«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան տարածքային ամբողջականության կամ սահմանների անձեռնմխելիության հիմնադրույթներ"․պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան

13/10/2021

   Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայում անվտանգության և հա­մագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ է դեռևս 1992 թ․ հունվարից, սակայն մինչ այդ, դեռևս 1975թ. Հելսինկիում այդ կառույցի կողմից ընդունվել էր կարևոր միջազգային փաստաթուղթ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը։ Նշված փաստաթղթի դրույթներին էին վերապահված Եվրոպայում, այդ  թվում, նաև Հարավային Կովկասում, հակամարտությունների և վեճերի  կարգավորման սկզբունքները:

     Հելսինկյան եզրափակիչ ակտը հռչակում է, որ <<մասնակից պետությունները պետք է հարգեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը` անկախ ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական հատկանիշներից: Նրանք պետք է խթանեն և խրախուսեն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և մյուս իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացումը, որոնք բխում են մարդկային էակին ի ծնե բնորոշ արժանապատվությունից և անհրաժեշտ են նրա ազատ և ամբողջական զարգացման համար>>: Եզրափակիչ ակտը նաև սահմանում է, որ <<մասնակից Պետությունները պետք է գործեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նպատակներին և սկզբունքներին համապատասխան>>։

       Ասվում է` իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամ­բողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Բնավ ո´չ և ճիշտ հակառակը: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները․ <<նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ>>։

    Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1-ին), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնա­հարումը: Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից:

     Այսու, ակնհայտ է, որ Հելսինկիի Եզրափակիչ ակտը խոսում է ոչ թե տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունե­լիության մասին: Այսինքն, խոսքը գնում է Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրած մի երկրի կողմից նույն ակտը ստորագրած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տա­րածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելության մասին: Այստեղ  նկատենք ուշագրավ փաստ․  նախ Ադրբեջանը տարիներ շարունակ ՀՀ-ին մեղադրել է իր տարածքային ամբողջականությունը խաթարելու մեջ, սակայն հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ. և Արցախի Հանրապետությունը այդ ժամանակ չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի պարզ պատճառով, քանի որ չէր գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ավելին, Ադրբեջանը, 1991 թ․ օգոստոսի 30-ին ընդունելով Ադրբեջանի անկախության մասին ակտը և հռչակելով իր անկախությունը, հստակ հանդես եկավր  որպես 1918-1920 թթ․ մուսավաթական. Ադրբեջանի իրավահաջորդ (որն, ի դեպ, չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից): Գաղտնիք չէ, որ Արցախի Հանրապետությունը չէր մտնում 1918-1920 թթ․ Ադրբեջանի Հանրապետության կազմում, ուստի, նախ պետք է ճշտել, թե տվյալ դեպքում, ո՞ր պետության տարածքային ամբողջականության մասին է խոսքը` ԱդրԽՍՀ, թե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության։ Տեղին կլինի նշել, որ երկուսն էլ չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև չունեին սուվերեն երկրին հատուկ հստակ սահմաններով պարփակված տարածքային ամբողջականության հատկություններ, ուստի Ադրբեջանի նկրտումները Արցախի Հանրապետության նկատմամբ իրավազուրկ էին։

      Անդրադառնալով Հելսնիկյան եզրափակիչ ակտի մեկ այլ սկզբունքի՝ պետք է մշտապես հիշել, որ այդ ակտի բուն նպատակը եղել և մնում է միջպետական հարա­բերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով խաղաղության և անվտանգության ապահովումը (դրույթ, որը սակայն ի զորու չեղավ կանգնեցնել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա 2020 թ․ սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ հարձակումը, որը վերածվեց 44-օրյա պատերազմի), և ոչ թե սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին <<սրբազան կովի>> կարգավիճակի շնորհումը: Ըստ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների՝ պետությունները պարտավորվում են ուժ և ուժի սպառնալիք չկիրառել այլ պետությունների դեմ` ցանկացած իրավիճակում, և միմյանց միջև առաջացած վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այս սկզբունքները վերջին երեսնամյակում ամենօրյա ռեժիմով կոպտորեն խախտվել են Ադրբեջանի կողմից և, այդ ամենը, ինչպես նաև 2020 թ․ վերջին արցախյան պատերազմը կատարվել են ԵԱՀԿ և միջազգային հանրության տարօրինակ լռության ներքո։

     Հելսինկայն եզրափակիչ ակտում մեզ հետաքրքրող մյուս սկզբունքը ազգերի ինքնորոշմանն է վերաբերում։ Սկզբունքը ձևակերպված է հետևյալ կերպ. <<Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի Կանոնադրությանն նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը: Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի հարգման և արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը` նրանց միջև, ինչպես նաև բոլոր պետությունների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար. նրանք նաև ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձևը վերացնելու կարևորությունը:>>

     Վերը նշված ձևակերպումը վկայում է, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով։

    Փաստորեն քննարկվող ակտը ազգերի ինքնորոշման իրավունքը միավորում է ժողովուրդների հավասարության  սկզբունքին։ Դա իր հերթին նշանակում է, որ բոլոր ազգերը հավասար իրավունքներ ունեն սեփական հայեցողությամբ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության։ Քննարկվող փաստաթուղթն որևէ ժամանակային, նպատակային կամ ձևային սահմանափակում չի դնում ինքնորոշման իրավունքի իրացման համար: Վերը նշվածից հստակ երևում է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Հելսինկյան եզրափակիչ ակտում ազգերի ինքնորոշման իրավունքին վերապահված բոլոր պայմանների ապահովվմամբ։

Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա և այլն) և փոփոխվելու են պետությունների սահմանները:

            Ամփոփելով վերոշարադրյալը` կարելի է եզրակացնել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան տարածքային ամբողջականության կամ սահմանների անձեռնմխելիության հիմնադրույթներ: Նշյալ փաստաթղթերում առկա է միայն փաստաթղթերը ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականությունը չխախտելու և սահմանները չփոփոխելու հանձնառություն, այսինքն այս համատեքստում Արցախի դեպքում՝ քիչ թե շատ կիրառելի է եղել ազգերի ինքնորոշման իրավունքը;

Մարինե Գևորգյան

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ