«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

08/04/2021

ՀՀ արտահերթ ընտրությունները կարծես թե այլընտրանք չունեն։ Դրանց գնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը հենց այնպես չէր կարող լինել։ Այն արտաքին ուժերի խրախուսանքի և աջակցության և ներքին ուժերի՝ արտաքին թիկունք ձեռք բերելու որոնումների չարդարացման հետևանք էր։ Երկրորդ նախագահի հարցազրույցը Պոզների հետ թերևս վերջին շանսն էր նրա կողմից Ռուսատանին իր անափ նվիրվածության ցուցադրության, որը ցավոք ընթացավ ազգային արժանապատվության ստորադասման գնով, նույնիսկ այն աստիճան, որ կարծես թե վերջին պատերազմի, մեր պարտության, թուրք- ազերիների հայատյացության գլխավոր պատճառը մենք էինք։ Հարկավ, սխալներ եղել են, բայց այդ աստիճանի կախյալությունը ռուսական քաղաքական նավից արդեն խփում է մերն ազգային արժանապատվությանը։ Միշտ խոսել ենք <<հակա>> նախածանցը դիվանագիտական բառամթերքում կիրառելու աննպատակահարմարության մասին։ Դա վերաբերում է նաև ռուսներին, որոնց հանդեպ մեր քաղաքականությունը պետք է շատ նուրբ լինի, մանավանդ, որ նրանք են այս տարածաշրջանի հիմնական խաղացողները։ Պետք չի նաև այս նախածանցը կիրառել  թուրքերի նկատմամբ, որովհետև դրանից հաստատ մենք ոչինչ ունենք շահելու։ Կամ հակառուս ենք կամ հակաթուրք։ Երբեք հակաարևմտյան կուրս չունենք, որը ճիշտ է, բայց պետք է, ի վերջո, լրջորեն քննության ենթարկել Արևմուտքի մեզ համար բերած օգուտներն ու վնասները։ Սա կարելի է կատարել՝ առանց <<հակա>> նախդիրի։ Հիմա ընտրությունների մասին․
1․ Ռուսաստանը ցանկանում է, որ դրանք տեղի ունենան, քանի որ ճիշտ է համարում  մեկ անգամ ևս հասատել Ն․ Փաշինյանի լեգիտիմությունը, քանի որ Պուտինի համար նա առայժմ հանդիսանում է այն անձը, որին չի փոխելու ոչ մեկի հետ։ Այս առումով  նրա համար կամ  եղած կամ չեղած Քոչարյանի ռուսամոլ  ազդակները:
2․Թուրքիան նույնպես դա ցանկանում է, որովհետև նա նույպես չի տեսնում այն անձին, որի հետ առավել հեշտորեն կգործի ոչ թե հանուն պանթուրքիստական նպատակների, այլ՝ այս տարածրջանում իր ազդեցության ուժեղացման։ Կարծում ենք, որ ծայրահեղացված են այն դիտարկումները, թե ովքեր թուրքերի հետ են, թուրք են և այլն։ Իսկ ինչ է նշանակում լինել հետ կամ դեմ։ Մենք հակաթուրք ենք, բայց այդ մասին բարձրաձայնելով ոչինչ չենք շահում։ Նման հարցադրումներ անողները շատ  ավելի թուրքամետ են, քանի որ չեն  հասկանաում, թե ինչ վնաս են բերում մեր պետությանը։ Ի միջի այլոց, թե՛ Քոչարյանը և թե՛ Սարգսյանը միշտ էլ հայտարարել են, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել թուրքերի հետ։
3․Դրան կողմ է Արևմուտքը, քանի որ հոգնել է մեր դիմումագրերից, ցեղասպանությունը ճանաչելու մեր անզուսպ ցանկություններից։ Նա ուզում է խաղաղություն և հաշտություն՝ առանց մեր կողմը պահելու, այլ՝ երկու կողմից իր շահերը ճիշտ հաշվարկելով։ Նա չի տեսնում այն անձը, որն ավելի հեշտորեն կգնա այս տարածաշրջանում  նոր քաղաքական հայեցակարգեր բերող իր ձգտումներին  ընդառաջ։
4․ Ժողվուրդը հաստատ Փաշինյանի թիմին շատ ձայներ է տալու։ Լավ է դա, թե ոչ, հարցի երկրորդական կողմն է։  Նոր խորհրդարանում Փաշինյանի թիմը մեծամասնություն է ստանալու։ Մնացյալ ուժերը կամ կգան նրա կամոք, կամ արտաքին ուժերի։ Ռ․ Քոչարյանի ցանկությունները չեն իրականանա։ Կարծում ենք, որ ՀՅԴ հեղինակության որոշ  չափով վերականգնման համար ճիշտ կլինի նրա առանձին գնալն ընտրություններին, որի դեպքում եթե  խորհրդարան չմտնի էլ, միևնույնն է, նա կկարողանա որոշ  չափով շտկել  իր մեջքը; Այլ ուժերի համար ենթադրություններ չենք անում․ դժվար է գտնել այնպիսի ուժ, որը կարող է մտնել խորհրդարան։ Թեպետ, որ մի գիշերվա մեջ կարող է հայտնվել  այնպիսի ուժ, որի մասին մտածել  անգամ  չենք  հասցրել։ Այս դեպքում արդեն կգործի մեր այն հայեցակետը, որ քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժը փողն է, թեպետ միշտ առկա են սոցիալական խնդիրները, որոնք մասնակիորեն ծածկվում են ամենազոր փողով։
Վերջում ցավով պետք է արձանագրենք, որ անկախ այս հանգամանքից, ներքաղաքական իրավիճակը չի կայունանա, քանի որ պարտվող կողմը հայտարարելու է, որ ընտրությունները կեղծվել  են, իսկ  հաղթող կողմը դա համարելու է զրպարտանք, բայց այս դեպքում անպայմանորեն գալու է թավիշի վերջը։ Ցավոք ներքին կայունության մասին խոսելը միշտ էլ մնում է երազանք և սրանում իրենց լուրջ ավանդն ունեն աշխարհը կառավարող գրասենյակների մեջտեղ  նետած կեղծ թեզերը ժողովրդավարության մասին։ Թող Աստված մեզ հեռու պահի ազգային միասնությունը և պետությունը քանդող ժողովրդավարական թեզերից։