«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

31 տարի առաջ Արցախը վերածնվեց որպես փյունիկ՝ կերտելով իր անկախությունը

01/09/2022

31 տարի առաջ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, ջարդեր, բռնագաղթ, շրջափակում, պատերազմ և այլ արհավիրքներ՝ Արցախը կերտեց սեփական անկախությունը։ Ներկա պայմաններում, երբ վտանգված է Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, ավելորդ չէ մեկ անգամ ևս անդրադառնալ անկախության գործընթացին, ինչու չէ վեր հանել իրադարձությունների իրական պատճառահետևանքային կապերն ու գտնել պատմական օրինաչափությունները։ Ի վերջո, ներկայումս սթափվելու և եղածը չկորցնելու խնդիր ունի ամբողջ հայ ժողովուրդը։
1991 օգոստոսին արդեն ակնհայտ էր ԽՍՀՄ փլուզման անխուսափելիությունը: Դա նկատի ունենալով` օգոստոսի 30-ին, Բաքվում հրավիրված Ադրբեջանի ԳԽ-ն ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր: Ադրբեջանը, հռչակելով իր անկախությունը, հրաժարվում էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, դա նշանակում էր, որ նրա կազմում չէր ներառվելու Լեռնային Ղարաբաղը, ուստի անհրաժեշտ էր շտապել և ձեռքից բաց չթողնել հարմար պատմական պահը: 
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց անկախ հայկական պետություն` ԼՂՀ-ն:  Ստեփանակերտը, 1991 թ. սեպտեմբերին ընդունելով «Անկախության մասին» հռչակագիրը, նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնել իրավական տեսակետից անխոցելի և առարկություն չընդունող «անկախության հայտ»: Այդ հայտի գլխավոր իրավական փաստարկն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվում է այնպիսի տարածքներում, որոնց հետ Ադրբեջանական Հանրապետությունը իրավական և պատմական որևէ առնչություն չունի: 
Փաստորեն, Ադրբեջանի անկախության հռչակումից հետո ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը մինչև ԽՍՀՄ իրավաբանական գոյության ավարտն իրականացրին իրենց պետա-իրավական կարգավիճակների որոշմանը նպատակաուղղված ԽՍՀՄ գործող օրենսդրությամբ սահմանված իրավական քայլեր, հետևաբար Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում զուրկ են իրավական հիմքերից: Ադրբեջանական հավակնությունները մեր պատմական հայրենիքի նկատմամբ զուրկ են նաև պատմական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Անկախության համար արցախահայության դարավոր պայքարի պատմության մեջ դա պետականության նոր աստիճան է, որն ամփոփում է ժողովրդավարության, ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումները և հանդիսանում է պետականության զարգացման օրինաչափ ու բարձրագույն աստիճանը՝ առանձին գավառների մելիքություններից, Ղարաբաղի հայկական մարզի ծրագրից, ժողովրդական ինքնակառավարումից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից հետո: 
1991 թ. սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ԳԽ Նախագահությունն ընդունեց որոշում, որով Արցախում նախորդ օրը տեղի ունեցածն որակեց դավադրություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու անկախության դեմ: Հանրապետության Կազմկոմիտեին հանձնարարվում էր ԼՂԻՄ-ում իրավիճակը կայունացնելու և երկխոսությունը խորացնելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, արագացնել բնակչության զինաթափումը: Ինչ վերաբերում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դիրքորոշմանը, ապա այն դեմ չէր ԼՂՀ ստեղծմանը և հայտարարեց, թե արցախահայությունը գտել է հարցի լուծման բանալին: 1991 թ. սեպտեմբերին կար այն համոզմունքը, որ արդեն մոտ է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը: Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում սեպտեմբերի 9-ին հայտարարվեց, թե շուտով կվերականգնվեն մարզային իշխանությունները, մարզի տարածքից դուրս կբերվի ադրբեջանական ՕՄՕՆ-ը և բանակցություններ կսկսվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: 
Մ.Գորբաչովի նախագահությամբ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ԽՍՀՄ Պետական խորհրդի նիստը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ում վերականգնել մարզային և տեղական իշխանությունները: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի ժողճակատի պարագլուխ Հ. Ալիևը հանրապետության հեռուստատեսությամբ կոչ արեց Լեռնային Ղարաբաղ ուղարկել 200 հազարանոց զինյալ ուժեր՝ «այնտեղ կարգ հաստատելու համար»: Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանը նոյեմբերի 26-ին որոշում ընդունեց լուծարել ԼՂԻՄ-ը և Ստեփանակերտը վերանվանել Խանքենդի: Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը դրանով փորձում էր հիմնավորել, որ չկա Ղարաբաղի մարզ, հետևապես չկա և Ղարաբաղի հիմնախնդիր: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում Ադրբեջանի այդ որոշումը գնահատվեց որպես սադրանք հայ ժողովրդի նկատմամբ: 
Միջազգային հարաբերությունների այդ նոր պայմաններում, ժամանակի քաղաքական պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները ստանձնեցին միջնորդի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: 1991 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ ժամանեցին ՌԴ և Ղազախստանի Հանրապետության նախագահներ Բ. Ելցինը և Ն. Նազարբաևը: Ստեփանակերտ կատարած այցից հետո՝ սեպտեմբերի 23-ին, Ժելեզնովոդսկում նրանց հովանու ներքո կայացան բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, որոնց արդյունքում ընդունվեց համատեղ կոմյունիկե: Այս համատեղ կոմյունիկեն բովանդակում էր հետևյալ դրույթները`
•    կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, 
•    կրակը դադարեցնել, 
•    տեղահանված բնակչությանը վերադարձնել իրենց բնակության վայրերը,
•    ազատ արձակել պատանդներին, 
• երկաթուղային տրանսպորտի, օդային հաղորդակցության, կապի և հաղորդակցության միջոցների նորմալ կենսագործունեությունն ապահովել և այլն։
Կյանքը ցույց տվեց, սակայն, որ այդ կոմյուիկեն չհանգեցրեց ԼՂ-ի իրավիճակի բարելավմանը: Ընդհակառակը, ադրբեջանական կողմը կտրուկ սաստկացրեց հրետակոծումները և հայկական բնակավայրերի վրա կատարվող հարձակումները։ Մի խոսքով, գրված կոմյունիկեն մնաց թղթի վրա։ Դրան ավելացնենք նաև, որ նոյեմբերի 29-ին ռմբակոծվեցին Ստեփանակերտ և Ասկերան քաղաքները, Խնածախ, Հարավ, Շոշ, Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի և ավերածությունների: 
1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂՀ անկախության հանրաքվեին ներկա գտնվելու նպատակով աշխարհի մի շարք երկրներից եկան 40 անկախ դիտորդներ: Քվեարկության իրավունք ունեցող 132328 արցախցիներից քվեարկության ներկայացան 108.736-ը (82,2%), որոնցից 108.615-ը (99,89%) քվեարկեցին Արցախի անկախության օգտին: Հանրապետության տարածքում ապրող ադրբեջանցիները հանրաքվեին չմասնակցեցին: Հանրաքվեին Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ԼՂՀ քաղաքացիների մասնակցության կազմակերպումն իր վրա վերցրեց «Արցախ» հայրենակցական միությունը: Դիտորդներն արձանագրեցին, որ ԼՂՀ-ում անկախության հանրաքվեն անցել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, և ոչ մի խախտում չի արձանագրվել: Նրանք հատուկ դիմում հղեցին աշխարհի խորհրդարաններին և ՌԴ նախագահին, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել է խոչընդոտել հանրաքվեի անցկացմանը: Դեկտեմբերի 10-ին՝ հանրաքվեի օրը, տարբեր զինատեսակների կիրառմամբ ուժգին հրետակոծվեցին Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Դեկտեմբերի 11-ին ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը, նախագահ Լեոնարդ Պետրոսյանի ստորագրությամբ, դիմում հղեց Բելառուսի ԳԽ-ի նախագահ Շուշկևիչին, Ռուսաստանի նախագահ Ելցինին և Ուկրաինայի նախագահ Կրավչուկին, որում նշվում էր, որ ԼՂՀ-ն ցանկանում է անդամակցել այդ պետությունների համագործակցությանը՝ որպես իրավահավասար անդամ: 1991թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Գործադիր խորհրդի գործադիր կոմիտեի անունից դիմում հղվեց ՄԱԿ-ին, ինչպես և ԱՊՀ-ին, որով խնդրվում էր ԼՂՀ-ն ճանաչել որպես անկախ պետություն, որը երաշխավորում է «միջազգային ճանաչված բոլոր նորմերի, մարդու՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»: ԼՂՀ Գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը դեկտեմբերի 23-ին հանդես եկավ ԱՊՀ-ի անդամ երկրների նախագահներին ու խորհրդարաններին ուղղված հայտարարությամբ, որտեղ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ կատարվող հանցագործությունները՝ ԱՊՀ-ի ժողովուրդների և նախագահների ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանի կողմից իրագործվող խոշորամասշտաբ հարձակման անուղղելի հետևանքների համար պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն նրա ղեկավարության, այլև բոլոր նրանց վրա, ովքեր անտարբեր մնացին ավելի քան երեք տարի տառապող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բազմաթիվ դիմումներն ու ժամանակին գործուն միջոցներ չձեռնարկեցին հարձակվողներին կանգնեցնելու համար»: 
ՀՀ Գերագույն խորհուրդը ևս դեկտեմբերի 26-ի փակ նիստում քննության առնելով ԼՂՀ-ում ստեղծված վիճակը՝ ընդունեց հայտարարություն, որով ԱՊՀ երկրներին կոչ էր արվում «գործուն միջոցներ ձեռք առնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման համար»: Այս նախաձեռնություններն, ինչ խոսք, չստացան համարժեք արձագանք, սակայն անկախ պետականության շինարարության ընթացքն այլևս տրված էր․ 1991 թ. դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ: 1992 թ. հունվարի 6-ին կայացավ հանրապետության առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ անկախության հռչակագիրը: Հունվարի 8-ին ԼՂՀ ԳԽ նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, իսկ նախարարների խորհուրդը ղեկավարեց Օլեգ Եսայանը: Կարճ ժամանակում հաստատվեցին ԼՂՀ պետական ատրիբուտիկան` դրոշը, գերբը և օրհներգը: Մարտերի բովում կազմավորվեց նաև ԼՂՀ բանակը: 
Նշված իրադարձությունների համատեքստում կարևորվում էր ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բանակցությունների գործընթացը, որը վարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն Ադրբեջանը մշտապես մերժում էր հիմնախնդրի` քաղաքական մեթոդներով կարգավորումը: 
Մեր օրերում, չնայած 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը պարտվեց, իսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կատարում է միակողմանի տարածքային զիջումներ ադրբեջանական կողմին, պետք է հստակ արձանագրել այն փաստը, որ նույնիսկ այսքանից հետո Արցախն ունի պետականություն։ Ճիշտ է, այսօր տարածաշրջանում բացի հայկական և ադրբեջանական կողմերից, կան ավելի լուրջ խաղացողներ, ինչպես օրինակ ՌԴ-ն և Թուրքիան, որոնց գործողություններով էլ պայմանավորվում է տիրող իրավիճակի ներկան ու ապագան, բայց աներկբա է նաև երկրորդ կարևոր փաստը․ Արցախն անկախ է (չնայած ռուս խաղաղապահների առկայությանը), իսկ առկա ձևավորված իրավիճակը ամենևին չի կարող հավակնել դառնալու հակամարտության վերջնական լուծումը։


Հեղինակ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան
                                                                                                                                          

Generalnews.am