«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ անծանոթ Թուրքիան. Վահան Վարդանյան

09/09/2023

Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք երբեք մեր թշնամիներին լավ չենք ճանաչել։ Թշնամուն ճանաչելու, ուսումնասիրելու գործում մենք միշտ առաջնորդվել ենք հուզական, էմոցիոնալ սկզբունքով, որի պատճառով հաճախ ձախողումներ ու պարտություններ ենք ունեցել։

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝  առավելապես այն պաճառով, որ խորապես չի հասկանում թշնամական պետությունների գործողությունների շարժառիթը։ Փորձենք հակիրճ անդրադառնալ մեր գլխավոր թշնամուն՝ Թուրքիային և հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նրա ագրեսիվ արտաքին քաղաքականությունը։

Նախ ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան։ Սա մերձավորարևելյան պետություն է՝ կառավարման ու հասարակական կառուցվածքի հիերարխիկ (ուղահայաց կառուցվածք) բնույթով, կոռուպցիայի բարձր մակարդակով, աշխատատեղերի ոչ բավարար քանակով, կրթության ցածր որակով, մարդու տարրական իրավունքների պարբերական խախտումներով։

Ի հակադրություն տարածված կարծիքի՝ թուրքական տնտեսությունը ինքնաբավ չէ, տնտեսության կայունությունը ամբողջությամբ կախված է ներմուծումներից։ Բոլորս գիտենք տարբեր ոլորտներում Թուրքիայի ունեցած արտադրական մեծ հաջողությունների մասին։ Թուրքական պետությունը ջանք չի խնայում այդ փաստը քարոզելու համար, բայց ուշադիր ուսումնասիրության դեպքում պարզում ենք որ թուրքական տնտեսության հաջողությունների ճնշող մեծամասնությունը կախված է արտաքին գործոնից։

Եթե փորձենք պատմական ակնարկ կատարել, ապա կտեսնենք, որ Օսմանյան կայսրության գոյության ամբողջ ժամանակահատվածում պետության տնտեսական կայունությունը ապահովվում էր պատերազմների միջոցով։ Այն ժամանակ, երբ օսմանյան բանակները կարողանում էին արտաքին նվաճումներով թանկարժեք ռեսուրսներ ու նոր հարկատուներ ներգրավել` երկիրը ծաղկում ու զարգանում էր։ Միջնադարում նույնիսկ, Օսմանյան կայսրությունը աշխարհի ամենազարգացած ու առաջադեմ պետություններից մեկն էր համարվում։

Այն պահից, երբ երկրի հակառակորդները հզորացան ու արտաքին նվաճումներով այլևս չէր հաջողվում աջակցել տնտեսությանը` պետությունը սկսեց դանդաղ անկում ապրել։ Փաստացի երկրում առկա հասարակական կարգը բացառում էր տնտեսության արդյունավետ զարգացման հնարավորությունը (օրինակ թուրքերը անպատվաբեր գործ էին համարում առևտրականությունը, ուստի 19-րդ դարի երկրորդ կեսին պետության առևտրի մեծ մասը կենտրոնացել էր հայերի ու հույների ձեռքին)։

Հիմա, եթե փորձենք ուսումնասիրել ժամանակակից Թուրքիան, կարող ենք նմանատիպ օրինաչափություններ նկատել։ Խաղաղ ժամանակ թուրքական տնտեսությունը պարբերաբար ցնցումների է ենթարկվում, հաճախակի կարող ենք նկատել լիրայի ռեկորդային անկումներ, գործազրկությունների նոր ալիքներ, կյանքի որակի վատացում։ Թուրքիան, Օսմանյան կայսրության պես, իր ռեսուրսների զգալի մասը ծախսում է բանակի վրա, դրա միջոցով փորձում ռեսուրսների ներմուծում իրականացնել։

Օրինակ թուրքական զորքերի ներկայությունը Կիպրոսում, բացի աշխարհաքաղաքական հարմար օբյեկտում հենակետ ունենալուց, առավելապես պայմանավորված է կղզու մերձակա հատվածներում բնական գազի մեծ ռեսուրսների առկայությամբ։ Թուրքերի հավակնությունները հունական կղզիների նկատմամբ պայմանավորված են Էգեյան ծովի շահութաբեր նավահանգիստներին տիրելու ու բնական գազի հանքեր ունենալու ձգտումով։ Թուրքերի ներխուժումը Սիրիա իրականացվել է այնտեղի նավթահորերից նավթը Թուրքիա ներկրելու և հարյուր հազարավոր սիրիացի փախստականներ ձեռք բերելու համար, որպեսզի նրանց միջոցով Եվրոպայից ֆինանսական եկամուտներ ստանա։ Նույն սկզբունքով թուրքական զորքերի ներկայությունը պայմանավորված էր նաև Լիբիայում։

Վերջին տարիներին ռազմական հաջողությունների բացակայության պայմաններում թուրքական տնտեսությունը կրկին սկսել է տատանվել։ Թուրքիան իր էությամբ դասվում է մակաբույծ պետությունների շարքին։ Այն առանց պատերազմների ու ռեսուրսների զանգվածային ներկրման չի կարող զարգանալ։

Հիմա Թուրքիայի ռազմական ագրեսիան կրկին ուղղվում է դեպի Արևելք։ Թուրքիայի վերջին տարիների աշխարհաքաղաքական կարևոր խնդիրներից մեկը դեպի Կասպից ծով ցամաքային ճանապարհ ձեռք բերելն է։ Դրանով նա հնարավորություն կստանա տասնապատիկ անգամ մեծացնել իր ապրանքաշրջանառությունը Կասպից ծովի ավազանի և Միջին Ասիայի երկրների հետ, ինչպես նաև հնարավորություն կստանա մուտք գործել Հեռավոր Արևելքի շուկաներ։

Այս նպատակի իրագործման գլխավոր խոչընդոտը Թուրքիայի համար հանդիսանում է Հայաստանը։ Բնականաբար թուրքերը փոխզիջումների տարբերակը բացառում են, իրենց պետք է ճանապարհ, որ միայն իրենք վերահսկեն։ Բացի նրանից որ թուրքերը մեր նկատմամբ էթնիկ մակարդակում ատելություն ունեն, նրանք նաև իրենց անվերջանալի տնտեսական խնդիրները ուզում են լուծել ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Նույնիսկ եթե բացառենք էթնիկ ատելության հանգամանքը ապա Թուրքիան միևնույն է մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ այն մակաբույծ պետություն է և իր տնտեսական խնդիրները կարողանում է լուծել միայն ի հաշիվ հարևան պետությունների։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի, մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանխենք այսպես կոչված Արևելք-Արևմուտք ճանապարհի (Թուրանական ճանապարհ) բացումը։ Արդեն պարզ է, որ մենք պատերազմից չենք խուսափի, բայց բարեբախտաբար այս ճանապարհի բացումը վտանգներ է պարունակում ոչ միայն մեր, այլև տարածաշրջանի մի շարք այլ երկրների համար, որոնք իրենց միջամտությամբ կարող են իրավիճակ փոխել։ Ուստի ճիշտ արտաքին քաղաքականությունը կարող է նույնքան շատ խնդիրներ լուծել, որքան բանակի զինումն ու արդիականացումը։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Վահան Վարդանյան։