«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊՐՈՖԵՍՈՐ

21/02/2021

Պատմության իմաստուն գիրքը վկայում է, որ մարդիկ ձգտում եմ իշխանության և հետո չեն ցանկանում այն թողնել հետևյալ հիմնական պատճառներով.

  1. Մտածելով, որ իրենց իշխանության հասնելով ավելի ճիշտ քաղաքական և տնտեսական ուղու վրա կդնեն պետությանը՝ հնարավորություն ընձեռելով, որ մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն: Սա շատ հազվադեպ ձգտում է եղել անցյալում և է ներկայում:
  2.  Առաջնորդվելով անձնական շահերով, որոնք սքողվել են համազգային շահերին հետամուտ ներկայանալու և քչերի համար թափանցիկ վարագույրով:
  3. Առաջնորդվելով այլոց շահերով, որոնք իրենց օգնել են բարձրանալու իշխողի գահին:
  4. Փառքի քաղցր բեռով, որը երբ իջնում է մարդու ուսերին, այլևս դժվար է դառնում նրանից ազատվելը:
  5. Հարստանալու տենչով, որովհետև մարդիկ ցանկանում են ունենալ ոչ թե փող, այլ շատ փող, իսկ դրա համար իշխանավորի լծակները երբեմն անսահմանափակ են:
  6. Կարող են պատժվել չարաշահումների համար, որոնք թույլ են տվել կառավարման շրջանում:
  7. Շողոքորթության և քծնանքի ծովի մեջ իրենց հանճարեղ լինելու թյուր ըւմբռնումով տարվելով և նաև այն պատճառով, որ մարդիկ նրանց գործողությունների մեջ չտեսնելով տրամաբանություն՝ այն վկայում են հանճարին, իսկ հանճարներին ըմբռնելը հասարակ մահկանացուների խելքի բանը չէ:
  8. Ձգտելով հեռու վանել իրենց չարածների համար հատուցման պահը: Աստված տա, որ մեր պարագայում միայն առաջնային լինի և մնա 1 – ին կետը և իշխողների համար և իշխանության ձգտողների: Եվ տա մեկ էլ, որ իրեն չհիշեն միայն իշխանության հասնելու և այն կորցնելու ընթացքում: Ահա սա է ամենակարևորը: Աստծուն մենք նույնականացնում ենք բնությանը և տիեզերական օրենքներին: Մարդու գրած ցանկացած օրենք հնարավոր է խախտել և անպատիժ մնալ, բայց այդ օրենքները խախտողներն, ի վերջո, հատուցելու են: Թող Աստված մեզ հեռու պահի նման հատուցումներից: Թող հատուցում ստանանք տիեզերական օրենքներից չշեղվելու համար, հատուցում, որը բոլորի երազանքն է:

Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ