December 19, 2018

Լինելով Ֆրանկոֆոն համայնքի մի մասնիկ՝ կարող ենք նաև տարբեր երկրներին առաջարկել ՀՀ-ում զբաղվել առևտրով և գործարարությամբ․ Արմեն Սարգսյան

Սա իսկապես նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված տնտեսական ֆորումի բացմանն այսպես ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Օգտվելով համաժողովի բացմանը ողջույնի խոսք ասելու ինձ ընձեռված հնարավորությունից՝ կցանկանայի կիսել գաղափարներս և ջերմ երախտագիտությունս հղել այս միջոցառման կազմակերպիչներին»,-ասաց նա:

Ինչու՞ է Ֆրանկոֆոնիա բիզնես ֆորումը կարևոր Հայաստանի համար: Հարց հնչեցրեց Հայաստանի նախագահը, այնուհետև պատասխանեց: «Նախ և առաջ՝ դա հնարավորություն է ընձեռում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան` երկիր, որը Ֆրանկոֆոնիայի ընտանիքի մաս է կազմում: Սա պատմական իրադարձություն է: Երկրորդ՝ սա համագործակցության հնարավորություն է: Ես հուսով եմ, որ Ֆրանկոֆոնիայի այս բիզնես ֆորումը, որն առաջինն է Հայաստանում, վերջինը չի լինի:

Հուսով եմ նաև, որ այն կտարբերվի մյուս բիզնես ֆորումներից»,- ասաց նա:

Նախագահը նշեց, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվող իրադարձությունը լավ հարթակ է անդամ պետությունների գործարարների և ձեռնարկատերերի շփումների համար: Նա նաև կարևորեց այն փաստը, որ «Հայաստանը յուրատեսակ կամուրջ է Արևելքի և Արևմոտքի միջև»: Ըստ նրա՝ ինչպես միջնադարում, այնպես էլ հիմա ՀՀ-ն կարող է լինել Մետաքսի ճանապարհի մի մաս:

«Լինելով ֆրանկոֆոն համայնքի մի մասնիկ՝ մենք կարող ենք նաև առաջարկել տարբեր երկրներին (Եվրոպայից մինչև Կանադա) զբաղվել առևտրով և գործարարությամբ Հայաստանում,- ասաց նա՝ այնուհետ ավելացրեց,-Եկե՛ք չմոռանանք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացված միակ երկիրն է, որ անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի, Եվրասիական մաքսային միությունը Հայաստանի միջոցով կարող է հասանելի լինել մյուս երկրներին, որոնք այդ կերպ կարող են առևտրային հարաբերություններ ծավալել Բելառուսի և մյուս անդամ պետությունների հետ»,-նկատեց նա:

ՀՀ նախագահն ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վրա: «Ոմանք այն անվանում են թավշյա, ոմանք օգտագործում են «Նոր Հայաստան» ձևակերպումը: Սա իրոք հսկայական նվաճում էր, քանի որ հնարավոր եղավ այս ամենն իրականացնել առանց որևէ հակամարտության, առանց քաղաքացիական պատերազմի կամ բախման: Փոփոխությունը հենց մարդիկ են: Առանց ձեզ մեր ապագան անորոշ կլիներ գալիք տարիներին և տասնամյակներին»,- ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *