«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այլընտրանք Զանգեզուրի միջանցքին. Բլե՞ֆ, թե նոր առևտուր. Արայիկ Մկրտումյան

28/09/2023

Նախիջևան կատարած այցից հետո Էրդողանը հայտարարեց, որ եթե Հայաստանը չհամաձայնի Զանգեզուրի միջանցքի բացմանը, ապա Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջան ճանապարհը կանցնի Իրանով, Իրանն արդեն նախնական համաձայնություն է տվել դրան: Բայց ուրախանալու ոչինչ չկա, քանի որ այդ ամենը հավելյալ խնդիրներ է առաջացնում: Նախիջևանում նաև խոսում են, որ Իգդիր-Նախիջևան գազատար է կառուցվելու: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան էներգակիրներ չունի, գուցե և խոսքը գնում է այն մասին, որ ոչ թե Իգդիրից է գազ գնալու Նախիջևան, այլ հակառակը:

Այստեղ մի շարք հարցեր են ծագում: Եթե թուրքերի ցանկությունը Ադրբեջանի հետ կապվելու համար գազային ճանապարհն էր, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Զանգեզուրի ավտոճանապարհի մասին այդքան աղմուկն ու պատերազմի հավանականությունը: Իսկ գուցե Զանգեզուրի ավտոճանապարհ ասվածն ընդամենը հերթական բլեֆն էր, որով պարզապես փորձում էին շահագրգիրռ կողմերից մեկն ու մեկին բարոյական վնասի փոխհատուցում տալ: Այդ կողմը կարող է լինել Ռուսաստանը: Զանգեզուրյան «ցամաքային» ճանապարհ գլխավոր շահառուն եղել և մնում է Ռուսաստանը, որը չի ցանկանում իրադարձություններից դուրս մնալ: Թեև հենց ռուսներն են այդ «միջանցքը» համարում «ՆԱՏՕ-յական», բայց դա այնքան էլ արդար չէ, քանի որ թուրքերի կողմից առևտուր կատարվում է և՛ ՆԱՏՕ-ի հետ, և՛ ռուսների: Բայց ռուսներին ձեռք չի տալիս առևտրային կողմ լինելու դերը, չափից ավելի շատ ներդրում է արել, չափից ավելի շատ հարաբերություններ են փչացրել, որպեսզի գոհանա ընդամենը առևտրական կողմի դերով: Ռուսները ցանկանում են լինել վերահսկողի դերում: Իսկ վերահսկման ամենալավ ճանապարհը Սյունիքով անցնողն է:

Ընդ որում եթե Ադրբեջանը որոշել է գազ տանել դեպի Իգդիր Իրանի տարածքով ի հեճուկս Զանգեզուրի միջանցքի, ապա դա նշանակում է պարսկական էներգակիրների արհամարհում, ինչը պարսիկները չեն կարող թույլ տալ: Ու գուցե հենց դրա համար էլ Իրանին կհանձնվի իրենց տարածքով անցնող ցամաքային ճանապպարհը: Եթե Ադրբեջանի կողմից գազը հասավ Իգդիր, հնարավոր է այն ինչ որ կերպ գնա նաև Եվրոպա: Բայց արդյո՞ք Ադրբեջանն ունի այնքան գազ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից բացի աշխատեցնի նաև Նախիջևան-Իգդիրը: Եթե ոչ, այդ դեպքում ադրբեջանցիները կարող են «վաճառել» ռուսական էներգակիրները՝ Ռուսաստան-Ադրբեջան-Սյունիք-Նախիջևան-Իգդիր ճանապարհով: Ռուսներին պետք է, որ դա անցնի Սյունիքով, հակառակ դեպքում իմաստ չկար այս ամենը սկսելու: Ռուսներին կարող է հակադրվել մի կողմից իրանական, մյուս կողմից՝ միջինասիական գազը: Իրանականի դեպքում ռուսները չեն ցանկանա կտրուկ կերպով մեկուսացնել Իրանին, քանի որ Իրանը հիմա կարևոր է ռուսների համար, բայց միայն առայժմ: Ինչ վերաբերում է միջինասիական էներգակիրներին, ապա այստեղ ավելի շատ մտածելու հարց կա: Ռուսները կարող են ստիպել, որ այնտեղի էներգակիրները իրեն վաճառվի և դրանով իսկ նաև զսպեն Չինաստանին՝ միաժամանակ արժեզրկելով իրանական նավթն ու գազը: Իսկ այն, որ Իրանը նախնական համաձայնություն է տվել իրա տարածքով նախագծված ճանապարհին, ոչ մի գրամ չի թուլացնում լարվածությունը Հայաստանի հանդեպ, քանի որ այս դեպում կարևոր Զանգեզուրի միջանցքը դառնում է հավելավճար: Ընդամենը: Ի դեպ, գազի թեմայով չմոռանանք նաև, որ «Թուրքական հոսք» գազատարը հիմա լավագույն վիճակում չէ: Սև ծովի տակով անկացվող գազատարը հիմա լավագույն հենարանը չէ, որովհետև Սև ծովը դեռ բազմաթիվ վիճելի տարածքներ ունի և դեռ պարզ չէ, թե գազատարը ընդհանրապես կարդարացնի՞ հույսերը թե ոչ:

Այս ամենն ուղիղ շարունակությունն է ավելի վաղ հիշատակված G-20-ի հրապարակած քարտեզի, որում Իրանն ու Թուրքիան բացակայում էին: Ինչպես և կանխատեսվել էր, Թուրքիան շատ արագ բողոքեց այդ քարտեզի դեմ և առաջարկեց փոփոխել երթուղին՝ դրա մեջ մտցնելով Քաթարը, Իրաքը, Թուրքիան: Սա հավակնոտ, բայց ոչ այնքան հավանական է, որովհետև գոնե Իրաքը անկայուն պետություն է և հայտնի չէ, թե նրա հետ դեռ ինչ կպատահի: Թուրքերի առաջարկած նոր երթուղին ոչ միայն Իրանին չի ներառում, այլև դուրս է թողնում Իսրայելին, ինչը չի կարող նոր հուզումներ չառաջացնել: Թուրքիան չի կարող Իսրայելին դեմ գնալ, բայց ճանապարհը ևս շատ կարևոր է: Բազմիցս նշվել է, որ ներկայիս ժամանակներում պատերազմ մղվում է ոչ այնքան ռեսուրների համար, որքան՝ լոգիստիկայի, այս դեպքում ճանապարհներից զուրկ Թուրքիան դառնում է ամորֆ ու կտրված մի երկրամաս:

Գանք մեր տարածաշրջան: Ինչպես տեսանք, Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, կատարվեց նույն կերպով ինչ և 2020թ., այսինքն ոչ ոք սկզբունքորեն դեմ չէր այդ ամենին և խոսքը հումանիտար իրավիճակից այն կողմ չգնաց: Ռուսաստանը խիստ դատապարտեց տարածաշրջանում միջազգային առաքելության հաստատման առաջարկն ու սկսեց Ադրբեջանի փաստաբանությունը կատարել, ասելով, որ առանց Բաքվի համաձայնության, դա չի լինի: Իսկ գուցե Բաքուն ավելի համաձայն կլինի այդ միջազգային առաքելության գնով վերջապես ազատվել Ռուսաստանից, որն Արցախը վաճառելու համար անընդհատ նոր գին է ուզում ադրբեջանցիներից ու հայերի դեմ տարած ռազմական հաղթանակն արդեն շատ թանկ է սկսում նստել Բաքվի վրա: Նկատենք, որ ռուսներն ավելի դեմ են այդ միջազգային առաքելությանը, քան նույնիսկ Բաքուն, քանի որ եթե միջազգային առաքելությունը, այսինքն ՆԱՏՕ-ն մտավ Սյունիք ու Արցախ, ապա ռուսներին մնում է միայն լուռ հեռանալ այստեղից: Ադրբեջանը, չի բացառվում, որ կօգտվի արևմտյան աջակցությունից՝ ռոսւներին հեռացնելու և պարտքերը ջրելու համար: Ռուսները ամեն ինչ կանեն չգնալու համար: Նույնիսկ եթե Իրանն ու Ադրբեջանը և Թուրքիան ցանկանան ճանապարհն անցկացնել առանց Հայաստանի, Սյունիքը պետք է դառնա ռազմական թատերաբեմ: Ռուսները դիվանագիտությունից թույլ են, նրանք սիրում են կիսասառած կոնֆլիկտներ և անվերջ շահարկումներ: Դրա լավագույն օրինակներից Արցախն է, այդ իրավիճակը սպառնում է նաև Սյունիքին:

Ամեն դեպքում, ով ում ինչ էլ խոստանա, արվելու է Հայաստանի ու հայերի հաշվին: Այնպես ինչպես 2020-ի պատերազմը թույլ տվեց Իսրայելին ու Թուրքիային, այսինքն արևմուտքին իր հարցերը լուծել իրանական միջուկային ծրագրի հետ ու Ռուսաստանը նախապատրաստվեց ուկրաինականին, այնպես էլ հիմա է մեծ առևտուր գնում: Ցավոք սրտի մենք այս պահին միջազգային ասպարեզում դերակատարում չունենք և չունենք նաև կամք այդ իրադարձություններին մասնակցելու առումով:

Տարածաշրջանում պատերազմի վտանգը թուլացել է չնչին չափով և ամեն վայրկյան կարող է պայթել:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող