«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի համար որոշ համկարգային բարեփոխումների կարևորության մասին. Վահան Վարդանյան

10/11/2023

Հայաստանում առկա խնդիրների մասին խոսվում է ամեն օր, բայց գրեթե միշտ մակերեսորեն՝ առանց խնդրի բուն արմատը գտնելու և մատնանշելու, իսկ հաճախ խնդրի առաջացման պատճառների մասին խոսելիս շրջանառվում է  դավաճանների մասին հանրահայտ թեզը։ Իրականում Հայաստանի՝ որպես պետականության, թերությունների կամ դեռևս լիարժեքորեն չկայացման պատճառները ավելի խորն են և խնդրի լուծումը հասկանալու համար անհրաժեշտ է համապարփակ հետազոտությունների մի ամբողջ շարք ներկայացնել։

Նախ, հասկանանաք թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի հանրապետությունը, որպես ամբողջական քաղաքական և տնտեսական համակարգ։ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է մութ ու ցուրտ տարիներին՝ պատերազմի, սովի, գաղթականության, բնական մեծ աղետի (Սպիտակի երկրաշարժ) պայմաններում։ Երկիրը չուներ բնական հարուստ ռեսուրսներ, արևելքից ու արևմուտքից շրջափակված էր թշնամիներով, որոնց կողմից պարբերաբար ճնշումների էր ենթարկվում։

Ապրելու համար նման ծանր պայմաններում երկրում լայն թափ ստացավ արտագաղթը, կտրուկ վատացավ կրթության ու գիտության ընդհանուր մակարդակը։ Առանձնահատուկ մեծ խնդիր դարձան էլիտաները։ էլիտաների հավատարմությունը պահպանելու համար նրանց թալանելու, մոնոպոլիաներ ստեղծելու և կամայականություններ կատարելու արտոնություններ էին տրվում։ Այստեղից էլ առաջացել է Հայաստանի հանրապետությունը զարգացմանը կամ օրպակաս կայացմանը խոչընդոտող գլխավոր սկզբունքներից մեկը, համաձայն որի կարևոր է համարվում ոչ թե էլիտայի արդյունավետությունը, այլ նրա հավատարմությունը։

Այսօրվա դրությամբ խիստ կարևոր է Հայաստանի եղած անարդյունավետ աշխատող համակարգի ոչնչացումն ու միանգամայն նոր համակարգի ստեղծումը, բայց դա տեղի չի ունենում, քանի որ գոյություն ունեցող համակարգը առհասարակ ընդունակ չէ բարեփոխումների։ Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք այսպես կոչված «Ինստիտուցիոնալ թակարդում»։ Համաձայն այս տեսության անարդյունավետ համակարգից անցումը արդյունավետ համակարգի տեղի չի ունենում՝ հիմնավորելով այն նախատեսվող ծախսերի մեծ ծավալով։

Այս ամենի պատճառով Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում գտնվում է ճգնաժամի մեջ։ Անկախության 32 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել են հարյուր հազարավոր հայեր։ երկրի տնտեսությունը, թեև վերջերս պարբերաբար հայտարարվող երկնիշ աճի, գտնվում է շատ վատ վիճակում։ Իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի համակարգը, այդ փոփոխությունը կատարելու դեպքում երկիրը ցնցումների կենթարկվի, բայց առանց դրա այն դատապարտված է դանդաղ քայքայման։

Որպես համակարգային բարեփոխումների առաջին քայլ կարող ենք դիտարկել ժողովրդագրական պատկերի բարելավումը։ Հայաստանի Հանրապետության առաջնային նպատակներց մեկը պետք է լինի Սփյուռքից ներգաղթի կազմակերպումն ու Հայաստանից արտագաղթի կասեցումը։ Այս գործըթնացը կազմակերպելու համար մարդկանց պետք է շահագրգռել աշխատանքով ու տնտեսական արտոնյալ պայմանների ստեղծումով։ Աշխատանքը պետք է լինի Հանրապետության ամբողջ տարածքում՝ նախապատվությունը տալով մարզերին։

Գործընթացի արդյունավետ կազմակերպման համար որպես օրինակ կարող ենք վերցնել ամերիկյան Մեծ դեպրեսիայի (առաջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը 1929 թ․ սկսած) ժամանակ կատարված բարեփոխումներից մեկը։ 1935 թ․ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից ճգնաժամի հաղթահարման համար վարվող «Նոր կուրսի» քաղաքականության շրջանակներում որոշում կյացվեց ստեղծել «Հասարակական նշանակության արդյունաբերական-շինարարական աշատանքների կառավարում» գործակալությունը։ Իր գոյության ութ տարիների ընթացքում այս գործակալությունը տարբեր աշխատանքներում ներգրավեց միլիոնավոր ամերիկացիների։ Դրա շնորհիվ կառուցվեցին հսկայական քանակությամբ ճանապարհներ, մարզադաշտեր, ամբարտակներ, օդանավակայաններ և այն։ Այս կառույցը դադարեցրեց իր գործունեությունը միայն 1943 թ․, երբ գործազրկությունը 1935 թ․ համեմատ ռեկորդային 20 տոկոսից իջավ 2 տոկոսի։

Վերոնշյալ օրինակը երկրում արմատական բարեփոխումների իրականացման բազմթիվ օրինակներից մեկն է։ Անշուշտ նմանատիպ բարեփոխումները ենթադրում են պետության համար հսկայական ծախսեր, բայց առանց պետության կողմից համապատասխան ներդրումների, դրական արդյունքի չենք կարող հասնել։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող