«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրկին ՀՀ ու Արցախի կացության և մեր անհրաժեշտ անելիքների մասին. Աշոտ Ներսիսյան

14/02/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

ՀՀ –ը գտնվում է այնպիսի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակում, որից ելքը դժվար է կանխատեսել։ Այդ իրավիճակի սթափ վերլուծությունը բերում է հետևյալ եզրակացություններին․

Առաջին․ Արցախը թեև գտնվում է շրջափակման մեջ, բայց նրա կացությունն, ինչքան էլ տարօրինակ հնչի, ավելի մխիթարական է, քան ՀՀ կացությունը, որովհետև տեղի ղեկավարությունը իրատեսական վերաբերմունք է ցույց տալիս թե՛ Ռուսաստանին և թե՛ Արևմուտքին։ Արցախը որևէ ձևոով իրեն թույլ չի տալիս հակառուսական դրսևորումներ, երբեք հանդես չի գալիս ռուս խաղապահների դեմ, որոնք անկախ հոգուտ միջանցքի բացման կտրուկ միջամտությունների բացակայությունից, զսպիչ դեր են կատարում Ադրբեջանի հարձակման համար։ Վերջիններս չեն պարտադրում բացել միջանցքը, բայց նաև նրանցով է պայմանավորված Արցախի հանրապետությունից մնացածի գոյությունը։

Երկրորդ․ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը արդեն ռուսական կողմին ստիպում է նույնիսկ վերջնագրային բնույթի հայտարարություններով հանդես գալ։ Այսպես, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ հայտարարել է, որ <<կա որոշում , որն ընդունվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով>> և դրանով են առաջնորդվելու, իսկ ովքեր Եվրոպական ինստիտուտների ուղղությամբ են <<հայտարարություններ անում, կարող են պարզապես կորցնել երկիրը>> և նրանք պատասխանատվություն կկրեն հետևանքների համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուլտիմատում Հայասատանին Ռուսաստանի կողմից, որն, ինչպես բազմիցս նշել ենք, չի կարող հանդուրժել Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայություն, չի հեռանա այս տարածաշրջանից, որն իր համար ունի կենսական նշանակություն։ Ի վերջո, ե՞րբ են ռուսներն այստեղից հեռացել։ 1917թ․ հեղափոխություններից հետո, երբ կռիվ էր գնում, թե ո՞վ պետք է լինի Ռուսաստանի տերը և նրանց գնալ – գալու ընթացքում ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, նրանք լիարժեքորեն չեն էլ գնացել և նման մտադրությւոն չունեն, ինչքան էլ ձգձգվի ուկրաինական հակամարտությունը։ Հիմա մենք ուզում ենք Ռուսաստանին դուրս մղել, <<թռնելով>> այն պարտավորությունների վրայից, որնք ստանձնել ենք նոյեմբերի 9 – ի համաձայնագրով։ Այդ համաձայնագրից բոլորն են խոսում, բայց թերևս քչերն են կարդացել։ Լավրովին քննադատելուց առաջ պետք էր կարդալ, թե ինչ է գրված 6 – րդ կետում։ Գրված է , որ Հայաստանը կվերադարձնի Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը մինչև նոյեմբերի 15 –ը և դեկտեմբերի 1-ը։ Եթե վերադարձնում ես, ուրեմն իրենն է եղել, իսկ եթե իրենն է եղել, այն օկուպացրել ես։ Ուրեմն, ի՞նչ արտառոց բան է ասել Լավրովը, որ այդ առիթով հակառուսական մոլի քարոզներ ենք սկսել։ Հակառուսականությունն ու՞մ շահերից է բխում։ Ավելի շատ Արևմուտքի, քան մեր, որովհետև մեզ օգտագործում են։ Ենթադրում ենք, որ եթե մեր արտգործնախարարը առաջիկայում չգնա ռուսների նախատեսած եռակողմ հանդիպմանը, իրոք ՀՀ դեմ կարող է սկսվել նոր սադրանք, որը պարզ ակնարկում է Վոլոդինը և ոչ միայն նա։ Ռուսներն ամեն ինչ կանեն, որ ձախողեն Արևմուտքի առաքելությունը, որն ունի տարբեր նպատակներ, հիմնականում հետախուզական, կապված ռուսական բազաների և խաղապահների հետ և Պարսկաստանի մասին տեղկությունների հավաքման։ Կոնկրետ Ադրբեջանի՝ մեր սահմաններ ներխուժման և Լաչինի միջանցքի բացման հարցով նրանք ոչինչ չեն կարող անել։ Ստացվում է, որ Արցախի վիճակն ավելի մխիթարական է որոշ առումներով, քան ՀՀ - ի։ Ռուսները եթե ՀՀ –ն կորցնելու վտանգ են տեսնում, ապա Արցախն այս պահին նրանց ազդեցության ոլորտում է և չկա այն կորցնելու վախ։

Երրորդ․ ՀՀ ներկայիս ճիշտ քաղաքականությունը կլինի Ռուսատանին չհակադրվելը, բայց նոյեմբերի 9 – ի համաձայնագրի 9 – րդ կետը չիրականացնելու ցանկությունը ՀՀ –ին մղում է խուսափել Ռուսաստանի միջնորդությունից, որով Ադրբեջանն ստանում է Զանգեզուրով <<անխոչընդոտ>> ճանապարհ, բայց Արևմուտքը կարող է այդ ճանապարհը տալ Ադրբեջանին, եթե ռուսները գնան, որը կնշանակի է այստեղ հաստատել Թուրքիայի գերիշխանությունը, որի երկրաշարժով մտահոգ լինելն ամենևին չի ենթադրում, թե ձեռք է քաշել այս տարաշարջանում ամրապնդվելու ցանկությունից։ Ռուսների փոխարինումը ՆԱՏՕ– ով նշանակում է Թուրքիայով, որն այդ կազմակերպության լիիրավ անդամ է։ Այն տպավորությունն է ներշնչվում, թե ռուսները թուրքերի հետ են, բայց նրանք երբեք թուրքերի հետ չեն, նրան իրենց շահերի հետ են, որն ինչպես 1920թ․, կարող է համընկնել թուրքական շահերի հետ։ Բայց ռուսներն այստեղից գնացողը չեն։ Սա պետք է լավ հասկանալ։

Չորրորդ․ Այս պարագայում ի՞նչը պետք է լինի մեր գերագույն խնդիրը։ Մեր խորին համոզմամբ՝ հետևյալը՝ ռուսների հետ հարաբերությունները նորմալացնելը և Արցախի խնդիրը չթողնելով օդից առկախ, ճանաչե լ նրա ինքնորոշման իրավունքը, ապա բանակցել ռուսների հետ, միգուցե 9 – րդ կետը սրբագրելու համար։ Այն վախը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մեր կողմից ճանաչումը կարող է հանգեցնել նոր պատերազմի, չի հիմնավորվում, որովհետև անկախ դրանից էլ, եթե Ադրբեջանը ուզենա՝ կգնա պատերազմի։ Արցախից տարանջատվելով, ռուսներին ընդդիմանալով, մենք խաղաղության չենք հասնի։ Հարկավ, մենք կողմնակից ենք եղել հարևանների հետ նորմալ հարաբերությունների ստեղծմանը, բայց նրանք ինչու՞ պետք է հիմա դրան գնան, երբ մեր բարձունքներից հսկում են մեր սահմանները։

Երկրաշարժի փլատակներից մարդկանց փրկելը չի զրոյացնում մեր պետականության վրա կախված վտանգը։ Սա է դառը ճշմարտությունը։