«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհաքաղաքական նոր տնտեսական ճակատի ստեղծումը․ Վահան Վարդանյան

14/09/2023

Վերջերս միջազգային մամուլում մեծ իրարանցում առաջացրեց G20-ի գագաթնաժողովի արդյունքում հրապարակված նոր Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա ճանապարհի նախագիծը։ Ինչպես հայտնի է այդ նախագիծը շրջանցելու է տարածաշրջանի կոմունիկացիաները վերահսկելու գլխավոր հավակնորդներին՝ Թուրքիային և Իրանին, որոնք արդեն իրենց դժգոհությունն են հայտնել նոր նախագծի վերաբերյալ։ Այնուամենայնիվ որքան էլ շատ է քննարկվում ճանապարհի կառուցման իրատեսականությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա թեժ կետերը, նախագծի կարևորությունը հասկանալու համար անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի գլոբալ մակարդակում։

Աշխարհաքաղաքականության մեջ դասակարգվում են գերտերությունների երկու տեսակ՝ Եվրասիայի մեծ մասը զբաղեցնող ցամաքային գերտերությունները (Heartland) և այդ տարածքը շրջապատող ծովային գերտերությունները (Rimland)։ Այս բաժանումը տեսությունների մակարդակով առաջացել է 1904-1940 թթ․, որոնց հիման վրա Սառը պատերազմի ընթացքում ձևավորվեց երկու հակադիր խմբավորումների պայմանական սահմանագիծը։

Տարբեր տարիների ընթացքում այդ սահմանագիծը ենթարկվել է փոփոխությունների, բայց սկզբունքը նույնն է մնացել։ Եթե ուշադիր ուսումնասիրենք համաշխարհային քարտեզը կարող ենք նկատել, որ ամերիկյան ռազմաբազաները Եվրասիայի տարածքում կորագծով տարածվում են Սկանդինավյան թերակղզուց մինչև Ճապոնիա։ Դրանով ԱՄՆ-ն իր դաշնակից ծովային պետությունների հետ (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Հնդկաստան) փաստացի շրջափակման մեջ է պահում Եվրասիական պետություններին (Ռուսաստան, Չինաստան, Պակիստան, Իրան)։ Վերջիններս ամեն կերպ ձգտում են ճեղքել այդ շրջափակումը։

Ժամանակակից հակամարտությունների ու թեժ կետերի մեծ մասը գտնվում է հենց այս սահմանագծի վրա։ Արդեն երկրորդ տարին է ընթանում է Ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքը հայտնի է իր թեժ կետերով, սառեցված վիճակում են գտնվում Հնդկա-պակիստանյան հակամարտությունը, Թայվանի խնդիրը, Հյուսիսային ու Հարավային կորեաների հակամարտությունները։ Որոշակի պարբերականությամբ այս հակամարտությունները ակտիվանում են։ Ընդամենը երկու օր առաջ ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված հոդվածով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ֆրենկ Քենդալլը կոչ է արել ամերիկյան իշխանություններին արագացնել պատրաստությունները Թայվանի համար Չինաստանի հետ սպասվող պատերազմում, որը Չինաստանի աճող ռազմական ներուժի պայմաններում գնալով անխուսափելի է դառնում։

Ինչ վերաբերվում է Հնդկաստանին, ապա այն ավանդաբար համարվել է Եվրասիական երկրների զսպման հարավային սահմանագիծը, բայց այդքանով հանդերձ փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել երկու կողմերի հետ։ Այնուամենայնիվ նոր կառուցվող ճանապարհը ուղղակի հարված է Եվրասիական երկրներին, որը խոչնդոտում է Չինաստանի կողմից կառուցվող «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին, մյուս կողմից հնդկական նախագծով տարածաշրջանի գործընթացներից դուրս են մղվում Իրանն ու Թուրքիան։ Սրանով փաստացի հակամարտող կողմերի միջև նոր սահմանագիծ է ստեղծվում Եվրասիայի հարավ-արևմուտքում։ Նախագծի գործարկման արդյունքում կարող ենք կանխատեսել, որ ապագայում Մերձավոր Արևելքի մի շարք թեժ կետեր կրկին ակտիվանալու են։ Առավել ևս որ ճանապարհը Միջերկրական ծով է դուրս գալու Իսրայելի Հայֆա նավահանգստով, որը շատ մոտ է գտնվում Լիբանանի սահմանին տեղակայված իրանամերձ Համաս խմբավորման դիրքերին։

Ստեղծված իրավիճակը ամենևին չի բացառում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ճանապարհների գործարկումը։ Ընդհակառակը ավելի է մեծացնում Անդրկովկասի և մասնավորապես Հայաստանի հանրապետության նշանակությունը՝ եկամտաբեր ճանապարհների համար մղվող պայքարում։ Հայաստանը հին ժամանակներից սկսած և հիմա նույնպես գտնվում է երկու աշխարհների սահմանագլխին՝ կազմելով յուրօրինակ խաչմերուկ։ Ուստի երկու խմբավորումների միջև պայքարի ակտիվացմամբ կրկին առաջանալու է Հայաստանը վերահսկելու խնդիր։ Այստեղ արդեն մեծապես մեզնից է կախված, մենք կդառնանք գերտերությունների համար, գաղութ, թե ցանկալի դաշնակից։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող