«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբերակները. Վահան Վարդանյան

04/10/2023

Արցախի ցավալի կորստից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ են սպասվում։ Թեև կրկին շրջանառվում է տարածաշրջանում խաղաղության հաստատման լուրը՝ հղում կատարելով հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում սպասվող Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը, բայց այնուամենայնիվ պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ այդ հանդիպումից։ Պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանից ու Ադրբեջանից ընդհանրապես կախված չէ։

Նախ, հասկանանք Ռուսաստանի գործոնը։ Գնալով էլ ավելի հաճախ տարբեր լրատվականներում ու տելեգրամ ալիքներում տեղեկություններ են տարածվում Ուկրաինայում սպասվող ռուսական լայնամասշտաբ հակահարձակման մասին։ Ըստ տարածվող լուրերի Ուկրաինայի սահմանին ակտիվորեն ռուսական նոր բանակային կորպուսներ են ձևավորվում ու զինտեխնիկայի կուտակումներ են կատարվում, որոնք պետք է հակահարձակման անցնեն հաջորդ տարվա սկզբին։ Բացի այդ, չի բացառվում պատերազմին Լեհաստանի ու մերձբալթյան երկրների անմիջական ներգրավվածությունը։ Լեհաստանը հիմա ակտիվորեն մոդերնիզացնում է իր բանակը։

Թեև շրջանառվող տեղեկությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը իր ուշադրությունը կենտրոնացնում է ուկրաինական ճակատի վրա ու կամաց-կամաց հեռանում է տարածաշրջանից, բայց նախ պետք է հիշել, որ Ռուսաստանի անվտանգության հայեցակարգով ամբողջ ԱՊՀ տարածքը դիտարկվում է, որպես Ռուսաստանի անվտանգության գոտի, բացի այդ ռուսական ռազմական ու տնտեսական ներկայությունը Հայաստանում դեռ պահպանվում է։ Ռուսական իշխանամերձ լրատվականները ավելի մեծ անհանդուրժողականությամբ են քարոզում, որ Հայաստանը ղեկավարվում է Արևմուտքի կողմից և Արևմուտքի հրահանգով Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար զիջումներ է կատարում Ադրբեջանին և ի վերջո Հայաստանը Արևմուտքի դրդմամբ բացելու է «Զանգեզուրի միջանցքը» և դրանով կտրվելու է Իրանից Ռուսաստան գնացող «Հյուսիս-հարավ» ճանապարհը։ Այս տեղեկատվությանը զուգահեռ պարբերաբար կոչ է արվում Հայաստանի «հայրենասեր» հատվածին ապստամբել և հեռացնել ներկա իշխանություններին՝ երկիրը կործանումից փրկելու համար։ Կարող ենք ենթադրել, որ նույնիսկ եթե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ խոշոր հակահարձակում է նախապատրաստում, այնուամենայնիվ չի հրաժարվի Հայաստանից՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի և որպես իր անվտանգության գոտու սահմանագիծ։ Ռուսաստանը, թեև իր հեղինակությունը Հայաստանում զգալիորեն կորցրել է, բայց դեռ Հայաստանի նկատմամբ լծակներ ունի` հատկապես տնտեսության ոլորտում։ Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտել և կփորձի ամեն կերպ իր համար ցանկալի իշխանություն հաստատել Հայաստանում։

Հիմա փորձենք հասկանալ ՆԱՏՕ-ի գործոնը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Անդրկովկասում տեղակայել ռազմական կոնտինգենտ։ Իր հերթին հեղինակավոր բրիտանական Reuters գործակալությունը վերջերս գրել է, որ ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարելու է, որ տարերային աղետների արագ արձագանքման խումբ է ուղարկելու Անդրկովկաս՝ տեղում ամերիկյան հումանիտար օգնությունը կորդինացնելու համար։ Նշվում է, որ խմբի նպատակը տեղում իրավիճակի գնահատումն է, տեղի բնակչության կարիքների բացահայտումը և անհրաժեշտ օգնության կազմակերպումը։ Ըստ տեղեկատվության ԱՄՆ-ն ուզում է այս խմբի կենտրոններ դարձնել Վրաստանն ու Հայաստանը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է իր ուղեծիր բերել Ռուսաստանի «անվտանգության գոտի» համարվող այս երկրները։

Բացի վերը նշվածից Ֆրանսիան վերջերս հայտարարեց, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բացելու է ռազմական գերատեսչություն՝ որի նպատակը Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերի համագործակցությունը խորացնելն է։ Չմոռանանք, որ Ֆրանսիան հաշիվներ ունի Ռուսաստանի հետ՝ վերջինիս պատճառով աֆրիկյան Սահել տարածաշրջանում իր ունեցած կորուստների համար։

Եվ վերջապես Թուրքիայի գործոնը։ Վերջերս հայկական մեդիա դաշտում որոշակի ոգևորություն առաջացավ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանում հայտարարեց, որ իրենք ունեն Իրանի համաձայնությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհային կապը Իրանի տարածքով իրականացնելու համար և եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհ տալ, ապա կօգտվեն այդ հնարավորությունից։

Եթե փորձենք այս հայտարարությանը նայել հնարավորինս սթափ ու այն դիտարկել տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում, ապա այն ավելի շատ դիվանագիտական բլեֆ է հիշեցնում։ Նախ, արձանագրենք, որ Իրանը միշտ է համաձայն եղել իր տարածքով առևտրատնտեսական ճանապարհի անցկացմանը՝ պայմանով, որ իր տարածքով անցնող ճանապարհը ինքն է վերահսկելու։ Խնդիրները այս վերջին կետից են սկսվում։ Թուրքիայի նպատակը, ոչ միայն ճանապարհի ստեղծումն է, այլև այդ ճանապարհը վերահսկելն է։

Երբ ռազմավարական ճանապարհը անցնում է որևէ երրորդ սուվերեն երկրի տարածքով, ապա՝ այդ երկիրը կարող է սահմանափակումներ մտցնել անցկացվող ապրանքների որոշ տեսակների համար` օրինակ ռազմական նշանակության ապրանքների։ Իրանը չի թողնի իր տարածքով զենք ու զինամթերք անցկացնել, ԱՄՆ-ն էլ, բնականաբար, չի թողնի ՆԱՏՕ-ական զենքի անցումը Իրանի տարածքով։ Պետք է պարզ հասկանանք, եթե ճանապարհի ստեղծման նպատակը բացառապես տնտեսական նշանակություն ունենար, Թուրքիան, երբեք չէր ձգտի իր վերահսկողությամբ անդրպետական տարածք ձեռք բերել ուրիշ պետության հաշվին։ Նման պահանջներ ունենում են, երբ նախատեսվող ճանապարհը կիրառության ավելի լայն շրջանակների համար է նախատեսվում։ Ըստ այդմ պետք չի տեսիլքներ ունենալ որ Թուրքիան կհրաժարվի «Զանգեզուրի միջանցքից»։

Ամփոփելով ունենք հետևյալ պատկերը։ Հայաստանում իր դիրքերը թուլացրած, բայց Հայաստանից դուրս գալ չցանկացող Ռուսաստան, Հայաստան մտնել ցանկացող և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել փորձող ՆԱՏՕ, և Հայաստանի տարածքի հաշվին ծավալվել փորձող Թուրքիա։ Կարող ենք կանխատեսել, որ Հայաստանի ներքաղաքական դաշտը շուտով ավելի անկայուն կդառնա, արտաքին սպառնալիքները կավելանան։ Առաջին հայացքից իրավիճակը ողբերգական է թվում, բայց սա նաև այլ բան է նշանակում։ Մենք դեռ չենք նկատում, բայց Հայաստանի միջազգային նշանակությունը աննախադեպ մեծացել է, սա նշանակում է, որ Հայաստանի համար պայքարելու են։ Այս գործընթացը լի է վտանգներով, բայց միևնույն ժամանակ հնարավորություններ է ստեղծում հենց մեր շահերը առաջ տանելու համար։ Բայց սա հնարավոր է միայն հայամետ քաղաքական գործիչների ու արդյունավետ կառավարման դեպքում։ Ինչպես կզարգանան իրադարձությունները մոտ ապագայում կտեսնենք։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող