«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը՝ փոթորիկի կենտրոնում. Արայիկ Մկրտումյան

14/09/2023

Տարածաշրջանի գլխավոր խաղացողներից, այսպես ասած «հարց լուծողներից» մեկը ՌԴ-ն է, որը բավական խորը համագործակցային հարաբերություններ ունի մեկ այլ խոշոր խաղացողի՝ Թուրքիայի հետ: ՌԴ-ը միաժամանակ նաև ՀՀ ռազմավարական դաշնակիցն է համարվում (թեև դրան արդեն շատ քիչ հավատացող կա): Թուրքիան հայերի թշնամի Ադրբեջանի մեծ եղբայրն է ու միաժամանակ Իրանի հակառակորդը: Իրանը լավ հարաբերություններ ունի ՀՀ և ՌԴ հետ:

Թուրքիան արդեն բավական երկար ժամանակ է ինչ Ադրբեջանի ձեռքերով իրականացնում է հակաիրանական քարոզչություն և գործողություններ: Հակաիրանական գործողությունների ամենամեծ ջատագովը Իսրայելն է, որը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին ամենամեծ սպառազինություն մատակարարող գլխավոր երկրներից մեկը: Պատահական չէ, որ հենց 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Մոսադի կողմից տեղի ունեցան իրանական ատոմային ծրագրի դեմ ամենից արդյունավետ հարձակումները, սպանվեց իրանի միջուկային ծրագրի հայր համարվող Մոհսեն Ֆահրիզադեն: Ընդ որում իսրայելյան գործակալների համար Ադրբեջանը վաղուց է դարձել հարմար հարթակ՝ Իրանի նկատմամբ դիվերսիաներ իրականացնելու համար:

Պայմանավորված վերջին իրադարձություններով՝ Իսրայելը խորը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը ՌԴ-ին բարձր ճշգրտության հրթիռներ է մատակարարելու, իսկ ՌԴ-ը Իրանին մի այնպիսի զենք, որը կարող է հարվածել Իսրայելին հենց իր տարածքում: Արդյո՞ք խոսքը գնում է միջուկային տարրի մասին թե ոչ՝ դժվար է ասել:

Մյուս կողմից էլ Իրան-ՌԴ հարաբերությունները ունեն և՛ համընկնումներ, և՛ տարբերություններ: Նրանք երկուսն էլ համաձայն են, որ տարածաշրջանում երրորդ ուժի, այսինքն Արևմուտքի ներկայությունն անթույլատրելի է և նրանց շահերը տարբերվում են, երբ խոսքը վերաբերում է Զանգեզուրի միջանցքին: Ընդ որում միջանցքի հարցով կիսատ-պռատ իրար հետ համաձայն են Թուրքիան և Ռուսաստանը: Պարզապես Թուրքիան ուզում է իր վերահսկողությունը հաստատի միջանցքում, Ռուսաստանը՝ իր: Ու հենց այստեղ էլ այդ միջանցքին դեմ է կանգնում Իրանը, որովհետև, ինչպես բազմիցս նշվել է, այդ միջանցքը Իրանի համար չափազանց մեծ վտանգներ է ստեղծում ու շրջափակման մեջ առնում: Իրանը հենց այդ պատճառով էլ անընդհատ հայտնում է, որ տարածաշրջանում սահմանային փոփոխություններ չի հանդուրժի՝ նկատի ունենալով հենց ու միայն այդ միջանցքը: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և նրա բնակիչների իրավունքները պետք է հարգվեն հստակորեն ամրագրված կերպով: Իրանը դեմ չէ Արցախի հայերի իրավունքներին, բայց նախընտրում է, որ այդ իրավունքները պաշտպանվեն ռուսական, այլ ոչ թե արևմտյան մանդատով: Իրանի մտահոգությունն այս պարագայում այն է, որ եթե Արևմուտքը կարողանա թեկուզ փոքր, բայց ամուր հենակետ ունենալ Հայաստանում, ապա դա իր դեմ է օգտագործվելու: Այս առումով իրանական ու ռուսական շահերը համընկնում են և այդ իսկ պատճառով էլ հայ-ամերիկյան փոքրիկ զորավարժությունը, որն իրենից զրոյական վտանգ է ներկայացնում, գնահատվեց քաղաքական առումով և դատապարտվեց: Նույնն է տեղի ունենում նաև հայ-ուկրաինական հարաբերությունների լավացման ցանկացած առիթով:

Վերջին օրերի խառնաշփոթի ժամանակ Ադրբեջանը իրար հակասող մի քանի գործողություններ կատարեց: Նախ հանդիպում եղավ իրանական բարձրաստիճան պաշտոնյայի հետ, միաժամանակ ներքին կարգով «տեղեկատվական արտահոսք» կատարեց, որ իրանական հարձակման դեպքում Թուրքիան ևս կմիջամտի, Իրանին հայտնեց, որ ռազմական գործողություններ սկսելու միտում չունի, բայց շարունակեց զորք ու տեխնիկա կենտրոնացնել սահմանին՝ Հայտարարելով, որ դա ընդմանեը ավանդական զորախաղ է:

Եվ այստեղ հարց է հասունանում, թե ռուս-իրանական հարաբերություններն ինչ ընթացք կունենան: Եթե ռուսները ի վերջո որոշեն բացել այդ միջանցքը, ապա Իրանն ինչ գին կուզի դրա դիմաց: Կամ արդյո՞ք Իրանը բավականաչափ մեծ գին կկարողանա տալ ռուսներին՝ միջանցքը չբացելու համար: Գուցե և այդ գինը հենց այն ռազմական օգնությունն է, որ ռուսները ստանում են իրանցիներից:

Բայց եթե ռուսներն ու Իրանը այս դեպքում սակարկելու բան ունեն, ապա իսրայելա-թուրքա-ադրբեջանական տանդեմը ամեն կերպ է փորձում պոկել Զանգեզուրյան միջանցքը, որին Իրանը կտրուկ դեմ է: Ռուսները դեմ չեն լինի թուրքերի ձեռքով պոկել միջանցքը և հարմար պահին՝ սեփականացնել այն: Դա դժվար չէ կազմակերպել: Ադրբեջանական ուժեղ հարձակումը Հայաստանին կարող է այնպիսի վիճակում դնել, որ հայերը ստիպված ռուսների առաջարկած «փրկությունն» ընդունեն՝ շնորհակալության փոխարեն տալով միջանցքը:

Միաժամանակ թուրք-իրանական արտգործնախարարների քննարկումները այն եզրակացությանն են հանգում, որ ռազմական բախում չպիտի լինի, քանի որ երկուսի վրա էլ ծայրահեղ ծանր կնստի: Գուցե հենց այդ պատճառով էլ Փաշինյանը զանգահարեց ուր ասես՝ խնդրելով, որ Թուրքիայի նախագահը կապի դուրս գա: Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին շատ քիչ բան է հայտնի: Պաշտոնական տեղեկագիրն ասում է, որ զրույցը «բովանդակային էր»: Զրույցը չէր կարող չվերաբերել նաև հայ-ադրբեջանական հարցերին և ուշագրավ է այն, որ նրանց ուղիղ կապը տեղի ունեցավ առանց Մոսկվային ուղղված դիմումների, որի պատճառով ռուսները բավական բարկացած են: Հերիք չէ, որ հայերը վերջին շրջանում առանց իրենց հարցնելու ինչ որ հայտարարություններ են անում, զորավարժություն անում, դեռ մի բան էլ արևմուտքին են միջնորդ դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կայացման համար:

Ընդ որում, վերջին օրերին  G20-ի հրապարակած առևտրատնտեսական կարևորագույն քարտեզից դուրս են թողնված և՛ Իրանը, և՛Թուրքիան, և՛ Ադրբեջանը, բայց կա Իսրայելը: Թուրքիան արդեն իսկ առաջարկել է փոխել այդ քարտեզը և դարձնել Քաթար-Սաուդյան Արաբիա-Իրաք-Թուրքիա: Հետաքրքիր է, թե ինչպես կդասավորվեն Իսրայել և Թուրքիա հարաբերությունները, եթե այդ «գործընկերներից» ամեն մեկը փորձում է մեկը մյուսի ձեռքից խլել տնտեսական մոդերատորի դերը: Եվ արդյո՞ք Իսրայելից նեղացած Թուրքիան կարող է անել անհնարինն ու հարաբերությունների մակարդակը փոխի Իրանի հետ: Եթե նույնիսկ նման բան էլ լինի, դա արդյո՞ք նշանակում է, որ Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ այլ մակարդակի հարաբերություններ սկսել, եթե Թուրքիան սառեցնի իր միջանցքային տրամադրությունները: Իսկ ի՞նչ կասեն նման դեպքում Բաքուն ու Մոսկվան: Թեև իրադարձությունների այս սցենարն այս պահին անհավանական է թվում, բայց մեզ չէր խանգարի դիտարկել ցանկացած տարբերակ, որը կարող է մեր վրա ևս ազդեցություն թողնել, եթե նույնիսկ դա ինչ որ պահի անհեթեթ է թվում:

Այս բոլոր երկրները չափից ավելի պինդ թելերով են կապված մեկը մյուսի հետ և չեն կարող իրենց ցանկությամբ անել կամ չանել որևէ բան: Ցանկացած քիչ թե շատ ցնցում կարող է դոմինոյի ազդեցություն ունենալ: Եվ այս ամենի կենտրոնում գտնվում է Հայաստանը, որի բարեկամն ու թշնամին այլևս տարբերել չի լինում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հանդիպում է նախատեսվում Փաշինյանի և Ալիևի միջև: Ադրբեջանը ամեն կերպ ցանկանալու է իրադարձություններն այնպես զարգացնել, որ կամ այդ հանդիպումը տեղի չունենա, կամ հայերը ընդունեն ցանկացած պահանջ: Ի հավելումն այս ամենի՝ ռուսական ընդամենը մեկ բեռնատարը փրկեց Ալիևի դեմքը: Ռուսական Կարմիր խաչի ուղարկած հումանիտար բեռը Ադրբեջանով՝ Աղդամով մտավ Ասկերան, գնաց Ստեփանակերտ: Բաքուն այժմ կարող է ողջ աշխարհին ցույց տալ, որ հայերի ցեղասպանություն չկա, արցախցիները քաղցած չեն, ճանապարհ կա, օգնություն կա: Դրանով չեզոքանում է Լաչինի ճանապարհը՝ լուրջ խոչնըդոտներ ստեղծելով նաև Հայաստանի համար:

Իսկ ի՞նչ գնով են պայմանավորվել ռուսներն ու ադրբեջանցիները:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող