«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի խոցելիությունը հեղաշրջումների նկատմամբ. Վահան Վարդանյան

15/09/2023

Վերջերս որոշ տելեգրամ ալիքներում տեղեկություն տարածվեց, թե ռուսական Վագներ զինվորական խմբի հազարավոր մարտիկներ գաղտնի տեղափոխվել են Հայաստան և Ադրբեջանի հարձակմանը զուգահեռ կամ դրա ավարտին Հայաստանում զինված հեղաշրջում են կազմակերպելու և իշխանության բերեն պրոռուսական ներկայացուցիչների։ Որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը դեռ պարզ չէ, բայց օտարերկրյա զինված խմբի առկայության հարցը թերևս խնդրի ամենաչնչին մասն է։ Առավել կարևոր է հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է պատրաստ դիմագրավելու զինված հեղաշրջումների վտանգին։

Խնդրի խորությունը հասկանալու համար փորձենք մի փոքր ակնարկ կատարել։ Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում գրեթե միշտ իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունը ապրել են միմյանցից անկախ ու առավելապես միմյանցից մեկուսացված։ Այս խմբերից յուրաքանչյուրը միշտ լուծել է իր նեղ խնդիրները՝ զոհաբերելով մնացած ամեն ինչ։ Նույնիսկ երկրի համար ճակատագրական պահերին, համազգային միասնություն որպես այդպիսին չի եղել։ Ավելին, յուրաքանչյուր կողմ ձգտում է օգտագործել ստեղծված վիճակը մաքսիմալ օգուտ ստանալու համար։ Իշխանության դեպքում սա հակառակորդ քաղաքական ուժերին չեզոքացնելու ու քաղաքական հետապնդումների հնարավորություն է, ընդդիմության համար իշխանափոխություն կատարելու հերթական առիթն է, իսկ հասարակությունը, որ երկրի նկատմամբ պատասխանատվության զգացում առհասարակ չունի, ստեղծված անարխիկ վիճակն օգտագործում է իր նեղ անձնական շահերը բավարարելու համար։

Էլ ավելի վատ վիճակում են ուժային կառույցները։ Առհասարակ ԱՊՀ երկրների ուժային կառույցները միշտ համարվել են կոռումպացվածության բարձր մակարդակով կառույցներ։ Հայաստանն այս հարցում բացառություն չէ։ Երկրի ուժային կառույցները միշտ եղել են օրվա իշխանությունների գործիքը` մրցակիցների չեզոքացման գործում, իսկ երկրի արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը միշտ կազմակերպվել է թերացումներով։

Այս հարցում դասագրքային օրինակ կարող է լինել Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը։ ԱԱԾ-ն Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում ավելի շատ կատարել է ոստիկանության ուժեղացված ջոկատի գործունեություն` առավելապես հետապնդելով ու ձերբակալելով հակադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Երկրի արտաքին անվտանգության հարցում ԱԱԾ-ն հայտնի է իր տոտալ ձախողումների շարքով։ Օրինակները այստեղ բազմաթիվ են, Ապրիլյան պատերազմը և դրանից չքաղած դասերը, Քառասունչորս օրյա պատերազմը, վերջին տարիների ռազմական էսկալացիաները։ Բոլոր իրադարձությունների ժամանակ ադրբեջանական հատուկ ծառայությունները մեզնից մեկ քայլ առաջ են եղել և պատճառը միայն տեխնոլոգիական առավելությունը չէր, այև գործողությունների մեթոդները։ Հայկական ԱԱԾ-ն ավելի շատ արձագանքում էր կատարված փաստերին, ոչ թե կանխում հավանական խնդիրները։ Օրինակ պատերազմի ժամանակ մեդիա դաշտի և առհասարակ համացանցի սահմանափակումները կարող էին կարևոր դեր խաղալ տեղեկատվության արտահոսքը կանխելու հարցում։ Նույնկերպ և հիմա Հայաստան ելումուտ կատարող անձանց տվյալների ավելի մանրակրկիտ ստուգումը (ոչ միայն պետական գրանցումներն այլև տարբեր կայքերում գրանցումներն ու համացանցում կատարած գործողությունները) կարող էր կարևոր դեր խաղալ հնարավոր վտանգները կանխարգելելու հարցում։

Նմանատիպ խնդիրներ ունի նաև պարեկային ծառայությունը։ Այն որպես նախագիծ շատ լավ էր մտածված, քանի որ հասարակական կարգի պահպանման ավելի ճկուն համակարգ էր իրենից ներկայացնում։ Բայց այս կառույցի ստեղծման նպատակը օրվա իշխանությունների կողմից սեփական հավատարիմ ոստիկանական համակարգ ձեռք բերելն էր, ուստի պարեկային ծառայությունը նույնպես արդյունավետությամբ չի կարող ապահովել հասարակության կայունությունը։

Այսպիսով մենք ունենք հետևյալ իրավիճակը` հասարակական-քաղաքական առումով մասնատված երկիր, որի իշխանությունը ցանկացած արտաքին վտանգ օգտագործում է ընդդիմությանը ճնշելու համար, ընդդիմությունը ցանկացած արտաքին վտանգ օգտագործում է երկրում անկայունությունը մեծացնելու ու ամեն գնով իշխանության գալու համար, ուժային կառույցներ, որոնք արտաքին վտանգներին արձագանքում են դրանց դե ֆակտո կատարվելուց հետո և հասարակություն, որը համատարած անտարբերության հիասթափության ու սխալ քարոզչության հետևանքով անվտանգության կեղծ զգացողություն ունի։

Եթե որևէ պետություն իր հատուկ ծառայությունների կամ իր կողմից ֆինանսավորվող վարձկանների միջոցով փորձի Հայաստանում հեղաշրջում կատարել, ապա կարող ենք կանխատեսել, որ համախմբման փոխարեն իշխանությունն ու ընդդիմությունը կմեղադրեն միմյանց, կսկսեն մեղավորներ փնտրել ու ավելի կատաղի պայքար մղել միմյանց դեմ։ Ուժային կառույցները հանկարծակի կգան ու կարձագանքեն ուշացումով, իսկ անվտանգության կեղծ զգացողությամբ լցված ժողովուրդը խուճապի կմատնվի ու հասարակական համախմբման փոխարեն էլ ավելի կխորացնի ստեղծված քաոսը։

Առհասարակ նմանատիպ հասարակական-քաղաքական ու անվտանգային ճգնաժամում հայտնված երկրները, վերափոխում և իրենց կենսունակությունը վերականգնում են հեղափոխությունների միջոցով։ Սա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Մեզ անհրաժեշտ է իսկական հեղափոխություն (ոչ թե 2018 թ. իշխանափոխությունը, որ մատուցվեց որպես հեղափոխություն) որն արմատապես կփոխի հասարակության մտածողությունն ու պետաիրավական ավելի կենսունակ համակարգ ստեղծելու հիմք կդնի։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք արտաքին հարվածների ու ներքին կռիվների հետևանքով թուլանալ։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող