«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում. Արայիկ Մկրտումյան

25/10/2023

Այսօր հայ-ռուսական հարաբերությունները, թերևս, գտնվում են իրենց պատմական միմիմումի վրա: Դա իհարկե այն դեպքում, եթե մենք այդ հարաբերությունները դիտարկենք որպես բարեկամական: Ընդհանրապես ազգերի բարեկամության մասին շատ է խոսվում այն դեպքում, երբ միմիյանց հետ «եղբայրական» համարվող ազգերի պետությունները չեն կարողանում պետական մակարդակով պահպանել իրենց «ազգային եղբայրության պետական մակարդակը»:

Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ դիտարկել դաշնակցային, առավել ևս եղբայրության տեսակետից: Շատ պարզ այն պատճառով, որ հայերն ու ռուսները երբեք էլ դաշնակից ու եղբայր չեն եղել: Չափից ավելիշատ են տարբերությունները եղբայր ու դաշնակից լինելու համար: Ռուսներին մենք չենք այս տարածաշրջան բերել, մենք չենք նրանց հետ ռազմական համագործակցության հետ մտել, ԽՍՀՄ-ը հայ-ռուսական ծրագիր չէր: 90 տոկոս դեպքերում հայկական մասնակցությունը ռուսական որևէ պրոյեկտի՝ հարկադրված է եղել, թեև միշտ ամփոփվել է դարավոր եղբայրության մասին կեղծ հավաստիացումներով: Եվ ոչ միայն ռուսների ու ոչ միայն հայկական պարագայում: Թեհրանում կայացած 3+3 հանդիպումը, որ խոշոր հաշվով ռեգիոնալ անվտանգության հարցում մի պահ շունչ քաշելու նպատակ է հետապնդում՝ ընդգծելով Իրանի դերը՝ կրկին խոսվել է եղբայրության մասին, այն էլ հազարամյա եղբայրության հայ և պարսիկ ժողովուրդների միջև: Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ հայ-պարսկական թշնամության մասին ավելի շատ կարելի է խոսել և օրինակներ գտնել, քան եղբայրության, բայց դիվանագիտական էթիկան ստիպում է միմյանց ժպտալով հայհոյել, այնպես, որ ստացվում է որ բոլոր իրար հանդիպողները կամ եղբայր են ու բարեկամ, կամ էլ անխոս հարգում են դիմացինի իրավունքները: Այդ դեպքում էլ ինչո՞ւ պատերազմել, եթե  ամեն ինչ այդքան լավ է:

Շատ պարզ այն պատճառով, որ այդ ժողովուրդները եղբայրներ չեն ու եթե նրանցից մեկը կարողանա վաճառել դիմացինին հանուն իր շահի՝ կանի անգամ մեկ վայրկյան չկասկածելով իր իրավացիության մեջ:

Երկու օր է, ինչ ռուսական մամուլում հակահայկականության ընդգծված ալիք է բարձրանում: Հայերին մեղադրում են հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, աղավաղում են հանդիպումների ընթացքում արված հայտարարությունները, արգելում հայկական համարանիշներով մեքենաները, վիրավորված սպառնում են ռուսական ալիքները անջատելու հայկական տրամադրվածությանը: Կարելի է ասել, որ բավական լարված մթնոլորտ է:

Բայց նախքան կոնկրետ հայտարարություններին կամ սպառնալիքներին անցնելը եկեք հասկանանք, թե ինչո՞ւ այդպես եղավ: Արդյո՞ք Փաշինյանը եկավ ու «հարամեց»  դարավոր եղբայրությունը, թե դրանք մշտապես են այդ որակի եղել, պարզապես միշտ  մի աչքով է ընդգրկվել և ամեն ինչ չէ որ բարձրաձայնվել է: Այնպես չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում հանկարծակի խնդիրներ սկսվեցին: Դրանք պարզապես սկսեցին երևալ այն բանից հետո, երբ Հայաստանը փորձեց ռուսական գծից շեղվել: Ասել կուզի, որ Ռուսաստանը ոչ թե մեր եղբայրն է, այլ «մեծ եղբայրը», ով ոչ միայն հոգ է տանում ու պաշտպանում, այլ նեղանում ու պատժում, երբ իրեն չեն լսում: Իսկ ռուսները ծանր ձեռք ունեն:

Կարելի է անվերջ քննարկել և շեշտել, որ «սա այսպես ասաց, նա այնպես ասաց», օրերով քննարկել ինչ որ արտահայտություններ ու ոչինչ էլ չփոխել կամ էլ պետական քաղաքականության հիմքից հանելայդ «եղբայրությունը» և անցնել պետական և պաշտոնական հարցերի:

Նախ և առաջ ընդունել, որ ռուսները եղբայրներ չեն ու երբեք էլ չեն եղել: Ոչ միայն ռուսները, այլ ոչ ոք: Հայ ժողովրդի բեռն ու տանջանքը թերևս միայն ասորիներն ու եզդիներն են կիսել, ովքեր հարյուր տարի առաջ էլ են մարտնչել ու զոհվել հանուն ՀՀ անկախության, երեք տարի առաջ էլ ու եթե ինչ որ մեկին կարող ենք բարեկամ համարել, ապա միայն նրանց: Եղբայրությունը դա է, երբ դու կիսում ես ինչ որ մեկի ցավը, ոչ թե հաշվեկշիռներ ու քաղվածքներ պատրաստում, իսկ ռուսները երբեք էլ մեր ցավը չեն կիսել, որը լրիվ տրամաբանական է: Երբ դուրս ես գալիս «եղբոր սինդրոմից» ամեն ինչ շատ ավելի հասկանալի ու հաշվելի է: Մենք ի վերջո պիտի կարողանանք մի օր հրաժարվել այդ եղբայրությունից, քանի դեռ այն մեզ ավելի ծանր իրավիճակներում չի դրել:

Ու ոչ միայն ռուսները մեր եղբայրները չեն, այլև մենք էլ ռուսների եղբայրները չենք: Ուզենք թե ոչ, բայց ռուսների հետ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են ուժեղի ու թույլի, հրամայողի ու խնդրողի մակարդակով և բնական է, որ հրամայելուն սովոր Ռուսաստանը զայրանում է, որ Հայաստանը «ապերախտություն է անում» ու մոռանում «լավությունները»

Այս պարագայում միայն մի բան կարելի է անել: Մի կողմ դնել եղբայրական վարդագույն ակնոցները, ռուսներին պաշտոնական մակարդակով արձագանքել վերջին օրերի պահվածքի համար և առհասարակ մոռանալ եղբայրության, բարեկամության և նման այլ գեղեցիկ, բայց անօգուտ բաների մասին: Ոչ միայն ռուսների, այլև մյուս բոլորի հաշվով: Ի վերջո խնդիրը ռուսները չեն, այլ ամեն մեկի պետական ու ազգային շահը, բայց մենք պնդերեսություն ենք անում ու  պահանջում, որ ռուսները եղբայր լինեն: Բնական է, որ մի օր եղբայրությունից սթափվելը ծանր է լինելու: Բայց դա ինքնիշխան պետության առաջին պայմանն է՝ չլինել ոչ ոքի հովանավորյալն ու առավելապես եղբայրը, որի բարոյական պարտականությունները հաճախ ավելի ծանր են քան մի ամբողջ ռազմատուգանք:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող