«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտարարություններն այդպես էլ վերջնագրերի չեն վերածվում․ Աշոտ Ներսիսյան

24/10/2020

Շուտով կլրանա մեկ ամիսը Արցախի համար մղվող պատերազմի: Արդյունքում հայկական կողմը ձախողել է հակառակորդի կայծակնային պլանը, պատերազմն ընթանում է ավելի թույլ ինտենսիվությամբ, բայց դեռևս դժվար է կանխատեսել ավարտը: Ակնհայտորեն պարզ է, որ ցայսօր հայ զենքի հաջողություններին, համենայն դեպս պաշտոնական լրատվության հիմամբ, դեռևս չեն հաջորդում դիվանագիտական հաջողությունները, որոնց ակնկալելն արդեն  անիմաստ զբաղմունք է՝ առանց զենքի հաջողությունների: Պարզ է նաև, որ դեռևս չի եկել այն պահը, երբ  մեծ խաղացողների համար պարզ լինի, թե ու°մն է վերջնական հաղթանակը, որի դեպքում մի կողմից արդեն բացահայտ կլինի դիվնագիտական լուծման համար գործնական քայլերի գնալը, որն ինքնին միջամտության կբերի հակառակ կողմին: Այստեղ արդեն  որոշիչը չեն լինի մեր և թշնամի կողմի շահերը, այլ՝ երկուսիս իրավիճակով պայմանավորված մեծ խաղացողների շահերը, որոնք այս պահի դրությամբ դեռևս անսասան են: Ասվածի հետնախորքի վրա դժվար է հասկանալ, ասենք, օրինակ, Պուտինին Արայիկ Հարությունյանի  նամակը, մի անձնավորության, որը պատերազմի սկզբնավորումով խորհրդանիշն էր դարձել սեփական ուժերով հաղթանակի, իսկ հիմա պատմական ակնարկների մեջբերումով Պուտինից խնդրում է միջամտություն խնդրի քաղաքական լուծմանն անցնելու համար: Հարց է առաջանում՝ ի°նչ է նշանակում քաղաքական լուծում՝ վերադարձ հին ֆորմատով բանակցությունների, որը պարտադրված է ԵԱՀԿ և ՄԱԿ-Ի կողմից և որի անհրաժեշտության մասին խոսեց Լավրովը և որը ենթադրում է յոթ շրջանների զիջում, թե° պարզապես Պուտինի միջամտությամբ պատերազմի դադար, որից հետո բանակցություններ նոր ֆորմատով: Բայց այն դեպքում, երբ պարզ է նրանց կողմից առաջադրված ֆորմատը՝ ի°նչ հետևանք պետք է ունենա այս նամակը: Մանավանդ, որ արդեն հայտարարվել է, որ ՀԱՊԿ – ի անդամ երկիր չէ Արցախը, որի համար միջամտի այս կառույցը:  Իսկ ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ ուժերին, ապա դրանց տեղադրումն էլ հակամարտող կողմերի միջև դյուրին խնդիր չէ, որովհետև դրանով Ռուսաստանը կխախտի այն համաձայնությունը, որի շրջանակներում որպես համանախագահող երկիր գործել է Մինսկի խմբում և որը լայն դժգոհությունների առիթ կտա: Միգուցե Ա. Հարությունյանը ցանկանում է քաղաքական լուծում ասելով վերադառնալ նախկին ֆորմատով բանակցություններին, բայց այդ դեպքում ինչու° դրան չէին գնում պատերազմից առաջ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նա շարունակում է հետամուտ լինել  հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին, որ մեր փրկիչը ռուսն է և նա կարող է մեզ միայն օգնել: Բայց ի°նչ է նշանակում օգնել, միգուցե գրավե°լ Արցախը: Հաստատ դա ոչ ինքն է ուզում, ոչ էլ հեշտորեն կհանդուրժեն մյուս մեծ խաղացողները: Կարծես թե մենք նորից վերադառնում ենք Զորի Բալայանի նամակի հայեցակարգերին, համաձայն որոնց մենք ռուսներին սովորեցնում ենք, թե իրենք ի°նչ պետք է անեն, կամ ո°րն է իրենց շահը: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք Արցախի նախագահի այս նամակի մեջ միայն որոնել խաղաղության հասնելու նրա ձգտումը, որը բխում է ազնիվ մղումներից, բայց որը մեր խորին համոզմամբ Ռուսաստանին առայժմ ոչ մի քայլի չի մղելու: Օրերս անընդհատ շրջանառվում է Պուտինի այն արտահայտությունը, որ արցախյան խնդիրն սկսվել է հայ ժողովրդի նկատմամբ Սումգայիթում և այլուր դաժանույթուններից, այսինքն՝ ազերիների խնդիրը եղել է էթնիկ զտումը, քան տարածքային հարցերը: Դա շատ խորը և դրական վերաբերմունքով վերլուծությունների տեղիք տվեց: Բայց հարց է առաջանում՝ ինչի° համար են իրականացվում նման զտումները, եթե ոչ տարածքային խնդիրների: Չէ°  որ Արցախյան խնդիրը հենց տարածքային խնդիր էր. տարածքի վրա ապրած մեծամասնության ինքնորոշման իրավունքով պայմանավորված: Հայոց մեծ ցեղասպանությունը, որը էթնիկ զտում էր, միթե° տարածքային խնդիրներով չէր հիմնականում պայմանավորված: Այնպես որ Պոըտինը նոր բան չի ասել և դա  չի նշանակում, որ նա վարելու է հայամետ դիրքորոշում: Իրոք մեր զգացմունքները կրկին  իշխող են դառնում մեր բանականության վրա:

Արևմտամետներն էլ կարծես ոգևորված սպասում էին, որ հեղաշրջում կբերեն Պոմպեոյի հետ հանդիպումները: Իսկ ի°նչ բերեցին.  դարձյալ երկու կողմերին ուղղված հայտարարություն այն հիմքով, որ խնդիրը չունի ռազմական լուծում և պետք է վերադառնալ բանակցությունների դաշտ: Եվ ոչինչ ավելի:

Հընթացս արցախյան պատերազմի աշխարհասփյուռ հայությունը ճանպարհներ է փակում, պահանջում է դատապարտում, որը չի ուշանում, Արցախի ճանաչում, որն անում են քաղաքներ, ԱՄՆ սենատի ներկայացուցիչների պալատ բանաձև են այդ մասին արդեն ծրագրում մտցնել սենատորներ և այլն: Թող ճանաչեն: Քաղաքային խորհուրդների ճանաչումները նշանակությունը բարոյական նշանակությունից այն կողմ չեն անցնում, իսկ պետությունների ճանաչումը, որն անշուշտ դրվատելի է, հաստատ չի հանգեցնելու որևէ կոնկրետ միջամտության հօգուտ Արցախի: ՀՀ վարչապետը հայտարարում է «անջատում հանուն փրկության», Արցախի արտգործնախարաը գտնում է՝ «ճանաչում հանուն փրկության»:  Վարչապետը ճիշտ է՝ փրկվելու համար անջատվելն է ճիշտ: Բայց Արցախը վաղուց անջատված է և այսօր կարևորն այդ անջատված քաղքական միավորն ամուր պահելն է:  Պատերազմը շարունակվում է: Արցախի ճանաչումն էլ չի կանգնեցնելու այն: Աշխարհը եթե ճանաչի էլ՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն ճանաչելու, ԱՄՆ – ը  չի ճանաչելու, Ֆրանսիան էլ դժվար ճանաչի: Եթե ճանաչեն էլ՝ մեզ օգնության չեն փութալու:

 Այն տպավորությունը կա, որ վերևներում հստակեցված չեն անելիքները: Դա վերաբերում է նաև Ադրբեջանի վերևներին: Արտգործնախարարները գնում են հանդիպումների, հրադադարի և զինադադարի հայտարարություններ են անում, բայց ոչինչ չի փոխվում: Միջազգային հանրության կարծիքը, նույնիսկ ՆԱՏՕ –ի, Էրդողանի համար եղած կամ չեղած: Պուտինն ու Էրդողանը խոսում են հեռախոսով, քննարկում են հարցեր, վերջում անդրադառնում Արցախին, բայց երկուստեք մղվող կռիվը նրանց համար եղած կամ չեղած: Երկրորդ տպավորությունն  այն է, որ կարծես դիտավորյալ թողնված է, որ երկու կողմերը մաշեն իրար, հետո խաղաղություն աղերսեն: Ընդհանրացումը մեկն է՝ հայտարարությունները չեն վերածվում վերջնագրերի՝ պատերազմը դադարեցնելու առումով: Կվերածեն, երբ այն վտանգի իրենց շահերը: Ուրեմն մնում է կռիվը: Միայն կռվով կարող ենք ստիպել մեծերին, որ երկու կողմերին բերեն բանակցությունների դաշտ: Իսկ այդ դաշտում կրկին նստելը այլևս ենթադրում է հնի բացառում և նորի սկիզբ: Իսկ ո°րն է այդ նորը՝ դժվար է պնդել: Դա հաստատ չգիտեն նաև Թրամպը, Պուտինը, Մակրոնը: Չգիտի նույնիսկ Էրդողանը: Սա է անողոք ճշմարտությունը:

Աշոտ Ներսիսյան                                                                                                                                                                  ․

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր