«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞վ է Ադրբեջանում արգելել ազան հնչեցնելը

24/03/2022

Օրերս Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, անդրադառնալով ԻԻՀ խորհրդարանի 2 հայ պատգամավորների ներկայացրած պաշտոնական նամակին, որում ներկայացված են Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի գործադրած հոգեբանական ահաբեկչության ձևերը, փորձել է դիմել կեղտոտ սադրանքի։ 

Վերջինս, մասնավորապես, հայտարարելով, որ ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորներին անհանգստացրել է Շուշիի մզկիթից և շփման գծից հնչող ազանի (մահմեդական աղոթականչ) ձայնը, հույս է հայտնել, որ ԻԻՀ կրոնական գործիչները  նրանց կհասկացնեն ազանի սրբություն լինելը և նաև այն, թե ում է պատկանում Ստեփանակերտը։

Ծիծաղելին, ավելի ճիշտ զարմանալին այստեղ ոչ թե սադրանքի փորձն է, որովհետև դրան ադրբեջանցիները դիմում են գրեթե ամեն օր, այլ սադրանքի ձևն է և դրա համար ընտրված թեման։

Ազանի թեման, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաներին հատուկ տգիտությամբ չի գիտակցվել, որ դա ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը և իրանցի հոգևորականներին գրգռելու է հենց Ադրբեջանի դեմ։

Ինչո՞ւ։ Որովհետև հենց Ադրբեջանի իշխանությունները արդեն մոտավորապես 15 տարի՝ սկսած 2008թ. Ադրբեջանի գրեթե ողջ տարածքով ոչ պաշտոնապես արգելել են ազան հնչեցնել։ 

Ազան հնչեցնելը 2008թ.-ից նախ արգելվել է Բաքվի Թազա Փիր, Աժդարբայ, Հաջը Սոլթանլի, Քարբալայի Աբդուլլա մզկիթներում, ապա հետագա տարիներին հաջորդաբար Բաքվի մյուս մզկիթներում, ապա նաև վարչական շրջանների մեծ մասում՝ ներառյալ Գանձակ, Ղազախ, Իմիշլի, Շամախի և այլուր։ 

Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պետական հանձնաժողովը ժամանակին տվել է ստի և կեղծիքների վրա հիմնված պաշտոնական պարզաբանում՝ հայտնելով, որ արգելքի պատճառը մզկիթների շրջակա բնակիչների բողոքներն են, այնինչ իրենք բնակիչները բազմաթիվ հրապարակային հայտարարություններով հայտնել են, որ ազանի ձայնը իրենց համար սուրբ է և իրենց վերագրվողը Բաքվի իշխանությունների հորինած սուտն է։

Բացի ազանի հնչեցման արգելքից, Իլհամ Ալիևի կառավարման տարիների ամբողջ Ադրբեջանի տարածքում հիմնահատակ ավերվել է մոտ 3 տասնյակ մզկիթ, որից 3-ը Բաքվում։

Որոշ մզկիթներ էլ հատկապես հարավային թալիշաբնակ տարածքներում պղծվել են, քանի որ դրանցում դրվել են Հեյդար Ալիևի կիսանդրիները (իսլամում սա անընդունելի է և համարվում է կռապաշտություն)։

Ավելին, Իլհամ Ալիևի կառավարման մոտ 20 տարիների ընթացքում Ադրբեջանում իշխանությունների պատվերով սպանվել են մի շարք հեղինակավոր շիա հոգևորականներ, Ադրբեջանում Իրանի հովանավորությամբ իսլամական հեղափոխություն կազմակերպելու կեղծ մեղադրանքներով բանտեր են նետվել մի քանի տասնյակ շիա աստվածաբաններ, կրոնական գործիչներ, այդ թվում Թալեհ Բաղերզադեն, Մովսում Սամեդովը և այլոք։ 

Կից ներկայացվող տեսահոլովակում Ադրբեջանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն հայտնում է, թե ում անմիջական կազմակերպմամբ է արգելվել ազանի հնչեցումը Ադրբեջանի շիայական մզկիթներում։ Վերջինս տալիս է Ռամիզ Մեհդիևի անունը, ով եղել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մոտ 15 տարի։
Աղբյուրը՝  @Arm_Iranologists