«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախյան շարժման նոր փուլը

21/02/2022

 

1988 ․․․ հայոց պատմության նորագույն շրջանի ամենահիշարժան տարեթվերից մեկը․․․ արցախյան շարժման նոր փուլի սկիզբ, բռնագաղթ, սումգայիթյան ցեղասպանություն, ավերիչ երկրաշարժ․․․

34 տարի առաջ փետրվարյան այս օրերին տեղի ունեցած դեպքերով հայ ժողովրդի կյանքում սկսվեցին շրջադարձային նոր ժամանակներ և Արցախը՝ Հաաստանի հետ վերամիավորելու պայքարի սահմանադրական փուլ։

Դեռևս 1921թ-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անօրինական որոշմամբ Արցախը բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին։ Դրանից հետո Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ծրագրված աշխատանքներ էին սկսել Արցախը հայաթափելու համար։ Սա չէր կարող առաջ չբերել ժողովրդի, մտավորականության, նույնիսկ կուսակցական աշխատողների և պետական ծառայողների մեծ մասի բացահայտ դժգոհությունը։ Եթե 1920-1950-ական թթ-ին Արցախյան ընդվզումներն առանձին անհատների դժգոհությունների արտահայտությունն էին, ապա 1960-1970-ական թթ-ի պայքարն արդեն թևակոխել էր նոր հանգրվան՝ զանգվածային ընդվզումների շրջան: 1988թ-ի փետրվարի 16-ից սկսած ցուցարարները դուրս եկան Ստեփանակերտի քաղաքային հրապարակ, որտեղ նրանցից շատերը օր ու գիշեր մնում էին վրանների տակ և խարույկներ վառում։ Քանի որ շարժումը ընթանում էր տարերայնորեն, և չկար ընդհանուր պաշտոնական ղեկավարություն, ուստի հրամայական պահանջ դարձավ ունենալ ղեկավար մարմին։ Ստեղծվեց նախաձեռնող խումբ՝ Արկադի Մանուչարյանի ղեկավարությամբ։ Նախաձեռնող խմբի շտաբը դարձավ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունը։

1988 թ․ փետրվարի 20-ին հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որը, հենվելով իր սահմանադրական իրավունքների վրա, ընդունեց պատմական կարևոր որոշում, ըստ որի պետք է Մարզխորհուրդը դիմեր Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմ վերադարձնելու համար։ Սակայն հարցի նպաստավոր լուծման մեր հնարավորությունները գնահատելիս նախ անհրաժեշտ է հասկանալ Մոսկվայի քողարկված դիրքորոշումը Արցախի հարցում։

Ինչու՞ Մոսկվան շահագրգռված չէր արդար լուծելու Արցախի հարցը, ինչու՞ էր դա հակասում նրա շահերին․նախ նշենք, որ ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկն էր՝ պահպանել առկա վիճակը՝ հրաժարվելով քննարկել որևէ հողային պահանջ։ Ամեն մի այդպիսի քննարկում՝ մանավանդ հիմնավորված պատմական նախադրյալներով, վտանգավոր էր և կարող էր որպես նախադեպ ծառայել բազմազգ ԽՍՀՄ-ի այլ ազգերի համար, բացի դա, ԽՍՀՄ ղեկավարության կողմից շատ վտանգավոր էր համարվում որևէ հարց լուծել ժողովրդի պահանջով․դա ևս կարող էր վարակիչ օրինակ ծառայել՝ ի վերջո հանգեցնելով կայսրության փլուզմանը։

Ի հեճուկս մոսկովյան այս տրամադրություններին՝ արցախահայության պայքարին զորավիգ լինելու վճռականությամբ 1988 թ․ փետրվարի 21-ից սկսվեցին հանրահավաքներ Հայաստանում։ Երևանի Թատերական հրապարակում տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը։ Շուտով հանրահավաքների ու ցույցերի ալիքը տարածվեց հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Հանրահավքների մասնակիցների թիվը անցնում էր հարյուր հազարներից, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին և եզակի դեպքն էր: Նույն օրը ԽՄԿԿ կենտկոմը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի իրողությունների մասին»՝ ըստ էության դատապարտելով ԼՂԻՄ-ի Մարզխորհրդի ընդունած որոշումը, այն համարելով մի խումբ անջատականների գործունեության արդյունք և եզրակացնելով, թե ԼՂԻՄ-ում վարչատարածաքային փոփոխություն իրականացնելը կհակասի երկու ժողովուրդների շահերին ու ցանկություններին: Փետրվարի 25-ին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ․Գորբաչովը հանդիպեց Զ․Բալայանի և Ս․Կապուտիկյանի հետ՝ կեղծ խոստումներով փորձելով հանգստացնել հայ ժողովրդին։ Ամենակարևորը, սակայն, որը մեր խորին համոզմամբ, հետագայում դարձավ Սումգայիթյան դեպքերի շարժառիթը, Գորբաչովի սպառնալիքն էր, որ եթե շարժումը շարունակվի, ապա դա կործանարար կլինի Ադրբեջանում ապրող շուրջ կես միլիոն հայերի համար։ Դրանով նա փաստորեն հուշեց ադրբեջանցի վանդալներին անել այն, ինչ արեցին մի քանի օր անց՝ փետրվարի 27-29-ը։

Փետրվարի 26-ին Գորբաչովը Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին հանդարտության և զսպվածության կոչ արեց։ Ամբողջ հայ ժողովուրդը՝ ի տարբերություն ադրբեջանցիների, այդ դիմումն ընդունեց պահի կարևորության լուրջ գիտակցումով և անմիջապես դադարեցնելով հանրահավաքները, ցույցերը, գործադուլներն ու դասադուլները, վերադարձավ խաղաղ աշխատանքային գործունեության։ Սակայն դեպքերի հետագա ընթացքը հայ ժողովրդին ստիպեց նորից ու նորից հավաքվել Երևանի թատերական հրապարակում, Մատենադարանի առջև, մայրաքաղաքի գլխավոր պողոտայում:

Խոսելով շարժման ղեկավարության մասին՝ հիշենք նույն՝ 1988 թ․ փետրվարին, ստեղծված Կազմկոմիտեն, որի մեջ մտել էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Հենրիկ Իգիթյանը, Վանո Սիրադեղանը և այլք։ Մարտի սկզբներին Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ ստեղծվեց <<Ղարաբաղ>> կոմիտեն, որն էլ ստանձնեց հայ ժողովրդի արդար պայքարի հետագա ընթացքի ղեկավարումը։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am