«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր տերեր ու նոր օրենքներ․ Արայիկ Մկրտումյան

12/09/2023

Մինչ Հայաստանում վիճում ենք, թե արդյո՞ք արժե շնորհավորել Արցախում տեղի ունեցած նախագահի ընտրությունը և կես բերան շշնջում ենք Հայաստանում գտնվող վագներականների, իսկ այսօր՝ նաև Հայաստանում տեղի չունեցած անհաջող հեղաշրջման մասին, ինչն այս պահին չենք կարող ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել, օրերս Հնդկաստանում տեղի ունեցավ G 20-ի հավաքը:

«Մեծ քսանյակն» իր այս հավաքում քննարկել է ամենատարբեր հարցեր, բայց ամենահետաքրքիրը թերևս Հնդկաստանը Մերձավոր Արևելքով Եվրոպային կապող քարտեզն է, որ հրապարակվել է ամփոփիչ հռչակագրում: Գաղտնիք չէ, որ այսօր աշխարհում ավելի շատ պայքար է ընթանում ոչ թե ռեսուրսի, այլ  լոգիստիկայի համար: Ով հսկում է ճանապարհը, նա էլ բոնուսով է դուրս գալիս: Դրանում կարող ենք համոզվել թեկուզ այն առումով, որ հսկայական հարստություններ ունեցող աֆրկյան երկրները տառապում են սարսափելի աղքատությունից, իսկ ճանապարհները վերահսկող եվրոպացիները՝ հարստանում դրանք շահագործելով:

Այս անգամ ևս G-20-ի հավաքն ապացուցեց, որ լոգիստիկան դարձել է ամենից կարևոր զենքը: Եվ վերջին հավաքում հրապարակվեց մի տարօրինակ եթե ոչ զարմանալի քարտեզ, ըստ որի Հնդկաստանն ու Եվրոպան պիտի կապվեն միմյանց: Եվ այդ ճանապարհն իրենից ենթադրում է Հնդկաստան-Սաուդյան Արաբիա-Արաբական Էմիրություններ, Հորդանան-Իսրայել-Հունաստան ուղղությունը: Ընդ որում Հնդկաստանից Սաուդան Արաբիա և Իսրայելից՝ Հունաստան հատվածը՝ ծովային երթուղով:

Միանգամից աչքի է զարնում այն, որ այդ ճանապարհում չկա Իրանը: Ավելին՝ այդ ճանապարհն իր էությամբ չեզոքացնում է Չինաստանի «Մետաքսի ճանապարհը», արժեզրկում է այդպես էլ նորմալ չգործարկված «Հյուսիս-Հարավը», շարքից հանում այդքան քննարկված «Արևելք-Արևմուտք»-ը: Կարելի է ասել, որ այդ վերջին քարտեզը «մատ է» անում բոլոր շահագրգիռ կողմերին և վերջին պահին հրապարակում մի բան, որն ավելի շատ դժգոհություններ է առաջացնում՝ քան գոհունակություն: Այդ ամենից դժգոհ են Թուրքիան, Իրանը, Չինաստանը: Գլխավորապես նրանք: Իսկ Ռուսաստանն առանձնապես զուսպ է պահում իրեն, դա գուցե կապված է այն բանի հետ, որ «Մեծ Քսանյակի» այդ հավաքում Ուկրաինայի մասին գրեթե չխոսվեց: Անդրադարձն Ուկրաինային վերջերս ընդհանրապես շատ քիչ է, խոսելիս էլ ավելի շատ հումանիտար առումով է քննարկվում՝ քան թե քաղաքական: Ավելին՝ այս հռչակգրում նույնիսկ չի էլ նշվում Ռուսաստանի անունը որպես «ագրեսոր»: Այնպես, որ ուկրաինացիները ևս հիասթափված են: Մակրոնը հայտարարել է, որ այդ հավաքն այն տեղը չէ, ուր դիվանագիտական հարցեր են լուծվում՝ կարծես ակնարկելով, որ սա ոչ թե վերջնական որոշում է, այլ իրենց կողմից մշակված պահեստային տարբերակ, որով կարող են ձեռնունայն թողնել շատերին:

Հայաստանում ըստ արժանվույն ուշադրություն չի ցուցաբերվել այս հավաքին: Մասամբ այն պատճառով, որ Հայաստանում հիմնական ուշադրությունը սևեռված է Արցախի ու Լաչինի, իսկ արտաքին քաղաքականության առումով հայ-ռուսական՝ օրեցօր աճող լարվածության վրա: Ընդ որում Ուկրաինային վերաբերվող խոսակցությունների տեմպի նվազմանը զուգահեռ՝ աճում է ուշադրությունը Լաչինի ուղղությամբ: Շատ երկրներ չեն ճանաչել Արցախի նախագահի ընտրությունը, դատապարտել են այն (ինչպես ԵՄ երկրներ, այնպես էլ Թուրքիան, Ադրբեջանը):

Բայց այստեղ հետաքրքիր է այն, որ մեր տարածաշրջանը, որ համարվում է աշխարհի չորս ծագերն իրար կապող գլխավոր խաչմերուկներից մեկը՝ դուրս է մնացել «Մեծ Քսանյակի» քարտեզից: Կարծիքներ կան, որ այս քարտեզն ու հռչակագիրն ամբողջական իմաստը դեռ չի արտահայտել ու կան պահեր, որ ուղղակի բլեֆ են: Գուցե այս քարտեզը և անորոշ հռչակագիրը ավելի շատ դեմարշ է որոշ երկրներին ուղղված, ինչպես օրինակ Իրանին՝ մտածելու համար ժամանակ տալու առումով:

Ընդհանրապես այդ ճանապարհի իդելական քարտեզի ամենահարմար ուղղությունը կլիներ ընդամենը երեք երկիր՝ Պակիստան-Իրան-Թուրքիա՝ այսինքն բազմում անգամներ ավելի կարճ և էժան, բայց բոլորի համար պարզ է, որ դա անհնար է: Չափից ավելի շատ են հակասություններն այդ առումով:

Հնարավոր է, որ Իրանը չի ընդգրկվել այս քարտեզում չափից ավելի «ռուսասիրության» և «չինասիրության» պատճառով: Հնդկաստանն ու Չինաստանը խոշոր մրցակիցներ են և Հնդկաստանը հավանաբար դեմ է եղել Իրանի ընդգրկմանը նաև այդ պատճառով: Նման դիրքորոշման պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ Իրանն այսօր ռուսների հետ սերտ համագործակցության մեջ է և արևմուտքից աճում են դժգոհությունները նրա հանդեպ: Եվ բացի դրանից էլ այդ քարտեզի մեջ կա նաև Իսրայելը և դրանով իսկ գրեթե բացառվում է Իրանի մասնակցությունը նախագծին։

Եթե այդ քարտեզն իրոք սկսի գործել, ապա Իրանը հարավից պարզապես տոպրակի մեջ է հայտնվում, քանի որ նրա քթի տակով միլիարդներ են հոսելու և ինքը միայն պետք է նայի և բավարարվի հյուսիսային ճանապարհով՝ այսինքն Հայաստան-Վրաստան կամուրջով: Գուցե Իրանը փորձի մտածել դրա մասին, մանավանդ, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածով նա ընդհանրապես բոլոր կողմերից է շրջափակվելու: 

Բայց շատերն են նշում, որ հրապարակված ճանապարհային քարտեզը բազում անհարմարություններ ունի և բացառված չէ դրա այլընտրանքը՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությամբ: Այդ դեպքում ծրագրից դուրս կմնան Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Իսրայելը, ինչն ինքնին մեծ խնդիր է ու փաստացի կարող է քանդել ողջ նախագիծը: Դեռ չասած, որ Հորդանանը ինքնին թեժ կետ է և այնքան էլ հարմար չէ միջազգային քարավանային ճանապարհ դառնալու համար:

Ի վերջո ո՞րն էր այս քարտեզի հրապարակումը: Այն իրո՞ք խիստ ռիսկային մի բան է, որով ըստ էության աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ են նախապատրաստվում, թե պարզապես քաղաքական բլեֆ է, պարզապես շատ մեծ մասշտաբի: Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք շատ կարևոր իրադարձությունների, որով հավանաբար արդեն կսկսեն ձևավորվել նոր աշխարհակարգի ու պահվածքի չափանիշները՝ նոր դերերով ու տերերով: Արդյո՞ք մենք մեր տեղն ու դերն ունենալու ենք այդտեղ:

Մեզ մնում է չափից ավելի աչալուրջ լինել: Լաչինի մասին չդադարող խոսակցությունները վկայում են այն բանի մասին, որ բացի Ռուսաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից, խոշոր խաղացողները խոշոր հաշվով կողմ են, որ Լաչինը բացվի:

Բացի դրանից էլ մեր տարածաշրջանի անկայուն իրադրությունը խիստ հուզում է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, որը Զանգեզուրի միջանցքով ընդհանրապես կհայտնվի լիակատար շրջափակման մեջ: Բայց Իրանը աշխատում է Ռուսաստանի հետ:

Հարց է առաջանում, թե այս համաշխարհային Գորդյան հանգույցում ով ում ինչքան է վճարելու՝ սեփական կողմը քաշելու համար: Եվ սակարկումներն արդեն իսկ սկսվել են: Թուրքիան արդեն իսկ բողոքել է  G-20-ի քարտեզից ու առաջարկել իր այլընտրանքը: Նույնն անելու են նաև ուրիշները: Խաղադրույքները գնալով բարձրանում են:

Չչափազանցնելով և չարագացնելով դեպքերի ու իրադարձությունների ընթացքը, կարող ենք ավելի մեծ վստահությամբ ենթադրել, որ 2024 թ. մենք դիմավորելու ենք բավականաչափ ձևափոխված աշխարհում, ուր կարող ենք և՛ մեծ շահումով մուտք գործել, և՛ լիակատար քայքայված կարգավիճակով:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Արայիկ Մկրտումյան