«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիական «աղմուկն» ու չեղարկված Գրանադան․ Արայիկ Մկրտումյան

05/10/2023

Այդքան սպասված Գրանադայի հանդիպումը տեղի չունեցավ: Ալիևը դեռ երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել մի հանդիպման, որտեղ «հակաադրբեջանական» մթնոլորտ է տիրում, որ Գերմանիան, Ֆրանսիան, Շառլ Միշելը պարզ հակաադրբեջանական պահվածք ունեն, երեք օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարը խիստ հայամետ և գրեթե թշնամական պահվածք ցույց տվեց առ Ադրբեջան, և Ալիևը չի պատրաստվում նման մթնոլորտում հանդիպման մասնակցել: Էրդողանն էլ պատահաբար «հիվանդացավ» ու Գրանադայի հանդիպումը ջրվեց:

Հայկական կողմ իհարկե միամտաբար ցնծում է, ուրախանալով, որ Ալիևը «վախեցավ» ու չեկավ, մինչդեռ մենք ավելի զգուշանալու տեղ ունեինք:

Երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, դա առնվազն զարմանալի է: Ո՛չ Քիշնևում, ո՛չ Պրագայում Ֆրանսիայի «հայամետ» պահվածքը Ալիևին հետ չէր պահել այդ հանդիպումից: Ուրեմն ի՞նչ պատահեց, որ հանկարծ Ադրբեջանում հասկացան, որ Ֆրանսիան «հայամետ է»: Արդեն երկու օր է հայ հասարակությունն ակտիվորեն քննարկում է, որ շուտով ֆրանսիացիները զենք են տալու: Իսկ ի՞նչ կարիք կար նման բացեիբաց տոնով խոսել զենքի նման զգայուն թեմայի մասին, երբ դա դեռ անորոշ մի բան է: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ զայրույթ էր առաջացել մեր մեջ, երբ հնդկական մամուլից «արտահոսք» եղավ այն մասին, որ Հնդկաստանը զենք է վաճառել Հայաստանին: Գրեթե բոլորն այն կարծիքին էին, որ զենքի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն պատրաստ են մարտական խնդիր կատարելու համար, իսկ հիմա հանկարծ բացեիբաց տոնով ի լուր աշխարհի հայտարարություն առ այն, որ Ֆրանսիան զենք կտա Հայաստանին: Եթե հայտարարում ես, որ պատրաստվում ես զենք տալ, նշանակում է ոչ միայն գիտես, թե ինչ զենք ես տալու, այլ նաև, թե ինչպես է այդ զենքը տեղ հասնելու: Պրոռուսական Վրաստանո՞վ, թե պրոռուսական Իրանով: Եվ մի՞թե ռուսները թույլ կտան, որ Հայաստանը Հռոմի ստատուտից հետո սկսի իրավիճակ փոխող զենք գնել Ֆրանսիայից: Իսկ Թուրքիա՞ն, որ Ֆրանսիայի հետ նույն ռազմական դաշինքի մեջ է: Իսկ Ադրբեջա՞նը, որի Բաքու-Ջեյհանի կառուցումն իրենց չափով ֆրանսիական կորպորացիաներն են իրականացրել: Եկեք չմոռանանք նաև, որ ֆրանսիական TotalEnergies էներգոհսկան, որ իր հզորությամբ չորրորդն է աշխարհում, շարունակում է ակտիվ աշխտել ադրբեջանցիների հետ: Հենց այս տարի, հուլիսի 10-ին ֆրանսիական TOTAL-ն ու ադրբեջանական SOCAR-ը նոր խոշոր հանքի հորատում են վերջացրել: Տեղին է հիշել այն, որ Մակրոնը հայտարարում էր, որ նավթի ու գազի պատճառով չեն դավաճանի հայ ժողովրդին:

Այս ֆոնին ֆրանսիական բարձրագոչ որ հայամետ ելույթներն ավելի վախեցնող են, քան տրամադրող: Կարելի է կարծել, որ ֆրանսիացիներն իրենց «անզգույշ» արտահայտություններով վախեցրին Ալիևին և վերջինս էլ նոր է գլխի ընկնում, որ ֆրանսիացիները հայամետ են: Էրդողանն էլ շատ հարմար պահի հիվանդացավ: Ավելի շուտ այն տպավորությունն է, որ ֆրանսիացիներն իրենք այնպես արեցին, որ Ալիևը հրաժարվի Գրանադայից: Գուցե ինչ որ հարցեր դեռ կիսատ են մնացել ու մեծ խաղացողները թույլ չեն տալիս, որ ավելի փոքրերը իրենք ինչ որ բան որոշեն: Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի այն ժամանակ, երբ մեծ խաղացողները դա ուզեն: Հայաստանն ինքը ի վիճակի չէ որոշելու խաղաղություն է ցանկանում, թե ոչ:

ՄԱԿ առաքելությունը Ստեփանակերտում հայտարարեց, որ քաղաքացիական շենքի ավերածություն չի տեսնում, մշակութային կոթողների ջարդ չի տեսնում, առանձնահատուկ ոչինչ չի տեսնում, միայն թե զարմացած են, թե ինչպես 100 հազարից ավել մարդ հանկարծ հապճեպորեն հեռացավ իր հայրենիքից՝ նույնիսկ իրերը չհավաքելով: Այդ առաքելությունտ ևս հերթական միֆերից էր, որոնց հավատում էր հայ հասարակությունը, որ շուտով նրանք կգան ու Ադրբեջանի համար լավ չի լինի: Նույնը Գրանադայի չստացված հանդիպումն էր, նույնը Քիշնևի ու Պրագայի հանդիպումները, Ֆրանսիայի ԱԳ նախարարի, Սամանտա Փաուերի, Նենսի Փելոսիի այցերը և այլն: Կարող ենք թվարկելով հասնել մինչև Ժակ Շիրակի այցը Հայաստան և դրանցից ամեն մեկը բնորոշվել է որպես «փրկության 100 տոկոսանոց երաշխիք»: Հայ հասարակության միֆերը սկսել են   ավելի ու ավելի հաճախ պայթել, ինչը միանշանակ դրական երևույթ է:

Բայց վերադառնանք Գրանադայի չստացված հանդիպմանը, որի տեղի չունենալն ավելի խոսուն է: Քանի որ այդ հանդիպման կնքահայրը Ֆրանսիան է, եկեք հիշենք, որ ի տարբերություն Եվրամիության այլ երկրների, նրանք ամբողջությամբ չեն հեռացել ՌԴ-ից, ավելին, այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Աշանը», «Լերուա Մերլենը», «Դեկատլոնը», Բոնդյուելը, «Դանոնը», «Ռենոն»՝ շարունակում են աշխատել ռուսական շուկայում:

Ֆրանսիան կարծես ադրբեջանցիների ձեռքով չեզոքացրեց այդ հանդիպումը, թեև սա ընդամենը ենթադրություն է: Ադրբեջանցիներին կարող էին հետ համոզել նաև ռուսները, քանի որ Գրանադան կարող էր գոնե տեսական մակարդակով խանգարել իրենց:

Բայց, անկախ նրանից Գրանադայում հոկտեմբերի 5-ին, թե մեկ այլլ տեղ և ուրիշ օր, Ադրբեջանը ձգձգելու ժամանակ չունի: Հայերից վերցրել են այն, ինչ հնարավոր էր վերցնել: Վերջինը Արցախի հայաթափումն էր: Թեև ՄԱԿ առաքելությունը շատպեց սրբագորխել Ադրբեջանին, բայց գնդակն այժմ իրենց դաշտում է և նրանք չեն կարող չխաղալ: Նույնիսկ Սյունիքը Ադրբեջանին հնարավորություն չի տա նորից «արդարություն» պահանջել: Այլևս չկա Արցախը, որի հաշվով Բաքուն միշտ լաց ու կոծ էր դնում, իսկ Գրանադան պիտի լիներ այն հանդիպումներից մեկը, որն անցնում է նախնական, բայց հաստատ պայմանավորվածության հանդիպումներով:

Թե ինչո՞ւ Փարիզն այնպիսի «հայամետ» աղմուկ բաձրացրեց, որի հետևանքով չեղարկվեց Գրանադան, դեռ ամբողջովին պարզ չէ: Գուցե Փարիզն ինքն էլ ինչ որ հարցերից դժգոհ է կամ բավարարված չէ և այդ իսկ պատճառով էլ չեզոքացնում է այդ հանդիպումը: Փարիզը նաև հետաքրքրություններ ունի իրանական էներգակիրների նկատմամբ, որին ռուսները չեն կարող չխանդել: Միամիտ կլիներ մտածել, թե Գրանադան նախատեսված էր հայերի ու ադրբեջանցիների հարցերը լուծելու համար և տասն անգամ ավելի միամիտ կլինի ենթադրել, որ Ադրբեջանն ինքն իրենով որոշեց չհանդիպել, որովհետև Ֆրանսիան հայամետ է: Չմոռանանք նաև չարաբաստիկ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Դրան հակասող Գրանադան՝ չեզոքացվեց:

Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական խելահեղ խաղի աննախադեպ ծանրության տակ: Գրանադան չեղարկվեց ու դա ունի իր գինը: Առայժմ դեռևս սակարկումներ են ընթանում, որի ավարտից հետո էլ բոլորն ինչ որ տեղ կհավաքվեն՝ իրենց ներքին պայմանավորվածությունները պաշտոնապես ձևակերպելու համար:
Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող