«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ-ում առկա իրավիճակը թույլ կտա ԱՄՆ-ին վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և միաժամանակ պայքարել ընդդեմ Ռուսաստանի էքսպանսիոնիզմի. The National Interest

19/11/2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին հնարավորություն ընձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու և միաժամանակ Ռուսաստանի էքսպանսիոնիզմի դեմ պայքարելու համար: Այս մասին The National Interest ամերիկյան պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է Հուվերի ինստիտուտի Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի գծով աշխատանքային խմբի ղեկավար Ռասել Բերմանը:

Ինչպես գրում է հեղինակը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը, որը Ռուսաստանի միջնորդությամբ կնքել են Ադրբեջանն ու Հայաստանը, թույլ տվեց ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն հաղորդագրություններն այն մասին, որ բազմաթիվ էթնիկ հայեր լքում են այդ տարածաշրջանն ու մեկնում Երևան, վկայում է, որ այս հակամարտության հիմնական պատճառները չեզոքացված չեն: Սա կարող է վերածվել շատ փխրուն խաղաղության, որը կախված կլինի ռուս խաղաղապահների ներկայությունից: Խաղաղապահների տեղակայման ժամկետը համապատասխանելու է ամերիկյան նոր վարչակազմի ղեկավարման ժամկետի հետ, ուստի հնարավոր է, որ ԱՄՆ-ն ճնշման տակ ստիպված է լինելու միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Սա է պատճառը, որ այժմ անհրաժեշտ է գնահատել իրավիճակն ու դիտարկել դրա դրական ու բացասական կողմերը՝ ամերիկյան արտաքին քաղաքականության հնարավորությունները հստակեցնելու համար:

Ըստ հեղինակ՝ Միացյալ Նահանգների համար հիմնական ռազմավարական օգուտը կապված է նրա հետ, թե ինչ ելք է այս հակամարտությունն ունեցել Ադրբեջանի համար: Խաղաղության համաձայնագիրը ենթադրում է դեպի արևմուտք տանող միջանցքի ստեղծում, որը թույլ կտա Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսները Վրաստանով անցնող խողովակատարով մատակարարել դեպի Սև ծով: Սա էներգետիկ ռեսուրսների մատակարարման միակ ուղին է, որն անցնում է Կենտրոնական Ասիայով, սակայն չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով: Այս ֆոնին ադրբեջանական էներգետիկ ուղին ԱՄՆ-ի համար շատ մեծ նշանակություն է ստանում գլոբալ էներգետիկ քաղաքականության տեսանկյունից:

ԱՄՆ-ի համար մյուս դրական կողմն այս իրավիճակում կապված է Իրանի հետ: Չնայած տարածաշրջանում ներդաշնակության հասնելու Թեհրանի փորձերին՝ Իրանը, ի զարմանս բոլորի, չմիջամտեց ղարաբաղյան հակամարտությանը, ինչը պայմանավորված էր նրանով, որ Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական համայնքն իր աջակցությունը հայտնեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը.

Այնուամենայնիվ, չնայած այս դրական կողմերին, ղարաբաղյան հակամարտության ելքն ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տեսանկյունից կարելի է դիտարկել որպես բացասական, քանի որ համաձայնությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվել է Մոսկվայի միջնորդությամբ, մինչդեռ այս խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որևէ մասնակցություն չեն ունեցել այդ գործընթացում:

Ինչպես գրում է Բերմանը, գերտերությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի, մրցակցության պայմաններում Լեռնային Ղարաբաղը կարող է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչի շնորհիվ Վլադիմիր Պուտինին կհաջողվի վերականգնել այն ազդեցությունը, որը Մոսկվան կորցրել էր սառը պատերազմից հետո: Բացի այդ, Ռուսաստանը մեծ հաջողություններ է գրանցել նաև Հայաստանում: 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվեց ժողովրդավարական ճանապարհով գալ իշխանության՝ հույս ունենալով բարելավել կապերն Արևմուտքի հետ, սակայն Հայաստանի կրած ռազմական այս պարտությունը ստիպեց Փաշինյանին զիջումների գնալ՝ փաստացի հրաժարվելով ԼՂ-ի նկատմամբ Հայաստանի հավակնություններից: Այժմ Փաշինյանը հայերի ցասման թիրախում է: Արևմտամետ առաջնորդի ազդեցությունը թուլանում է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը միայն էլ ավելի է ընդլայնվում:

Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են նաև Թուրքիայի հետ, քանի որ վերջինս ռազմական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին: Հատկապես սուր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվեց Անկարայի և Փարիզի միջև, ինչը պայմանավորված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած քննադատական խոսքերով ու դրան ի պատասխան Էրդողանի վիրավորական հայտարարություններով: Չնայած, որ այս վեճը զուտ բանավոր էր, այնուամենայնիվ այն բավական մեծ սեպ խրեց ՆԱՏՕ-ի առանցքային երկու պետությունների միջև: Այպիսով՝ Հարավային Կովկասում սահմանների վերջնական որոշումը Վաշինգտոնի համար կարող է և մեծ նշանակություն չունենալ, սակայն ՆԱՏՕ-ի ներսում նման մասշտաբների հասնող վեճը կարող է քայքայել միջազգային անվտանգության ամերիկյան առանցքային ինստիտուտը, ինչը կդառնա Ռուսաստանի հերթական հաղթանակը:

Չնայած, որ ԼՂ հարցով խաղաղ կարգավորման գործընթացի մասնակիցներն էին միայն Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը, այն հիմք հանդիսացավ նաև Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցության հաստատման համար: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն աստիճանաբար թուլանում են, սակայն կա հավանականություն, որ Ռուսաստանի ու Թուրքիայի սերտ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում կդառնա լարվածության ու անգամ հակամարտության աղբյուր, ինչը կստիպի Թուրքիային կրկին բարելավել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ արևմտյան դիվանագիտությունը ստիպված է լինելու դիտարկել նման հեռանկարը:

Այժմ ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններին հասցված վնասից ազատվելն է: Այս հարցում երկու կողմն էլ սխալներ են գործել, սակայն մեծագույն սխալն Օբամայի վարչակազմինն էր, որը որոշեց աջակցել սիրական քրդական ուժերին, որոնց Անկարան դիտարկում էր որպես ահաբեկչական վտանգ ներկայացնող ուժեր: Իրավիճակն այդ օրվանից միայն էլ ավել էր վատթարանում, ուստի այժմ Վաշինգտոնը պետք է փնտրի հասցված վնասից ազատվելու հնարավորություն, գրում է Բերմանը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է Ամերիկայի համար հիանալի հնարավորություն դառնալ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու և միաժամանակ Ռուսաստանի էքսպանսիոնիզմի դեմ պայքարելու համար: