսյանը ճիշտ հարց է տալիս` «Ինչպե՞ս էր Օրին կամենում օգտագործել վերջիններիս` պարզ չէ» (դրանք հիմնականում հայ առևտրականներ էին լինելու – Ա.Ն.):
Օրիի ծրագրով հոկտեմբերի սկզբներին զորագնդերը մոտենալու էին Շիրվանի ծովեզրին, ապա` մի ամայի վայրում ապաստանելով` գիշերը հարձակվելու ու գրավել Շամախին: Այնուհետև արշավանքն ընթանալու է հետևյալ կերպ. «Շամախուց դուրս գալուց կարելի է չորս գները բաժանել չորս մասի, մի մասը որ կարշավի ուղիղ դեպի Գանձակ, ուր կա անհավատների մի նահանգապետ: Քաղաքն ոչ մի ամրություն չունի, բացի երեսուն մարդուց, որոնք նահանգապետի հետն են, իսկ քաղաքի շուրջն ապրողները բոլորն էլ քրիստոնյա են: Երկրորդ մասը պիտի գնա ուղակի Լոռու երկիրը, ուր կա նույնպես մի մեծ ավանի մեջ մի կառավարիչ, որ ոչ միա գունդ չունի: Երրորդ մասը կերթա Ղափանի երկիրը, որտեղ կա նույնպես մի նահանգապետ մի քաղաքում, առանց ամրության և առանց զորքերի, ինչպես էին նախորդ քաղաքները ( Эзов, էջ 32-33, N 17, Լեո, նշվ. աշխ., էջ 53, Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 356):
Եվ չորրորդ մասը (որ պիտի կազմված լինի ընտիր զորքերից) կարշավի նույնպես մեծ արագությամբ Նախիջևան քաղաքը, ուր մի նահանգապետ կա, որ իր հետ ունի հարյուր մարդ, որովհետև նա թագավորության գլխավոր զորապետն է և նա է, որ տիրում է մեր նահանգին և որ մահացու թշնամին է մեր ընտանիքի և ուրիշ քրիստոնյա իշխանների, որոնց շատ անգթաբար մեռցնել է տալիս» (Նույն տեղում, էջ 33):
Ակնհայտ է, որ Օրին գրեթե զրոյացնում է հակառակորդի ռազմական հնարավորությունները (Դրանում համոզվելու համար տե՛ս Հովհաննիսյան Աշ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 11, էջ 357-360):
Այնուհետև Օրին նախատեսում է հասնել Արաքս գետը, որը հինգ անցք ունի, որոնցով կարելի է ծածուկ անցնել՝ թողնելով վրացիներին դեպի աջ և պարսիկներին` դեպի ձախ: Արաքսը բաժանում է Պարսկաստանը Հայաստանից: Շամախուց մինչև Նախիջևան ընկած գյուղերը նա համարում է այս ու այն կողմ ցրված, իսկ մարդկանց էլ ամբոխ կամ խաժամուժ, որոնց դիմադրելու դեպքում զինաթափ կանեն:
Նրանք Մելիք Էմիրբեկին, որի տունը Շամախուց տասը մղոն էր հեռու, լուր էին ուղարկելու` ոտքի հանելու համար «գլխավորներին», որոնք (Ղափանի Մելիքները) անհապաղ զորահավաք պիտի կազմակերպեին և 5000 հոգով արշավեին Երևան, ուր նստող խանն, ըստ նրա ուներ միայն 200 զինվոր (Эзов, էջ 33):
Սակայն այս թիվը նա նույնպես շատ փոքր է ներկայացնում: Երևանի գրավումով, որը դյուրին կլիներ նաև այն պատճառով, որ Երևանի խանության բնակչության մեծամասնությունը հայեր էին, ուղիղ ճանապարհ կբացվեր դեպի Նախիջևան:
Օրին այնուհետև առաջարկում է արշավել Թավրիզ, որտեղ նույնպես ըստ նրա «չկա ո'չ զորք, ո'չ ամրություն» չնայաց որ կա մեծ զինապահեստ և ամրություններ: Այն գրավելու համար անհրաժեշտ է մեծ զորաբանակ:
Ամբողջ այս գործողության համար օրին հաշվում է քսանհինգ օր, քանի որ այն պետք է իրականացվի արագընթաց  մարտավարությամբ:
«Ռազմավարության այս եղանակը դյուրանում էր այս ժամանակաշրջանում,  -  գրում  է  ԱշՀովհաննիսյանը,  -  երբ   երկրի կենտրոնը չէր կարող անմիջապես իմանալ այն, ինչ կատարվում էր երկրի ծայրամասում» (Նույն տեղում, էջ 365):
Օրիի ծրագրում շատ չափազանցված են ներկայացված հայերի ռազմական հնարավորությունները: Ըստ նրա հայերը կարող էին հանել 192 000 կռվող ուժ( Эзов, նշվ. ժողովածուն, էջ 35-36, Լեո, նշվ. աշխ., էջ 365):
 Բացի այդ վրացիների հետ կայանալիք համաձայնության հետևանքով նրանք հանելու էին 80 000 կռվող ուժ, իսկ 30 000 զորքով էլ վրացիներին օգնելու էին ռուսները: Թուրքահայերն էլ խոստացել էին 228 000-ից ոչ պակաս մարդ(Լեո, նշվ. աշխ., էջ 66):
Բավական հետաքրքիր են Օրիի քաղաքական ըմբռնումներն այն մասին, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Թուրքիան այս պարագայում, այսինքն` երբ Եռյակ դաշինքի ուժերը մտնեն Հայաստան: Նրա դատողություններն հետևյալն են. «Շատ հավատալի է, որ թուրքերը, տեսնելով ձեր կայսընտրիչ բարձրության զորքերը, մտած այդ երկրները, շատ կզարմանան, այդ նրանց կպատճառե մեծ տխրություն և նրանք սրանով ուղղակի պիտի հավատան, որ մարգարեության ժամանակը շատ մոտեցել է, որ իրենց նախագուշակել էր, թե կորցնելու են իրենց թագավորությունը, և կտեսնեն, որ այս ոչ թե հօգուտ իրենց է, այլ` ի վնաս:
Նույնպես ես չեմ կարող զատել, թե ինչ կարող են անել նրանք, և եթե մեզ պատերազմ հայտարարեն, ոչինչ չպիտի շահեն, որովհետև առնելու մի քաղաք կա, այն էլ` Երևանը: Եվ ես չեմ կարծում, որ մի  քաղաքի համար նրանք լինեն այս կողմերը: Եվ նույնիսկ նորին կայսերական մեծությունը,  Լեհաստանի  թագավորը  և Մոսկովյանների թագավորը կհասկացնեն Մեծ Թուրքին, որ ձեր կայսընտրիչ բարձրությունը պատերազմ է անում պարսիկների դեմ և  ոչ թուրքերի, որովհետև պարսիկները չկան իրենց խաղաղության դաշնագրում, բայց եթե այս պարագայում թուրքերը պատերազմ հայտարարեն ձեր կայսընտրիչ բարձրությանը` քրիստոնեից թագավորները և իշխանները նույնպես նրանց կհայտարարեն պատերազմ և այդ դեպքում մենք թուրքերից վախենալու  ոչինչ  չունենք, որովհետև Մոսկովյաններն անմիջապես նրանց պատերազմ կհայտարարեն, եթե այդ անհրաժեշտ լինի»( Эзов, էջ 40, Լեո, նշվ. աշխ., էջ 60, Հովհաննիսյան Աշ., նշվ. աշխ., էջ 372,  Հայ ժողովրդի պատմություն, ՀԽՍՀ ՀԱ հրատ., հ. IV, էջ 132-133)(Ընդգծումը մերն է - Ա. Ն.):
Օրիի այս քաղաքական ընկալումները չեն դիմանում ոչ մի տրամաբանության, հետևյալ պատճառներով.
Առաջին. Թուրքիայի համար, որը տասնամյակներ շարունակ պատերազմներ էր մղել Պարսկաստանի հետ` Հայաստանին տիրելու համար, Եվրոպական տերությունների օգնությամբ Հայկական թագավորության վերականգնումը թեկուզ և Արևելյան Հայաստանում ամենևին էլ հանդուրժելի գաղափար չէր, քանի որ դրան հարկավ հետևելու էին Արևմտյան Հայաստանն ազատագրելու ձգտումները: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չէր ունենալու այն հանգամանքը, որ «պարսիկները չկան խաղաղության դաշնագրում» (1699թ Կարլովցիի, որը կնքվեց Ավստրիայի և Թուրքիայի միջև):
Երկրորդ. Թույլ են Օրիի այն հավաստիացումները, որ եթե թուրքերը պատերազմ հայտարարեն կուրֆյուրստին, ռուսները և լեհերը նրանց անմիջապես պատերազմ կհայտարարեն: Միթե Ռուսաստանին, որն Իվան Ահեղի ժամանակներից արդեն ցանկանում էր ընդլայնել իր հարավային սահմանները և Կովկասին տիրանալով իջնել Միջերկրականք կռվի մեջ կմտներ թուրքերի դեմ` հանուն հայկական թագավորության ստեղծման: Անշուշտ, ոչ: Ընդհակառակը կարծում ենք, որ պարսիկների դեմ պատերազմի դեպքում հնարավոր էր ռուսների օգնությունը վերջիններիս և ոչ թե Արևմուտքի տերություններին, որովհետև Պարսկաստանից Անդրկովկասի նվաճումը նրա քաղաքական հեռագնա ծրագրերի մեջ էր: Ուրեմն ինչու նա պետք է հանդուրժեր Եվրոպայի ուժեղացումն այս տարածաշրջանում:
Այնպես, որ դարձյալ չի սխալվում Աշ. Հովհաննիսյանը, երբ գրում է. «Եվ այսպես, եթե Հայաստանի նվաճումը նկատվում էր թեթև ու հաճելի մի զբոսանք, ապա նվաճված այդ երկիրը պաշտպանելու համար վերջիվերջո ծիր էր բացվելու մեծ պատերազմի, որի հաղթանակն ապահովելու համար Պֆալցի ծրագրում չկար հաստատ որևէ կռվան» (Հովհաննիսյան Աշ., նշվ. աշխ., էջ 372):
Զերծ մնալով ծրագրի մյուս մանրամասների ներկայացումից, ավելացնենք, որ այն ազատագրված Հայաստանի թագավոր էր նախատեսում Հովհան Վիլհելմին, իսկ նրա սահմաններն ընդգրկելու էին Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջևանը, Արարատյան դաշտը: Մայրաքաղաքն էր լինելու Երևանը (Հովհաննիսյան Պ., Հայ ազատագրական շարժումները (15 - րդ դարի կես - 18 - րդ դարի վերջ, Երևան, 2010, էջ 31):
Հովհան Վիլհելմը նրան հավանություն է տալիս, սակայն, Եվրոպայում փոխվել էր քաղաքական վիճակը, որն արդեն անհնար էր դարձնելու նրա իրականացումը, թեև դրանից չի կարելի բխեցնել, որ եթե չփոխվեր` ծրագիրն իրականանալու էր:
Կուրֆյուրստը Օրուն առաջարկում է մեկնել Տոսկանա, Ավստրիա և Հռոմ` արշավանքի կազմակերպման վերաբերյալ բանակցությունների համար: 1700թ. հունիսին Օրիին ընդունում է պապը` խոստանալով իր աջակցությունը, նույնը անում է և Տոսկանայի դուքսը: Սակայն, բացասական էր Ավստրիայի կայսր Լեոպոլդ I-ի վերաբերմունքը: Եվ դա պատահական չէր: Նա Թուրքիայի հետ 1699թ. կնքել էր Կարլովցիի պայմանագիրը, որը խախտելու ցանկություն բոլորովին չուներ: Բացի այդ, նա պատերազմի էր պատրաստվում Ֆրանսիայի հետ՝ իսպանական ժառանգության համար: Ուստի նա մատնացույց արեց ռուսական ցարին:
Այսպիսով, ձախողվեց Եռյակ դաշինք ստեղծելու Օրու ծրագիրը:
«Պֆալցյան ծրագրով» Հայկական պետականության վերականգնման Իսրայել Օրու մատուցած հայեցակետերի մասին որպես ընդհանրացումներ կուզենայինք առանձնացնել հետևյալները.
Առաջին. Իսրայել Օրին իսկապես եղել է բարձր հայրենասիրությամբ լեցուն անձնավորություն, որն իր կյանքի ամենագլխավոր նպատակն է դարձրել Հայաստանի ազատագրության խնդիրը, դրա իրականացման համար որդեգրած ռազմավարության և մարտավարության մեջ մի քանի քայլ առաջ անցնելով իր նախորդներից:
Երկրորդ. Եթե նրա նախորդ գործիչները հայոց պետականության վերկանգնման հարցը միայն կապում էին Եվրոպական տերությունների օգնության և դավանափոխության հետ, ապա` Օրին մեջտեղ է բերում նաև սեփական հնարավորությունների օգտագործման անհրաժեշտության հարցը, առանց որի դժվար էր շահագրգռել Եվրոպական տերություններին: Ճշմարիտ է նա դաշնակիցների Հայաստան մուտքով հաշվում է 192 000 հայկական կռվող ուժեր, որոնք ոտքի կկանգնեին՝ հանուն ազատության, որը չափազանցված է և ցանկացած Եվրոպական տերության ղեկավարի մոտ կարող էր հարց առաջանալ` թե եթե այդքան ուժեր հանելու հնարավորություն կա, այդ դեպքում ինչի՞ համար է պետք 5000-ը (Լեոն ճշմարիտ հարցդրում է անում. «Մանրամասն հաշիվներով Օրին այդ բանակի քանակը հասցնում էր 192 հազարի, բացի դրանից, վրացիների հետ կայանալիք համաձայնության հետևանքով սպասվում էր օգնական զորք` 80 հազար, ռուսներից (վրացիներին օգնելու համար)` 30 հազար, իսկ թուրքահայերն ասել էին թե նրանք պատրաստել են ու ոտքի դնել կարող են 228 հազարից ոչ պակաս մարդ: Այդ ահագին կուտակումները (500 հազար և ավելի) նույնիսկ անհասկանալի էին դարձնում, թե էլ ինչո՞ւ 5-6 հազար ավստրո- գերման զինվորներ պիտի գային Անդրկովկաս: Բավակա՞ն չէր լինի միթե, որ Պֆալցի կուրֆյուրստը կամ նրա եղբայրն անձամբ գայինª  այդ ահագին բանակի գլուխն անցնելու, մի բանակի, որ եթե իրականանար, կարող էր, ճիշտ որ, նվաճել ամբողջ Իրանը, որի ամբողջ զինվորական ուժը Օրիի ասելով, հայ-վրացական խառն բանակի կեսն էլ չէր կազմում» (Լեո, նշվ. աշխ., էջ 66), բայց և այնպես նա ամենայն հավանականությամբ այն ըմբռնումն է ունեցել, որ առանց սեփական ուժերի առկայության կճախողվեր Հայաստանի ազատագրման ցանկացած առաքելություն: Եթե այս ըմբռնումը նա չուներ, ապա` նշանակում է, որ նրա մոտ իշխել է քաղաքական ավանտյուրիզմը, որի մասին դատողություններն անհիմն են դառնում՝ ծրագրի ընթերցման դեպքում: Այդքան ուժեր հանելու անհնարինության գիտակցումը նա անշուշտ ունեցել է, բայց դրանով շահագրգռելով վերոհիշյալ տերություններին, նա անհնար չի համարել առհասարակ հայկական կռվող ուժերի ձևավորման հնարավորությունը:
Երրորդ. Օրին օժտված է եղել ռազմավարի ընդունակություններով: Արագ և կտրուկ քայլերով գործողությունների ծրագրի մատնանշումը դրա վառ վկայությունն է:
Չորրորդ. Քաղաքական ռոմանտիզմով էր շաղախված Օրիի կողմից հնարավոր դաշինքի երկրներին այն համոզմունքի մատնանշումը, ըստ որի՝ արշավանքը Եվրոպայից մինչև Հայաստան կարժանանար Ռուսաստանի դրական վերաբերմունքին: Այս հարցում նա ինչքան է փորձեր, չէր կարող ապակողմնորոշել Ավստրիայի թագավորին, որը խնդիր էր ունեցել թուրքերի հետ, բայց փակել էր Կարլովցիի պայմանագրով (դրանով նա տիրացել էր Հունգարիային, Սլավոնիային և Զիբենբուրգիային): Այդ խնդրի փակումից հետո նրա քաղաքականությունն ուղղորդվում էր դեպի Արևմուտք և արդեն նրան բնավ չէր հետաքրքրում Իրանը, որի դեպքում ձեռք կբերեր Հայաստանի անբարյացակամությունը: Ուստի նա արևելյան խնդիրը թողնում էր Ռուսաստանին:
Ուստի և պատահական չէ, որ Լեոպոլդ I-ը «հասկանալ տվեց, թե ավստրիական կամ պֆալցյան զորքերի տրանզիտի մասին խոսելուց առաջ պիտի խոսք լիներ այն մասին, թե չէ՞ր կամենա արդյո՞ք ինքը ցարը ստանձնել Իրանահայաստանի ազատագրման գործը և արդյո՞ք ցարը ի վիճակի չէ՞ր լինի անձամբ միջամտել այդ գործին, որչափ Իրանահայաստանը մոտ է ու սահմանակից ոչ թե Ավստրիային, այլ՝ Մոսկովյան պետությանը»( Հովհաննիսյան Աշ., նշվ. աշխ., էջ 38)
Լեոպոլդ I-ը հայտնում է նաև, որ եթե տրանզիտի մասին ցարը տալու լինի իր համաձայնությունը, ապա` առանց ռուսական զորքերի օգնության անհնար կլինի գերմանական զորքերի մասնակցությունը Օրիի մատնանշած գործողություններին և միայն ցարի դիմումի դեպքում կայսրը կմասնակցի Հայաստանի ազատագրման գործին:
Սա նշանակում է, որ Ռուսաստանը չէր հանդուրժի Եվրոպական պատերազմ Իրանի հետ` հանուն Անդրկովկասի կամ Հայաստանի:
Այսպիսով, Օրիի քաղաքական հաշվարկներն այս առումով ևս իրենց չեն արդարացնում:
Հինգերորդ. Համոզիչ չեն եղել Օրիի հավաստիացումները հայերի դավանափոխության վերաբերյալ, թեպետ դա չի նշանակում, որ հակառակ դեպքում հնարավոր էր նրա ծրագրով Հայաստանի ազատագրումը: Այս առումով ընդունելի են Լեոյի դիտարկումները«ծրագրի մի ուրիշ պակասավոր կողմն էլ այն էր, որ դավանափոխության հարցը բոլորովին անբավարար վիճակի մեջ էր մնում: Իշխաններն ասում էին, թե ընդունած լինելով կաթոլիկություն, նրանք այնուամենայնիվ, այդ չէին կարող խոստովանել հրապարակորեն, քանի որ կմնան անհավատներիª պարսիկների տիրապետության տակ: Այս նշանակում է, թե Հայաստանը նախ պիտի ազատվի, ապա դառնա դավանափոխ, մինչդեռ կաթոլիկ հոգևորականության համար այդպիսի պայման չէր կարող լինել: Առաջ դավանափոխություն, որպեսզի եթե ազատությունը չհաջողվի էլ, շահող մնա Հռոմի աթոռը»( Լեո, նշվ. աշխ., էջ 68, հմմտ. Эзов, նշվ. ժողովածուն, N 9, Հովհաննիսյան Աշ., նշվ. աշխ., էջ 404-405):
Մի խոսքով հայոց պետականության վերականգնման Իսրայել Օրու «Պֆալցյան» ծրագրում մատնանշված հայեցակետը հիմնված էր դավանափոխության, քրիստոնյա երկրների օգնության և հայոց զինված աջակցության հնարավորությունների վրա, բայց այդ հայեցակետը չէր կարող իրականանալ, որովհետև ա) ժողովրդի դավանափոխությունը կախված չէր միայն նրա ցանկությունից, բ) հայ ժողովրդի քաղաքական շահերին հնարավոր չէր ծառայեցնել Եվրոպական տերությունների շահերը:
Ընդհակառակը վերջիններիս շահերին պետք էր հարմարեցնել հայոց շահերը, որը կարծես մի փոքր հնարավոր էր, բայց անհնար դարձավ Եվրոպայում քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով:
Եվ նրա «Պֆալցյան ծրագիրը» կորցրեց իր քաղաքական արժեքը: