December 19, 2018

Հայոց պատմության վերագնահատման անհրաժեշտության հարցի շուրջ

՛Զորավար Սեպուհ՚ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գլխավոր նպատակն է քաղաքական վերլուծությունների կատարումը հայոց պատմության ճիշտ գնահատման և դրա քաղաքական դասերի ճիշտ ընկալման հիմամբ: Իսկ Հայոց պատմության բազում դրվագներ ունեն վերագնահատման և վերաշարադրման կարիք:
Սույն վերլուծականով առանձնացվում են այն դրվագները, որոնց վերաարժևորումը առավել արդիական է:

Այսօր հայագիտության զարգացումը համահունչ է հայապահպանության խնդրին, իսկ այս խնդրին նետված են լուրջ մարտահրավերներ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության առումներով: Հայագիտությունը ընդգրկուն հասկացողություն է և իր մեջ ներառում է այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են հայոց պատմությունը, հայկական մշակույթը, հայ ազգագրությունը, հայկական դիվանագիտությունը և այլն: Մենք այս պահին ներկայացնում ենք հայագիտության կարևորագույն բաղադրամասի` պատմագիտության գլխավոր խնդիրները:
Իր դարավոր պատմության ընթացքում, որից գրեթե վեց դար հայ ժողովուրդը զրկվել է պետականությունից և հատկապես այդ փաստից հետո, իր պատմությունը նա ապրել է` զերծ լինելով ազգապահպանության հստակ ծրագրից, չի համախմբվել պետականության վերակերտման անհրաժեշտության գաղափարի շուրջը, քանզի նրա մեջ սերմանվել է այն թյուր համոզմունքը, որ չի կարող սեփական ուժերով վերագտնել այն և այն դեպքում, երբ իր պատմության ընթացքում եթե հաղթանակներ է տարել, ապա միայն ու միայն սեփական ուժերին ապավինելով: Այդ ուժերին ապավինելով է 1918թ. վերականգնել իր պետականությունը: Սակայն, թե առաջին, թե երկրորդ` խորհրդային և թե երրորդ` ներկայիս հանրապետության շրջանում էլ հայության մեջ ընդհանրության չի հասել այն գաղափարը, որ իր անվտանգության գլխավոր երաշխիքը անկախ պետականության գոյության ամրապնդումն է: Մեր մտավորականությունը մեծամասամբ ընթանում է այն սխալ հայեցակարգային մոտեցման որդեգրման և արհեստականորեն զարգացնելու թյուր ճանապարհով, որը ռազմաքաղաքական դաշինքը կույր քաղաքական կողմնորոշման հետ շփոթելու հեռևանք է, որը ձեռնտու է արտաքին քաղաքական ուժերին: Այս ամենի հետևանքը հայագիտության կարևորագույն ուղություններից մեկի` հայկակական ակադեմիական, ոչ քաղաքականացված պատմագիտության զարգացման նկատմամբ ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն է: Ակադեմիական պատմագիտության զարգացումն է կարևորագույն հիմքը հայոց դիվանագիտության զարգացման, քանզի այս գիտությամբ է վեր հանվելու հայոց պատմության կամ հայկական քաղաքակրթությունների զարգացման ընթացքը` իր ուսանելի դասերով, որոնց արդիական հնչեղությունը անհնար է ժխտել: Հետխորհրդային շրջանում ստեղծվեցին և շարունակում են ստեղծվել աշխատություններ, որոնցում առկա հայեցակարգային մոտեցումների վրա ցավոք դեռևս իշխում են խորհրդային կոնյուկտուրայի ազդեցությունները և չեն քանդվում հայոց պատմության նկատմամբ եղած կարծրատիպային մտածողությունները: Արտաքուստ այն տպավորությունն է իշխում, թե գրված է հայոց ողջ պատմությունը և ասելիքներ գրեթե չեն մնացել: Բայց սա արտաքուստ: Մենք այն կարծիքին ենք, որ հայոց քննական պատմությունը դեռևս չի գրվել և մասնավորապես այն գրելիս պետք է առաջնահերթությունը տալ, որպես գործի սկիզբ, հետևյալ հիմնախնդիրների քննական վերլուծությանը, քանզի այսօրվա համար դրանք ունեն արդիական հնչեղություն.
Առաջին. Հայ քաղաքական միտքը 16 – 18 –րդ դարերում: Ցայսօր հայ պատմագրության կողմից այս շրջանի պատմությանն անդրադարձները այն ուղղությամբ են ընթացել, որ հայ քաղաքական միտքը որակավորել են ազգային – ազատագրական շարժումներ: Սակայն, երբ մի հայ կաթողիկոս կամ աշխարհիկ գործիչ սեփական ժողովրդի փրկության համար այլ պետությունների համար ծրագրեր է կազմում` հույսով, որ այդ պետությունը կգա, կփրկի իր ժողովրդին, դա ազատագրական շարժում չէ, այլ քաղաքական միտք, ընդ որում ռոմանտիզմի առատ բաժնեչափով: Այս թեման ինչու է արդիական: Այն պարզ պատճառով, որ այսօր էլ կա այն քննադատելի միտումը, թե ինչ-ինչ պետություններ կարող են մեզ օգնել, ճնշել Թուրքիայի վրա` լուծելու հայոց դատը: Այս հարցն այսօր պահանջում է միանգամայն նոր մոտեցումներ, որոնք ըմբռնելի կլինեն, երբ քննական վերլուծության մեթոդաբանությամբ ներկայացվի հիշյալ ժամանակահատվածի հայոց պատմությունը:
Երկրորդ. Հայոց պատմությունը 1878թ. Բեռլինի կոնգրեսից հետո մինչև 1908թ. – ը: Այս շրջանի նորովի մատուցումը չափազանց կարևոր է, քանզի ընդգրկում է Հայկական հարցի ձախող արծարծմանը հետևած հայ ազատագրական պայքարի պատմությունը, որը մեծամասամբ ընթացավ սխալ մարտավարությամբ և հայոց ազատագրման հարցը կախյալ համարեց մեծ տերություններից: Արդյունքում այդ ազատագրական պայքարն ինչքան էլ հերոսական, պարտությամբ ավարտվեց: Այդ պարտության պատճառների բացահայտումը դարձյալ ունի արդիական հնեղություն:
Երրորդ. Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայության ցեղասպանությունը: Արտաքուստ այն տպավորությունը կա, թե այս առումով ասելիքներն սպառված են: Սակայն, ընդհակառակը, ասելիքները բազում են: Թե մայր հայրենիքում և թե Սփյուռքում ստեղծված մեծածավալ աշխատություններում թերի են ներկայացված ցեղասպանության պատճառները, իսկ դա նշանակում է դրանք չեն նպաստում այդ սարսափելի իրադարձությունների դասերի ընկալմանը: Իսկ այն ժողովուրդը, որը չի ուզում սերտել պատմության դասերը, չունի ապահով ապագա:
Չորրորդ. Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը(1918 – 1920թթ.): Այս պետականությունը պատմության բացառիկ նվերն էր հայ ժողովրդին: Այն կերտվեց սեփական ուժերին ապավինելու արդյունքում, բայց կարճատև կյանք ունեցավ` Արևմուտքին ապավինելու հետևանքով: Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականության ոլորտներում ճիշտ չկողմնորոշվելը հանգեցրեց նրան, որ Հայաստանը խորհրդայնացվեց շատ ավելի նեղ սահմանների վրա, բայց ճիշտ քաղաքականության ընտրության դեպքում այդպես չէր լինի:
Հինգերորդ. Լեռնային Ղարաբաղը 1917 – 1921թթ.: Այս հիմնահարցի քննական վերլուծությունը կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ դրանով ապացուցվում է այս տարածաշրջանի երբևէ Ադրբեջանին պատկանած չլինելու պատմական ճշմարտությունը:
Հարկավ, հայոց պատմության հիշյալ շրջանները չէ, որ միայն նորովի մեկնաբանության կարիք ունեն: Բայց առաջին փուլի համար կարևորագույնները սրանք են, քանզի բխում են ներկա քաղաքական իրադարձությունների պահանջից: Ավելին, այս հիմնահարցերից առաջնությունը պետք է տալ Լեռնային Ղարաբաղի հիշյալ ժամանակահատվածի պատմությանը, որի ստեղծման տեսական հիմնավորումը և աշխատության բովանդակությունը ներկայացնում ենք առանձին:

Ա. Ա. Ներսիսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՙԶորավար Սեպուհ՚ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *