«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկու այցը Հայաստանի` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու գագաթնակետը կլիներ. քաղաքագետ

26/02/2024

Արևմտյան խաղացողները ակտիվորեն փորձում են խաթարել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի գործող իշխանությունների հետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան կարող է անդառնալի կետ դառնալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, կարծում է ռուս քաղաքագետ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը:

Փորձագետը Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ նշեց, որ ուկրաինացի առաջնորդի ժամանումը հազիվ թե կապ ունի Հայաստանի իրական շահերի հետ։ Դա, ամենայն հավանականությամբ, վկայում է հավաքական Արևմուտքի ձգտման մասին՝ վերջնականապես խզել Ռուսաստանի կապերը Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ։

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Երևան, ըստ որոշ տեղեկությունների՝ այցը կկայանա արդեն մարտի 4-ին: Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ «բարձր մակարդակի այցերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պատշաճ ժամկետներում»: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այցը տարածաշրջանային է. Զելենսկին նախատեսում է այցելել նաև Բաքու: Սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում նույնպես չկա։

Սուսլովի կարծիքով՝ Զելենսկու այցը Երևան կդառնար Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու քաղաքականության գագաթնակետը, քաղաքականության, որը վարում են Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը։ Այդ քաղաքականությունը համակարգային է, այդ քաղաքականությունը կայանում է նրանում, որ թուլացնի և վատթարացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները անվտանգության ոլորտում, միաժամանակ ընդլայնի և խորացնի կապերն այն երկրների հետ, որոնք բացահայտ ցուցադրում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մտադրությունները։

«Պետք է հասկանալ, որ մինչ այս պահը Զելենսկին ոչ մի հետխորհրդային երկիր չի այցելել (հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր- խմբ․), բացի Բալթյան երկրներից։ Բացարձակ ոչ մի երկիր։ Նա ոչ Ղազախստանում է եղել, ոչ Կենտրոնական Ասիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ նույնիսկ Մոլդովայում։ Հենց այդ պատճառով նրա այցը Հարավային Կովկասի երկրներ կդառնար այդ քաղաքականության գագաթնակետը, որի դեպքում, ինչպես ասում են, բոլոր դիմակները կպատռվեին»,- ասում է Սուսլովը։

Սուսլովի խոսքով՝ եթե Զելենսկին իսկապես այցելի ոչ միայն Երևան, այլև Բաքու, ապա դա մի փոքր կհարթի այդ բացասական ազդեցությունը, թեև ամբողջովին չի չեզոքացնի այն։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցն է մնում։

Փորձագետի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, իրավիճակը Երևանի և Մոսկվայի հարաբերություններում այս պահին միանշանակ չէ։ Առևտրատնտեսական ոլորտում լուրջ և ինտենսիվ համագործակցությունը պահպանվում է, ապրանքաշրջանառությունը աճում է, Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում:

Սակայն քաղաքականության և անվտանգության ոլորտում նկատվում է Հայաստանի անթաքույց անցումը Ռուսաստանի հակառակորդների կողմը։ Դա դեռևս անշրջելի չէ, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում: Եվ եթե Զելենսկին այցելի Երևան, դա կարող է անդառնալիության կետը դառնալ։ Դա կարող է փակել ներկայիս հայկական ղեկավարության հետ կարգավորման հնարավորությունները, կարծում է նա։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները երկրի հանդեպ: Բացի այդ, նա ռուս բարձրաստիճան անձանց մեղադրել է այն բանում, որ 2023 թվականի աշնանը նրանք հայ ժողովրդին իբր բացահայտ կոչ էին անում տապալել սեփական իշխանությունը։