ՓՈԹՈՐԿՈՒՆ ԾՈՎԻՑ ԱՓԸ ՉԵՆՔ ԳՏՆՈՒՄ. Աշոտ Ներսիսյան (Քաղաքական պոեզիա)
Քաղաքագետ ենք դարձել ազգովի,
Բայց չենք մտածում երբեք յուրովի:
Դարերի երթում չենք խելոքանում,
Երբ լոկ խոսքով են մեր ցավը տանում:
Մեր Մեծ Եղեռնն են շուկաներ հանում
Ու զգացմունքը մեր խելքն է տանում:
Այսօր ողբում ենք բախտը Արցախի,
Մտածելով, որ «մեզ էլի ծախին»:
Հավատա՝ ոչ մեկն էլ մեզ չի ծախել,
Մատնանշված ճիշտ ուղուց ենք փախել:
Հիմա ահավոր լաբիրինթոսում,
Էլ չգիտես ո°վ և ի°նչ է խոսում:
Մեր լինելության ոսկին է կորչում
Անիմաստության ահավոր որջում:
Ամեն ոք ունի ուրույն բանալի,
Բայց ելքն է, ավա˜ղ, աննշմարելի:
Եղբայր, էլ բա´վ է, հոգսերիդ նայիր,
Ուրիշ գործ չունե°ս, այդքան մի´ վայիր:
Նախորոշված էր ամեն ինչ վաղուց,
Բայց մենք խելքից ենք շարունակ կաղում:
Փոթորկուն ծովից ափը չենք գտնում,
Լուսաբացից է մեր օրը մթնում...
Աշոտ Ներսիսյան «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
17.11.2020