«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

07/03/2021

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել ողբերգակատակերգական: Ներքին դրամատիկ կյանքն ամեն օր մի հետաքրքիր արարված է ունենում: Նոր արարվածը բեմադրվում է Օնիկ Գասպարյանի թնջուկի առնչությամբ: Ընդդիմադիրները պահանջում են, որ նա հրաժարական չտա: Այսօր շատերը հավաքվեցին ՊՆ մոտ և նույն պահանջով հանդես եկան՝ Սահմանադրությունից համապատասխան հղումներ անելով և փորձելով ապացուցել, որ Օնիկ Գասպարյանին վարչապետն ազատելու իրավունք չունի: Այս օրերին շատերը խորացան Սահմանադրության ընթերցանության մեջ, բազում տեսակետներ հնչեցին՝ նրա ազատման որոշման ճշտությունը հիմնավորող կամ ժխտող: Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ այս պահանջով հանդես եկողները Օնիկ Գասպարյանի հեռացմամբ են մտահոգված. թե՞ բանակն ընդդեմ իշխանությունների շարժելով և հեղաշրջում կատարելով: Ինչպես գրել ենք՝ Օնիկ Գասպարյանը լինելով բարձրարժեք զինվորական, պատերազմը, սակայն, տանուլ է տվել: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը պետք է տրամաբանորեն տարածվեր ողջ հրամկազմի հրաժարականի վրա ևս: Ուրեմն այստեղից էլ՝ ավելի շատ հակվածություն կա բանակը իշխանության դեմ հանելու, որը շատ բարդ խնդիր է և ոչ տեղին: Համոզված ենք, որ Օնիկ Գասպարյանը դրան չի գնա: Ուրեմն, ի՞նչ է պահանջում իրավիճակի հանդարտացումը: Կարծում ենք՝ նրա մամլո ասուլիսը, ուր կտա պարզաբանումներ, թե ի՞նչ է նախատեսել: Բայց նա դա չի անում: Լիազորե՞լ է նա արդյոք, որ մարդիկ պահանաջեն իր ազատման որոշումը չեղարկել: Դժվար թե: Եթե պետք է հեղաշրջում անի, էլ ի՞նչ է սպասում: Միգուցե սպասում է ՀՀ նախագահի սահմանադրական դատարան դիմելու՞ն, որը պահանջում են ընդդիմադիրները, կամ նրան, որ նոր պետ նշանակվի, հետո նոր հանդես գա: Բայց միթե այդքան միամիտ է: Մի խոսքով՝ դժվար է նրա փոխարեն ինչ որ վերջնական բան ասել: Ըստ մեզ՝ նա հաշտվել է իր հեռացման որոշման հետ: Չհաշտվողը օրեր առաջ հանդես կգար: Փաստորեն, Վ. Մանուկյանի համար չի գալիս բաղձալի պահը, որ կազմի իր ժամանակավոր կառավարությունը, որն երկիրը հանդարտեցնելով կազմակերպի նոր ընտրություններ: Ընդդիմադիրներն ու իշխանությունները կռվում են, ժողովրդի ստվար մասը իր հանապազօրյա խնդիրներով է ապրում, մեր թշնամիներն էլ ծիծաղում են մեր վրա: Թերևս մխիթարվելու մի բան է մնում, այն, որ Բայդենը այս տարի կարտաբերի «Ցեղասպանություն» եզրույթը: Այդ ժամանակ արդեն մեզանից հաստատ մեր թշնամիները կվախենան, իսկ մենք նորից կդառնանք հպարտ և հաղթական: Իրոք որ հույսը ոչ թե վերջինն է մեռնում, այլ երբեք չի մեռնում:

Պրոֆեսոր Ա. Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից