«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կա վտանգ, որ Թուրքիան կփորձի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում. Աբրահամյան

24/02/2022

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ, դեռ որ միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներմ Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ բացառելի չեն։

Այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ, կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։

Ի դեպ, այս վտանգը կա նաև այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ակտիվ ազդեցության պայքարի մեջ է Թուրքիայի կամ այլ դերակատարների հետ։

Այնպես որ ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։