«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետությունը կորցրեցինք, հայրենիքը գոնե փորձենք հետ բերել․ Աշոտ Ներսիսյան

23/10/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Արցախի անկումից հետո ամենատարբեր մակարդակներով հաճախ ենք լսում նրա հետ վերադարձնելու մասին: Դա նշանակում է սեթևեթանք, պատեհապաշտություն կամ էլ զգացմունքայնություն: Որպես դե ֆակտո պետություն կամ քաղաքական միավոր այն արդեն գոյություն չունի, դե ֆակտո այնտեղ արդեն գոյություն չունի իր բնիկ տարրը`հայ ժողովուրդը: Թե ինչու այսպես եղավ, շատ է գրվել և խոսվել, կգրվի և կխոսվի այնքան ժամանակ, քանի դեռ կա հայ ժողովուրդը: Բայց շատ կարևոր կլինի մշակել այն հայեցակետը, որը կծնվի Արցախի 30-ամյա պատմության ընթացքում հայ քաղաքական կամ դիվանագիտական մտքի ուղղվածությունների համադրական քննության հիման վրա, դրա սայթաքումների դետալ առ դետալ հաշվառմամբ և ոչ թե մեր հակառակորդներին հայհոյելով միայն: Եղածն արդեն եղած է և կորստի ցավն ատամներիս տակ սեղմելով պետք է խոստովանենք, որ Արցախն այլևս որպես պետական միավոր անհնար է վերականգնել և հիմա անհրաժեշտ է լրջորեն խորհել այն կրկին հայոց հայրենիքը դարձնելու մասին: Այսինքն, խնդիրը հիմա այսպես պետք է դնել` պետությունն ե՞ս վերականգնում, թե հայրենիքը: Իսկ այս երկուսի միջև տարբերությունն առկա է. դու կարող ես ունենալ հայրենիք, որի վրա ունես քո պետությունը և հայրենիք, ուր ապրում ես, որը գրավել է մեկ ուրիշ պետություն: Հիմա Արցախում երկրորդն էլ չէ, ինչպես Արևմտյան Հայաստանում, որովհետև այն նույնպես դարձավ քո պատմական հայրենիքը: Պետության հետ բերելը մոռանանք, ներկա իրավիճակում դա անհնար է, բայց որպես հայրենիք այն կորցնելու վտանգը պետք է կասեցնենք: Առաջին ճանապարհը կորցած հայրենիքը հետ բերելու, պատերազմն է, որը մեր կողմը երբեք չի նախաձեռնի, որովհետև Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և գիշեր-ցերեկ խաղաղության պայմանագիր է երազում: Այլ հարց է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և մենք կենաց-մահու պայքարի դուրս գալով հաղթենք նրան և մտնենք Արցախ: Բայց այս տարբերակը ներկայիս բուռն գործընթացների պայմաններում բացառվում է: Ուրեմն ո՞րն է մնում ամենաիրատեսական ճանապարհը: Կարծում ենք բոլոր ուղղություններով ջերմեռանդ աշխատանքները արրցախահայության տուն վերադարձի ուղղությամբ: Հարկավ,դա դյուրին խնդիր չէ և պահանջում է անվտանգության լուրջ երաշխիքներ: Բայց դրանք ոսկերչի մանրակրկիտ դիվանագիտական աշխատանքի դեպքում կարելի է իրականացնել: Ռուսներն այսօր հայության մեջ հակակրանք ձեռք բերելու ընդհանրության հասնելու պարագայում էլ, կուզենան արցախահայության վերադարձը, քանի որ դա հիմք կհանդիսանա նրանց համար Ադրբեջանից չգնալու: Հարց կարող է առաջանալ, թե այդ դեպքում ինչու՞ նրանք արգելք չհանդիսացան նրանց հեռանալուն: Բայց որևէ մեկը կարո՞ղ է հստակ պատասխան տալ այն հարցին, թե ի՞նչ մութ ուժերի աշխատանքի արդյունքում եղավ սեպտեմբերի հարձակումն ու հայաթափումը: Ռուսներն այս պարագայում չէին միջամտի, քանի որ նրանց պետք չէր մեզ համար իրենց իրավիճակը բարդացնելը: Իրանը ևս կուզենա հայության վերադարձը, քանի որ թեպետ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց ինչու պետք է ուզենար էթնիկական զտումը և տարածքի ժողովրդագրական պատկերի փոփոխությունն հօգուտ իր թշնամու` Իսրայելի բարեկամի: Թուրքիայի գլուխն հիմա խառն է Սիրիայում և այլուր իր խնդիրներով, Արևմուտքը նրան փող չի տալիս, շատ հարցերում ըննդիմադիր է նրան և դժվար թե ցանկանա այս խնդրին միջամտել, իսկ նույն Արևմուտքն էլ նաև նրա ջգրու կարծես թե ուժեղացնում է ճնշումներն Ադրբեջանի վրա, նաև վերջինիս դեպի Ռուսաստան շրջադարձի պատճառով: Արցախահայության վերադարձը Արևմուտքը կխրախուսի, միայն պայմանով, որ հայերը չձգտեն ինքնավարության: Ծիծաղելի անգամ կլինի մտածել դրա մասին: Հիմա Ռուսաստանն հայ-ադրբեջանական հաշտության խնդիրը ձգտում է տանել իր դաշտ, Արևմուտքն` իր: Մենք այն դաշտում պետք է լինենք, որը կստեղծի իրական երաշխիքը արցախահայության վերադարձի և իր հայրենիքում ապրելու: Պետությունը կորցրեցինք,որը հետ չի գա, հայրենիքը գոնե փորձենք հետ բերել: Սա պետք է լինի մեր գերխնդիրը, թեև հայ քաղաքական մտքի ներկայիս անմխիթար պայմաններում դրա իրականացման գաղափարը կարող է խիստ անիրատեսական թվալ: Թե չէ` մեր հայրենիքի վերաբերյալ պատմական հիշողությունների գրքում մի քանի էջ կավելանա միայն: Եվ ուրիշ ոչինչ: