«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինական սպառնալիք. Վահան Վարդանյան

26/10/2023

Վերջին շրջանի միջազգային իրադարձությունները՝ հատկապես Արևելյան Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում, ստվեր են գցել մի կարևոր գործոնի վրա, որը կարող է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների հիմք դառնալ։ Խոսքը գնում է աշխարհում աննախադեպ արագությամբ աճող Չինաստանի ազդեցության մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած Չինաստանի դեմ սահմանված մի շարք տնտեսական պատժամիջոցներին, երկրը մեծ թափով զարգանում է։

Չինաստանը հատկապես վերջին տարիներին լայն թափով մեծացրել է իր ներքին արտադրանքը և զարկ տվել արտահանումներին։ Շուկայում հանրահայտ բրենդների չինական պատենտների կողքին ավելի հաճախ սկսում են հանդիպել հենց չինական արտադրության բնօրինակ ապրանքներ, որոնց որակը օր օրի ավելի է բարձրանում։ Չինաստանը ակտիվ կերպով վճարում է իր արտաքին պետական պարտքերը, վարում է դոլարից անկախանալու քաղաքականություն և այլ պետությունների հետ կատարվող առևտուրն ավելի հաճախ իրականացնում է չինական յուան արժույթով։ Ռազմավարական նշանակություն ունեցող կիսահաղորդիչների արտադրությունը դանդաղ տեմպերով, բայց նույնպես զարգանում է Չինաստանում։

Հսկայական ռեսուրսներ են ծաղսվում տիեզերական ծրագրերի իրականացման համար։ Չինաստանը տարեկան կտրվածքով տասնյակ արբանյակներ է ուղարկում տիեզերք, ինչը զգալիորեն մեծացնում է իր կողմից տեղեկատվության տարածման ու հետախուզություն իրականացնելու հնարավորությունները։ Բացի այդ 2021 թ․ ապրիլի 29-ից Չինաստանը սկսել է Երկրի ուղեծրում գործարկել իր սեփական տիեզերակայանը, որը շարունակաբար մեծացվում ու արդիականացվում է։

Չինական գործոնը ամբողջությամբ հասկանալու համար պետք է պատկերացում կազմել նաև իր ռազմական ներուժի մասին։ Ինչպես մնացած բոլոր ոլորտներում, Չինաստանի ռազմական ներուժը զարգանում է հսկայական արագությամբ։ Չինաստանի ռազմական նավատորմը իր քանակով աշխարհում արդեն առաջին տեղ է դուրս եկել, թեև որակով դեռ զիճում է ամերիկյանին։ Ըստ ամերիկյան աղբյուրների գերձայնային հրթիռների ստեղծման գործընթացը Չինաստանում ընթանում է «ապշեցուցիչ տեմպերով», իսկ Պենտագոնի դիտարկումներով Չինաստանի ատոմային զենքի պաշարները 2030 թ․ կրկնապատկվելու են՝ հասնելով հազար մարտագլխիկի։

ԱՄՆ-ն ակտիվորեն իրականացնում է Չինաստանի զսպման քաղաքականություն։ Բացի տնտեսական պատժամիջոցներից ԱՄՆ-ն Չինաստանի շորջը տարածվող Հնդկա-խաղաղ օվկյանոսային տարածաշրջանում ստեղծել է ռազմաբազաների խիտ ցանց, որպեսզի խափանի Չինաստանի կողմից իր անմիջական ազդեցության գոտի մուտք գործելու փորձերը։ Թայվան կղզին, որի շուրջ ռազմական բախում է հասունանում, այդ ռազմաբազաների ցանցի առաջին շղթայի մասն է միայն կազմում։

Չինաստանի համար կենսական նշանակություն ունի Հնդկա-խաղաղ օվկիանոսային տարածաշրջան մուտք գործելը, ուստի նա տենդագին պատրաստվում է այդ տարածաշրջանում սպասվող էսկալացիաներին։ Միաժամանակ Չինաստանը սկսել է ակտիվ գործողություններ իրականացնել այլ ուղղություններով։ Վերջին տարիներին Չինաստանի կողմից իրականացվում է մի գործընթաց, որը վստահաբար կարող ենք անվանել «Գրոհ դեպի Արևմուտք»։ Չինաստանը մրցակցության մեջ է գտնվում իր հարևան Հնդկաստանի հետ՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում։ Ուստի երկու երկրները ակտիվորեն իրականացնում են դեպի արևմուտք ձգվող ռամավարական նշանակության ճանապարհների նախագծեր։ Չինաստանի նախագծած ճանապարհային ցանցը անցնելու է Միջին Ասիայով, Անդրկովկասով ու Իրանի Հյուսիսով դեպի Եվրոպա։ Թուրքերի կողմից «Զանգեզուրի միջանցքը» բացելու փորձերը պայմանավորված են նաև այս ճանապարհային ցանցի կարևորագույն հանգույցներից մեկը վերահսկելու ցանկությամբ։

Չինաստանը իր տնտեսական ազդեցությունը զգալիորեն տարածել է Միջին Ասիայում և արդեն մուտք է գործել Մերձավոր Արևելք։ Վերջերս տեղի ունեցած Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման պատմական իրադարձությունը իրականացվեց հենց Չինաստանի միջնորդությամբ։ Պարսից ծոցի ավազանի երկրներում արդեն արագ տեմպերով մեծանում է չինական կապիտալը, երկկողմ առևտուրը հիմնականում կատարվում է յուաններով։ Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում այնքան է մեծացել, որ վերջերս սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով, այն միանգամից վեց ռազմանավ ուղարկեց Պարսից ծոցի ավազան՝ իրավիճակը տեղում վերահսկելու համար։

Չինաստանը հսկայական ռեսուրսներ է ծաղսում նաև Աֆրիկա մայրցամաքում իր ազդեցությունը տարածելու համար։ Աֆրիկյան երկրներում մեծանում են Չինաստանի հետ միջպետական համագործակցության դեպքերը, Չինաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական խորհրդականները ավելի հաճախակի են այցելում աֆրիկյան մայրցամաք, աֆրիկյան երկրներին տրվում են նորագույն տեխնոլոգիաներ, գնալով մեծանում են մայրցամաքում չինական ներդրումները։ Չինաստանի ներկայությունը հատկապես երևում է այն երկրներում, որտեղ վերջին տարիներին զինված հեղաշրջումներ են տեղի ունեցել։

Կարող ենք արձանագրել, որ Չինաստանի աճող ազդեցությունը աշխարհում, սկսել է մեծապես ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Իրադարձությունների զարգացման այսպիսի տենդենցների պահպանման դեպքում գերտերությունների միջև մրցակցությունը էլ ավելի է սրվելու և տարբեր տարածաշրջաններում (այդ թվում նաև մեր) ուղղակի ու անուղղակի կերպով նոր հակամարտությունների առաջացման հիմք է դառնալու։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող