«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2021թ. Հարավային Կովկասում ակտիվ էին աշխարհաքաղաքական բոլոր խաղացողներն առանձին դրվագներով. Լուկիանով

06/01/2022

«Անցած տարին Հարավային Կովկասի համար ոչ պակաս բարդ ու ինտենսիվ էր, քան 2020 թվականը, որը տարածաշրջանում մի քանի հազար կյանք խլեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական տարին, ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:

Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա ծանր պատերազմից հետո սկսվեց տարածաշրջանում ակտիվ վերադասավորումների գործընթաց բոլոր դերակատարների, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասնակցությամբ:

Ըստ նրա, պատերազմից հետո դեռ ընթանում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի ձևավորման գործընթացը, որում առանցքային դեր ցանկանում են ունենալ երեք երկիր՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, բայց միայն նրանցով գործընթացը չի սահմանափակվում, քանի որ Արևմուտքն էլ իր հերթին՝ ցանկանում է իր համար վերահսկելի միջավայր ունենալ, մասնակցել տարածաշրջանի բոլոր խնդիրների կարգավորմանը, ինչը լավ չի հաջողվել:

«Ռուսաստանը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ որպես խաղացող, դիվանագիտական գործընթացը բոլոր ուղղություններով առաջ է տարել. խոսքն ապաշրջափակման եռակողմ բանակցությունների մասին է, այսօր արդեն դեմարկացիա-դելիմիտացիայի մասին է:

Ռուսաստանի նախագահը բարձրաստիճան երկու հանդիպում է կազմակերպել 2021թ., որոնց արդյունքում կարևոր քայլեր են համաձայնեցվել: Իհարկե, այս գործընթացն ունեցել է թշնամիներ, արժանացել է լուրջ հակազդեցության, Արևմուտքն անընդհատ այս հարցով թակել է Ռուսաստանի «դուռը», իսկ Ռուսաստանն առաջարկել է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն Արևմուտքը չի կարողանում օգտագործել:

Տարածաշրջանային զարգացումները տարբեր դրվագներ են ունեցել՝ ըստ մասնակիցների: Երևի թե կարելի է տարանջատել ռուսական քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ԱՄՆ-ի ակտիվությունը, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչմամբ, ԵՄ-ն՝ ֆինանսական ներդրումներով, Իրանը՝ փորձելով վերադասավորվել և Բաքվի հետ սրացմամբ, որը շուտ հարթվեց, սակայն մի փուլում այդ սրացումը պայթյունավտանգ էր թվում: Մի առանձին դրվագ էլ Թուրքիայի ակտիվությունն է, Թուրքիան Հարավային Կովկասում իր քաղաքականությունը կոորդինացնում է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ, ու տարվա ընթացքում նախապատրաստվեց հայ-թուրքական գործընթացը, որը կսկսվի այս տարի ու հիմքեր կնախապատրաստի տարածաշրջանի ապաշրջափակման համար: 2021թ․ փոփոխություններ եղան նաև Վրաստանի տարածաշրջանային դրսևորումներով, ականատեսը դարձանք ավելի ակտիվ, նախաձեռնողական վրացական քաղաքականության, միջնորդության փորձերի, խաղաղ տարածաշրջան ստեղծելու մասին ծրագրերի: Բայց մինչ դա դեռ կշարունակվի՝ տարածաշրջանային զարգացումների այն դինամիկան, ինչի ականատեսը եղել ենք անցած տարվա ընթացքում, քանի որ տարածաշրջանում նախ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պրոցեսները չեն ավարտվել, դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար պայքարող տերությունները ևս չեն հստակեցրել իրենց դիրքերը:

Այս տարեվերջին պատկերը կսկսի պարզ դառնալ, իսկ առաջիկա ամիսներին դեռ անկայուն, տարերային զարգացումները կշարունակվեն, քանի որ, բացի տարածաշրջանային օրակարգերից, կան գլոբալ այլ զարգացումներ, մասնավորապես՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտություն, որը դրսևորվում է Ուկրաինայի շուրջ, և այստեղ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել: Իսկ տարածաշրջանում, կարծում եմ՝ շատ բան պարզ կդառնա, կլինի առաջընթաց հայ-ադրբեջանական բանակցություններում, նաև հայ-թուրքական բանակցություններում, անորոշ է մնում Ղարաբաղյան բանակցությունների հեռանկարը, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեռ ակտիվ չի աշխատում, իսկ այդ բանակցությունները կարող է իրականացնել ՄԽ-ն, մնացած բոլոր շահագրգիռ դերակատարները հետևողականություն չեն կարողանում ապահովել այս հարցում և կորցնում են այս հարցում առաջընթացի հնարավորությունները»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, այս ամենին զուգահեռ՝ ներքին լարված կյանքը շարունակվելու է, գուցե ավելի խորանա, քանի որ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հնարավոր երկխոսության պայմանները հասկանալի չեն շատերի համար, ինչը է՛լ ավելի է սրում ներքին տրամադրությունները: